Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու նոր նախարարը

Հունվար 18,2011 00:00

Որպես արդարադատության նախարար՝ իր առաջին ասուլիսում Հրայր Թովմասյանը խոստացավ իրականացնել բարեփոխումներ:

«Ակնհայտ է, որ արդարադատության նախարարության համակարգը բարեփոխումների կարիք ունի: Բարեփոխումները սովորաբար իրականացվում են կա՛մ շոկային՝ հեղափոխական եղանակով, կա՛մ աստիճանական՝ հայեցակարգային: Մենք կողմ ենք այս երկրորդ ճանապարհին,- նշված էր երեկ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ասուլիսի ընթացքում բաժանված ծրագրային հայտարարությունում:- Առաջին հերթին՝ պետք է մշակվի արդարադատության նախարարության եւ ենթակա կառույցների նոր հայեցակարգ, այսպես կոչված՝ երկարաժամկետ ռազմավարական ծրագիր: Այն պետք է հստակորեն նշի նպատակները, նպատակներին հասնելու ժամանակացույցը, քայլերը, չափորոշիչներն ու անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներն ու աղբյուրները»: Մինչ ծրագրերը ներկայացնելը՝ պրն Թովմասյանը հայտարարեց. «Չկա՛ն անլուծելի խնդիրներ՝ կան դրանք լուծելու կարողություն եւ ցանկություն չունեցող մարդիկ»:
Իրականացվելիք բովանդակային բարեփոխումների մեջ նշվեց հետեւյալը՝ բացահայտել օրենսդրության մեջ բյուրոկրատական քաշքշուկների համար պարարտ հող նախապատրաստող դրույթները, կոռուպցիոն ռիսկերը եւ վերացնել դրանք, պարզեցնել առկա բոլոր ընթացակարգերը, կրճատել ժամկետները: Որպես օրինակ՝ նախարարը նշեց, թե ամուսնության գրանցման համար տրվում է 1-3 ամիս ժամկետ, սակայն իր հանձնարարականի համաձայն՝ առաջիկայում դրա համար կպահանջվի 5 կամ 7 օր:
«Կարող եմ մի գաղտնիք բացել,- ասաց Հրայր Թովմասյանը:- Ունենալու եմ մի փոքրիկ թիմ, որը ժամանակ առ ժամանակ այցելելու է այն բոլոր ծառայությունները, որոնք արդարադատության նախարարության ենթակայության ներքո են, բայց ոչ որպես ԱՆ աշխատակիցներ, այլ որպես մարդիկ, որոնք ուզում են անունը փոխել, գործարք իրականացնել եւ այլն: Եվ տեսնելու եմ, թե սովորական քաղաքացու աչքերով՝ այդ ամենն ինչպես է կատարվում, եւ ինչ խնդիրներ են առաջանում»:
Քրեակատարողական հիմնարկներն արդարադատության նախարարը բնորոշեց իբրեւ «ամենախոցելի» եւ ամենաշատ դժգոհություն առաջացնող կառույցներից մեկը: Այս կապակցությամբ թեեւ նշվեց քրեակատարողական հիմնարկների պայմանների, բժշկական սպասարկման, կադրերի որակի բարելավման մասին, սակայն Հրայր Թովմասյանը մի խստացնող փոփոխության մասին էլ ակնարկեց. «Բոլորին հայտնի է, որ ՔԿՀ-ներում դատապարտյալների մոտ ոչ օրինական կարգով հեռախոսներ են պահվում: Կարելի է գնալ, 1-2-ին բռնել, պատժել, մի 10 օր չեն ունենա: Դրանից հետո կամաց-կամաց կսկսեն ունենալ: Միգուցե լուծումն այն է, որ այնտեղ այնպիսի սարքավորումներ տեղադրվեն, որ ընդհանրապես որեւէ բջջային հեռախոս չաշխատի»: Եվ քանի որ հետո խոսեց քրեակատարողական քաղաքականությունը լրջորեն վերափոխելու անհրաժեշտության՝ մասնավորապես «կազարմային խցեր ունենալուց աստիճանաբար հրաժարվելու» եւ «քաղաքականությունը դեպի մարդասիրականը» փոխելու մասին՝ «Առավոտը» հետաքրքրվեց, թե իսկ ինչո՞ւ չարժե դատապարտյալներին թույլատրել օրինականորեն ունենալ բջջային հեռախոսներ: Նախարարը մասնավորապես պատասխանեց, թե ՔԿՀ-ներում նման հեռախոսներն արգելված են ողջ աշխարհում. «Համամիտ չեմ, որ պետք է ազատազրկման դատապարտվածին թույլ տալ ունենալ բջջային հեռախոս, քանի որ սա չի համատեղվում անձի ազատության սահմանափակման հետ: Եվ սա չի տեղավորվում մարդուն ազատությունից զրկելու ողջ տրամաբանության մեջ»: Սակայն դեռ 2002-ին ընդունված «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով սահմանված է. «Ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերը ձերբակալված եւ կալանավորված անձանց կապն ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ ապահովելու համար ստեղծում են համապատասխան պայմաններ: Այդ նպատակով ստեղծվում են տեսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ, լրատվական միջոցներից օգտվելու հնարավոր պայմաններ»: Նկատենք, որ այնուամենայնիվ, բջջային հեռախոսն էլ է կապի հնարավոր միջոց:

Հ. Գ. Ասուլիսից ընտրել էինք այն քայլերի մասին խոստումները, որոնք վերաբերում են բնակչության առավել լայն շերտերին: Սակայն մի բացառություն կանենք: Այն բողոքի առնչությամբ, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից Նիկոլ Փաշինյանի նամակներից ընդամենը մեկն է հասել «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն՝ Հրայր Թովմասյանն ասաց. «Նամակների հետ կապված նշանակվել է ծառայողական քննություն եւ արձանագրվել, որ դրանք չեն եղել»: Եվ խորհուրդ տվեց, որ այդ նամակները՝ որպես բողոք, ուղարկի արդարադատության նախարարին. «Դրանք չեն կարող ինձ չհասնել, եւ ես խոստանում եմ, որ խմբագրություն կտեղափոխեմ: Ինձ համար մի քանի հարցեր կան, որոնք ես պարզապես չեմ հասկանում: Այսինքն՝ ինչո՞ւ այդ մեկը փոխանցեց, այլ ոչ թե 15-ը: Ինչո՞ւ երբ որ փաստաբանի հետ հանդիպեց՝ չփոխանցեց: Ինքը այլ հանդիպումներ էլ է ունեցել եւ այդ միջոցով կարող էր փոխանցել: Ծառայողական քննության արդյունքների մի մասը կա, ամբողջությամբ ինձ չի գոհացնում, կնշանակեմ նոր ծառայողական քննություն, եւ եթե տեղի է ունեցել խախտում՝ խոստանում եմ, որ մեղավորներին կպատժեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել