Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱՀ-Ը ՉԻ՞ ՀԱՍԿԱՑԵԼ «ԳԱԼԱ»-Ի ԲԻԶՆԵՍ ԾՐԱԳԻՐԸ

Հունվար 18,2011 00:00

\"\"Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատերը պարզաբանում է, թե ինչու էին իրենց մրցութային առաջարկում նշել օճառի եւ լվացող-մաքրող
միջոցների արտադրության հեռանկարների մասին:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կայքէջում հրապարակվել է դեկտեմբերի 23-ին կայացված թիվ 124-Ա որոշման հիմնավորումը՝ Շիրակի մարզում հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթում «ՑԱՅԳ» ընկերությանը հաղթող ճանաչելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ՀՌԱՀ ներկա բոլոր 7 անդամներն այդ օրը «Ցայգ»-ին նշանակեցին նույն՝ 6 գնահատականը, իսկ նրա մրցակցին՝ «Գալա» հեռուստաընկերությունը հեռարձակող «ՉԱՊ» ՍՊԸ-ին նույնքան միահամուռ նշանակեցին 2:
Համադրելով հաղթողի ընտրության համար օրենքով սահմանված չափորոշիչները՝ ՀՌԱՀ-ը պարզել է, որ «ՉԱՊ» ՍՊԸ սեփական արտադրության հաղորդումների միջին ծավալը կազմում է ընդհանուրի 60%-ը՝ ըստ հայտի, իսկ «ՑԱՅԳ» ՍՊԸ-ինը՝ 66,9%՝ ըստ ՀՌԱՀ-ի հաշվարկի: Նշենք, որ դեկտեմբերի 23-ի ասուլիսում ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանից ԱԼՄ-ի եւ «Երեւան»-ի մրցակցության առնչությամբ էինք հետաքրքրվել, թե ինչո՞ւ են առաջնորդվել սեփական հաշվարկներով. «Որովհետեւ ձեւաչափերը շատ տարբեր են: Հեռուստաընկերությունը մի դեպքում գրում է՝ իմ հայրենական հաղորդումների ծավալը եթերում լինելու է այսքան տոկոս, որից սեփականը կլինի այսքան: Մեկ այլ ընկերություն գրում է, թե այս թվին կլինի այսքան տոկոս հայրենականն ու սեփականը, մյուս տարի՝ այնքան: Հաշվարկի թվերը բացարձակացնելու եւ իրար հետ համեմատելու համար կա նման անհրաժեշտություն, որ ՀՌԱՀ-ը դրանք բերի միասնական ձեւի»: Ահա եւ «ՑԱՅԳ»-ին առավելություն տվող 2 չափորոշիչներում ՀՌԱՀ-ն առաջնորդվել է սեփական հաշվարկներով: Նաեւ հայրենական արտադրության հաղորդումների ծավալի վերաբերյալ է նշված, թե «ՉԱՊ» ՍՊԸ-ինը կազմում է ընդհանուրի 80%-ը՝ ըստ հայտի, իսկ «ՑԱՅԳ» ՍՊԸ-ինը՝ «Միջին հաշվարկով կազմում է ընդհանուրի 85,1%-ը (ըստ ՀՌԱՀ-ի հաշվարկի)»:
Երրորդ չափանիշի կապակցությամբ, որը կարծես առաջնային է դարձել ՀՌԱՀ-ի համար այս մրցույթներում՝ նշված է. «ՉԱՊ» ՍՊԸ բիզնես ծրագրի առաջին բաժինը՝ 4-7 էջ, նվիրված է ընկերության պատմությանը, երկրորդ բաժինը՝ 8-14 էջ, հիմնադրի կողմից 2005 թվականին ստանձնած պարտավորությունների կատարմանը եւ «ՉԱՊ» ՍՊԸ մեկ այլ գործունեության տեսակի՝ օճառի եւ լվացող-մաքրող միջոցների արտադրության հեռանկարներին: Հեռուստաընկերության զարգացման ծրագրերը ներկայացված են միայն հեռուստածրագրերի մասով ծրագրային քաղաքականությանը վերաբերող բաժնի «Նախատեսված հաղորդումների ցանկը» ենթաբաժնում: Բացակա են այն հիմնավորումները, որոնք երաշխավորում են մարզային սփռմամբ հեռարձակումը լիցենզիայի գործողության ողջ ժամկետում եւ փոխկապակցում հեռուստագործունեության բոլոր բաղադրիչները»:
«ԳԱԼԱ»-ի կողմից, իհարկե, սոսկալի՜ վրիպում էր իր ստանձնած նախորդ պարտավորությունների կատարումը թվարկելը՝ ՀՌԱՀ-ը ո՛չ նախորդ մրցույթներից հետո էր որեւէ հեռուստաընկերության դեպքում հետեւել դրանց կատարմանը, ո՛չ էլ այս մրցույթներում հաշվի առավ այդ գործոնը: Սակայն ինչու էին մրցութային առաջարկում նշել օճառի եւ լվացող-մաքրող միջոցների արտադրության հեռանկարների մասին: Մեր այս հարցին «ՉԱՊ» ՍՊԸ սեփականատեր Վահան Խաչատրյանը պատասխանեց. «Դրան շատ քիչ տեղ է հատկացված: Եվ ներառել ենք, որ ՀՌԱՀ-ն ընդհանուր պատկերացում ունենա ընկերության մասին: «ՉԱՊ» ՍՊԸ-ն ոչ միայն «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունն է, այլ նաեւ օճառի ու լվացող-մաքրող միջոցների եւ մեկ այլ արտադրություն: Որպեսզի համոզիչ լինի, «ՉԱՊ»-ի ֆինանսական վիճակը պատկերացնեն՝ ներառված է այդ հատվածը, որ հասկանան, թե ինչ կարգի գումարներով եւ ինչպիսի շրջանառու միջոցների է տիրապետում ընկերությունը: Սա շատ գրագետ բիզնես ծրագիր է, որը, կարծում եմ՝ չեն հասկացել, կամ ՀՌԱՀ-ը ձեւ է անում, թե չի հասկացել»:
«ՑԱՅԳ»-ի բիզնես ծրագրի տվյալները եւ նախատեսված միջոցառումները ՀՌԱՀ-ը համարել է հիմնավոր: Երկու ընկերությունների բազմակարծությունը խթանելու կարողությունն էլ համարվել է բավարար: Բավարար է գնահատվել նաեւ այդ երկուսի աշխատակազմերի մասնագիտական պատրաստվածությունը:
«ՉԱՊ»-ը «ՑԱՅԳ»-ին, ըստ ՀՌԱՀ որոշման, զիջել է նաեւ տեխնիկական եւ ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ չափանիշով: «ՑԱՅԳ»-ի կանոնադրական կապիտալը կազմում է 10 մլն դրամ: Ներկայացված է ընդհանուր ժողովի արձանագրությունը՝ 28,5 մլն դրամի ներդրումներ կատարելու մասին: Իսկ «ՉԱՊ»-ի կանոնադրական կապիտալը 50 հազար դրամ է. «Ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր» բաժինը հղում է կատարում հավելված 6-ում զետեղված 2008-2010թթ. ընթացքում կնքված պայմանագրերին, որոնցից միայն մեկի գործողության ժամկետն է ներառվում լիցենզիայի գործողության ժամկետում: Ֆինանսական հնարավորությունները լիցենզիայի գործողության ողջ ժամկետում գնահատել հնարավոր չէ, քանի որ հիմնադրի կողմից հայտարարված 1,5-ից մինչեւ 3 միլիոն ԱՄՆ դոլար ներդրման խոստումը հիմնվում է օճառի եւ լվացող-մաքրող միջոցների ապագա արտադրությունից ակնկալվող շահույթների վրա, որի երաշխավորվածությունը հիմնավորված չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել