Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ ԼՐԱԳՐՈՂԻ ԴԵՄ

Հունվար 18,2011 00:00

Այս անգամ հրկիզվել է Վանաձորի «Լոռի»  հեռուստաընկերության գլխավոր խմբագրի ավտոմեքենան

\"\"Անցած շաբաթ լույս կիրակի գիշերը հրկիզվել է «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանին պատկանող եւ շենքի բակում գտնվող ավտոտնակում կայանված ավտոմեքենան: Լրագրողն իր այրված մեքենան գտել է աշխատանքի գնալիս, երբ բացել է ավտոտնակի դարպասները: Մեքենայի վրա հայտնաբերվել է այրված լաթի կտոր, որը գցվել էր ավտոտնակի վերեւի օդանցքից, որտեղից էլ լցվել է նաեւ հեղուկ վառելանյութ: Այս մանրամասները երեկ հաղորդել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այս գործողությունը որակել է որպես «հերթական ոտնձգություն լրագրողի նկատմամբ»՝ միաժամանակ արձանագրելով, որ նախկինում էլ են Ն. Ավետիսյանի դեմ նման կամ այլ տիպի ոտնձգություններ եղել, բայց դրանցից ոչ մեկի հեղինակներն իրավապահ մարմինների կողմից չեն բացահայտվել, ինչը «նպաստել է ե՛ւ լրագրողի նկատմամբ հերթական ոտնձգությանը, ե՛ւ անպատժելիության մթնոլորտի ձեւավորմանը»: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, դատապարտելով սույն գործողությունները, իրավապահ մարմիններից պահանջել է բացահայտել պատվիրատուին եւ կատարողին:
Հիշեցնենք, որ վերջին 5 տարիների ընթացքում սա արդեն 3-րդ նմանօրինակ դեպքն է, որով այս կամ այլ կերպ վնաս է հասցվում Ն. Ավետիսյանին:
Վերջինս երեկ «Առավոտի» հետ զրույցում բացառեց անձնական բնույթի որեւէ խնդիր ունենալու վարկածը: Իսկ մասնագիտական գործունեության հետ կապված վարկածի առնչությամբ էլ ասաց. «Վերջին շրջանում առանձնապես խաղաղ վիճակ է եղել, որեւէ կոնֆլիկտ որեւէ մեկի հետ չեմ ունեցել, որեւէ սուր հրապարակում չի եղել: Որեւէ մեկին այս պահի դրությամբ չեմ կասկածում: Այս մի դեպքն անհասկանալի պայմաններում է կատարվել: Մասնագիտական իմաստով էլ, գուցե, հին պատմություն է, հին վրեժխնդրություն է, չեմ կարող ասել»: Հիշեցնենք, որ հեռուստաընկերությունը չի մասնակցել նաեւ ՀՌԱՀ-ի հայտարարած մրցույթին, ուստի այս միջադեպը մրցակցության համատեքստում որպես վարկած դիտարկելն էլ անիմաստ է:
Ն. Ավետիսյանի փոխանցմամբ, ի տարբերություն նախորդ դեպքերի, իսկ դրանք շատ են եղել, իրավապահներն այս անգամ շատ արագ են արձագանքել. «Փորձագետները շատ օպերատիվ եկան, տեղազննություն արեցին, ձյան վրա ոտնահետքեր կային, որոնք ֆիքսեցին, շշի (հեղուկ վառելիքը դրա մեջ է լցված եղել) խցանը առգրավեցին, մատնահետքեր գրանցեցին, որոնք արդեն տեղափոխվել են Երեւան՝ փորձաքննության ենթարկելու համար»:
Ինչ վերաբերում է Ն. Ավետիսյանի հետ նախկինում կատարված ոտնձգություններին, ապա այն ժամանակ առավել քան հստակ է եղել, որ հարձակումը պայմանավորված է նրա մասնագիտական գործունեությամբ: Դեպքերից մեկը, երբ դարձյալ վնասել էին լրագրողի՝ դրսում կայանված ավտոմեքենան, տեղի էր ունեցել 2006-ին: Այն ժամանակ անհայտ անձը կամ անձինք քարկոծել էին նրա մեքենան: Կասկածներ կային, որ դրա թիկունքում կանգնած են եղել Վանաձորի քաղաքային իշխանությունները: 2007-ին նա բռնության էր ենթարկվել: Թերեւս միայն այդ մի դեպքում էր, երբ չարագործը մասնակիորեն պատասխանատվություն է կրել՝ հավանաբար այն պատճառով, որ այդ մի դեպքը բացահայտ է եղել եւ ուղեկցվել է լրագրողին հարվածներ հասցնելով: «Մեղավորն այն ժամանակ մասամբ պատասխանատվության ենթարկվեց, որովհետեւ հրապարակային ներողություն էր խնդրել, եւ մենք էլ դա հաշվի առանք»,- ասաց Ն. Ավետիսյանը:
Բոլոր դեպքերում, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 185-րդ հոդվածի հատկանիշներով՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը:
Այսուհանդերձ, հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը դժվարացավ կանխատեսել՝ այս անգամ հանցագործությունը կբացահայտվի՞, թե՞ ոչ: «Ես ընդհանրապես էս դեպքում ձեռնպահ կմնամ այդ հարցին պատասխանելուց, որովհետեւ կոշիկի չափով շատ բան անել, երեւի, հնարավոր չէ: Էս քաղաքում էնքա՜ն մարդ է այդ չափի կոշիկ հագնում, իսկ մատնահետքեր, այո, եղել են»,- ասաց Վանաձորի «Լոռի» հ/ը գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում լրագրողների դեմ ոտնձգությունները եզակի դեպքեր չեն, եւ, որպես կանոն, դրանք մնում են չբացահայտված, իսկ լավագույն՝ բացահայտվելու դեպքում էլ կոծկվում եւ ներվում են ՀՀ իշխանությունների կողմից: Դրա վառ ապացույցը «Առավոտի» ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի դեմ պարբերաբար տեղի ունեցող, «Արմենիա Թուդեյ» կայքի գլխավոր խմբագիր Արգիշտի Կիվիրյանի դեմ կատարված հարձակումներն են, «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենայի հրկիզումը եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել