Լրահոս
Օրվա լրահոսը

ՋԻՎԱՆԸ, ՋԻՎԱՆՆ ՈՒ ՄՐՑՈՒՅԹԸ

Հունվար 18,2011 00:00

Թոռը հաղթեց պապի անվան դուդուկահարների մրցույթում

Ջիվան Գասպարյանի անվան դուդուկահարների հանրապետական մրցույթում, որ նախաձեռնել էր Ռուսաստանի հայերի միությունը, առաջին տեղ է զբաղեցրել վարպետի թոռը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը: Երեկ այս մասին լրագրողներին հայտնեցին մրցույթի կազմակերպիչներն ու դուդուկի վարպետը:
Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը դուդակահարների մրցույթը որակեց որպես դուդակահարների դպրոցի հետագա զարգացման լավագույն միջոց. «Նպատակն է՝ ի հայտ բերել երիտասարդ դուդուկահարներին եւ աջակցել նրանց կատարելագործմանը՝ նոր Ջիվան Գասպարյաններ ունենալու համար»:
Մրցույթի անվանման «մասով» Վ. Աղայանը մեկնաբանեց. «Անվանումը պատահական չէ, քանի որ հայկական դուդուկը միջազգային ճանաչում է ունեցել վարպետի շնորհիվ: Նրա գործունեությունը շարունակական դարձնելու համար որոշեցինք հիմնել այս մրցանակաբաշխությունը»:
Նա նաեւ նշեց, որ մինչեւ հունվարի վերջ Երեւանի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում տեղի կունենա մրցույթի մասնակիցների գալա համերգն ու մրցանակաբաշխությունը:
Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ջիվան Գասպարյանի անվան դուդակահարների մրցույթի կազմկոմիտեի նախագահ Դավիթ Ղազարյանն էլ ասաց. «Կարեւորելով Ջիվան Գասպարյանին՝ որպես դուդուկի նորագույն շրջանի բացառիկ ֆենոմեն, մենք չէինք կարող այլ անվանում գտնել մրցույթի համար: Անցկացված առաջին մրցույթը միայն անդրանիկ քայլն է այս կարեւորագույն գործում: Մրցաշարի կազմկոմիտեի կարծիքով՝ այն պետք է անցկացվի երկու տարին մեկ անգամ եւ կրի միջազգային բնույթ, ինչը թույլ կտա մրցաշարին մասնակցել սփյուռքահայ երիտասարդներին եւ դուդուկի օտարազգի վարպետներին»:
Դուդուկահարների մրցույթը մեկնարկել է անցյալ տարի՝ մարտ ամսին: Նշենք, որ մրցույթն անցկացվել է երկու տարիքային խմբերում՝ մինչեւ 17 եւ 18-30 տարեկանների միջեւ:
Թե ինչպես է ստացվել, որ Ջիվան Գասպարյանի անվան մրցույթում հաղթել է վարպետի թոռը, Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահը պարզաբանեց. «Նա հաղթել է ոչ թե նրա համար, որ Ջիվան Գասպարյանի թոռն է, այլ որովհետեւ կարողացել է պապից ժառանգել ողջ երաժշտական «մթնոլորտը», գործիքին տիրապետելու վարպետությունը, հայկական ազգային նվագարանը աշխարհին ներկայացնելու ունակությունը»:
Ավագ Ջ. Գասպարյանն իր անվան մրցույթում թոռան մասնակցությունն ու հաղթող ճանաչվելը մեկնաբանեց այսկերպ. «Ինչո՞վ է մեղավոր, որ իր թոռն է, նվագել գիտի ու տաղանդավոր է»:
Անվանի դուդուկահարը նշեց, որ արդեն մի քանի տարի է՝ ցանկանում է իր անվամբ դուդուկահարների դպրոց բացել, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով հետաձգվում է:
«Դպրոց բացելու նպատակը  ոչ թե բիզնեսով զբաղվելն է, այլ մանկատան տաղանդավոր երեխաներին անվճար դուդուկ սովորեցնելը: Իմ մանկությունն էլ մանկատանն եմ անցկացրել, շատ լավ գիտեմ որբ լինելն ինչ է: Այդ պատճառով էլ ցանկանում եմ իմ հնարավորության չափով ինչ-որ հարցով աջակցել այդ երեխաներին»,- շեշտեց վարպետը:
Դուդուկահարն անդրադարձավ նաեւ հայկական երգարվեստի ներկա վիճակին. «Ճիշտ է՝ ունենք տաղանդավոր երգիչներ, բայց անտաղանդներն այնքան շատ են, որ երբ բեմ են բարձրանում, իրենց փոխարեն ես եմ ամաչում: Ամեն ինչ խառնվել է իրար. ռեստորանային երգիչը եւ տաղանդավոր երգիչը պետք է տարբերվեն միմյանցից: Եթե եթերում ցուցադրում են ռեստորանային երգիչներին, պետք է հայտարարեն, որ կատարողը ոչ պրոֆեսիոնալ է, որ հայ ժողովուրդը տարբերակի: Թե չէ այսօր բոլորն իրենց «աստղ» են հռչակել, սակայն նրանք այնպիսի «աստղ» են, որ լույս չունեն: Մեր հեռուստաընկերությունները պետք է հասկանան, ի վերջո, ո՞ւմ են ցուցադրում:
Ինչպե՞ս կարելի է 24 ժամ կամ մեկ ամիս ամեն օր երկու կամ երեք ժամ բոլոր ալիքներով ինչ-որ երգչի ցույց տալ: Կամ էդ ինչ երգեր են՝ «Արի, արի, արի, թեկուզ 100 տարի անցնի»… Ախմախ, 100 տարի հետո գա, ի՞նչ ես անելու…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել