Ֆեյխոա
1999թ. աշխատանքի ընդունվեցի ՀՀ քաղաքաշինական պետական տեսչությունում եւ աշխատում էի Վայոց ձորի տարածքային բաժնում, որը սկզբում տեղավորված էր մարզպետարանի, իսկ հետո՝ նախկին շրջանային թերթի խմբագրության շենքում: Աշխատանքի գնալիս եւ վերադառնալիս անցնում էի մշակույթի տան հարակից՝ Մոմիկի անվան զբոսայգու տարածքով: Մի օր էլ գարնանը նկատեցի մոտ 0,7-0,8 մ բարձրությամբ կանաչակարմրավուն տերեւներով ու նույն գունավորմամբ վառ ծաղիկներով մի թուփ, որի գեղեցկությունը ինձ կանչեց իր մոտ: Նայեցի, շուրջը պտտվեցի, բայց չկարողացա իմանալ, թե դա ինչ է, մի քանի տարի շարունակ հետեւում էի այդ «անծանոթին», որն ինձ համար այդպես էլ անհայտ մնաց: Միշտ էլ պտուղները ձեւավորվում են, սակայն անցորդների ու չարաճճի երեխաների կողմից վաղ պոկվում էին: Վերջին տարիներին աշխատում եմ մայրաքաղաքում ու առիթ չէր եղել հանդիպելու անծանոթ բարեկամիս:
Անցած գարնանը այցելել էի բանակի գեներալ Վլադիմիր Հայրապետյանին, նրա սքանչելի պարտեզում հանդիպեցի ինձ անհայտ այդ թփին, կրկին հիացա նրա գեղեցիկ ծաղիկներով ու հիշեցի եղեգնաձորյան բարեկամիս: Հարցիս, թե դա ի՞նչ թուփ է, պատասխանեցին, որ մերձարեւադարձային է, բերել են հարեւան Վրաստանից ու նվիրել, պտուղներն էլ շատ օգտակար են: Ամռանը հանդիպելիս ուշադրություն էի դարձնում եւ հետեւում աճի ընթացքին: Գործընկերներիցս Սուրենը գնել էր կանաչ գույնի հյութալի պտուղներ, որոնք ինձ հիշեցրին գեներալի պարտեզում աճող թփի պտուղները. դա ֆեյխոա էր: Շաբաթ-կիրակի Եղեգնաձորում եմ լինում, որոշեցի այցելել իմ վաղեմի բարեկամ ֆեյխոայի թփին. այն արդեն հասակ է առել, ունի մոտ երկու մետր բարձրություն եւ Եղեգնաձորի համեմատաբար խիստ ձմեռների ցրտերից չի տուժել: Հետաքրքիր է՝ այդ մերձարեւադարձային թուփը ո՞ւմ կողմից եւ ինչպե՞ս է ճանապարհը կորցրել, եկել ու հանգրվանել Եղեգնաձորի՝ Մոմիկի անվան քաղաքային զբոսայգում:
Խնկենի
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով պետք է նշվեր Հայաստանում առաջին՝ Գլաձորի համալսարանի հիմնադրման 700-ամյակը: Այդ առիթով Եղեգնաձորում կատարվեցին մեծածավալ շինարարական աշխատանքներ, որոնցից էր նաեւ 1983-84թթ. կառուցված պետխճուղի-Նորավանք 8,1կմ-անոց ավտոճանապարհը: Արփա գետի վրա կամուրջը կառուցում էր կամրջաշինական վարչությունը, ճանապարհի հողային աշխատանքները իրականացնում էր առանձին աշխղեկություն, իսկ ճանապարհածածկույթի շինարարական աշխատանքները ղեկավարում էի ես: Սերն ու հետաքրքրությունը դեպի բնությունը՝ իմ մեջ եղել է դեռ մանկությունից, ինչը չի խանգարել իմ ճանապարհաշինարար մասնագիտությանը: Գնիշիկ գետակի ստորին մասում կանյոնը իր ժայռերով եւ այդ չքնաղ տարածքի բնությունը հետաքրքիր են ու իրենց մեջ թաքցնում են բազմաթիվ գաղտնիքներ, որոնցից են Մագիլի եւ մնացած քարանձավները, որոնք դեռ կարիք ունեն հիմնավոր ուսումնասիրության: Շինարարական աշխատանքները կատարելու ժամանակ հետաքրքրությունից դրդված ուսումնասիրում էի շրջապատի բույսերն ու ծառերը, որոնց մի մասը էնդեմիկ էին: Այդ ուսումնասիրությունների արդյունքն էր՝ «Շեկ գինու խաղողը» հոդվածը, որը հետագայում տպագրվեց Եղեգնաձորի շրջանային «Գլաձոր» թերթում: Այս շեկ գույնի խաղողը աճել է միայն Նորավանքի ձորում եւ Գնիշիկ գետակի միջին հոսանքներում: Նրա վայրենացած վազերն այժմ պահպանվել են լոկ Նորավանքի շրջապատում: Կառուցվող ճանապարհը արդեն մոտեցել էր Նորավանքին, իմ հետաքրքրությունը բնության նկատմամբ շարունակվում էր նույն թափով, ինձ համար բացահայտում էի նորանոր գաղտնիքներ: Այդ օրերին էր, որ վանքի մերձակա տարածքներում հանդիպեցի մի ծառի եւս, որը գեղեցիկ էր ու հաճելի բույր ուներ: Ծառի մասին շատերից հարցրի, սակայն ոչ ոք տեղյակ չէր ու չգիտեր նրա գոյության մասին: 1984թ. հոկտեմբերի 17-ին, մեծ շուքով կատարված տոնակատարությունից յոթ օր առաջ, ավարտեցի ճանապարհի կառուցման աշխատանքները եւ Մոմիկ ճարտարապետի անզուգական ստեղծագործությունը՝ Նորավանքը դարձավ տոնակատարության բազմահազար մասնակիցներին հասանելի:
Անցնում էին տարիները, Նորավանք իմ բազմաթիվ այցելությունների ժամանակ միշտ հիշում էի ինձ համար անհայտ ծառի մասին, որը խորհրդավոր գաղտնիք էր պահում իր մեջ: 2003, թե՞ 2004 թվականին էր, մարզի ճարտարապետ Սամվել Աղաջանյանը Սյունյաց թեմի առաջնորդ սրբազան տեր Աբրահամի հետ Նորավանքի հերթական այցելությունից վեռադառնալուց հետո, որտեղ կառուցում էին ռեստորանային համալիր, սկսեց ոգեւորված պատմել այդ օրվա իրադարձությունների մասին: Պատմում էր, թե ինչպես սրբազանը իրեն տարել է վանքի մերձակա տարածքները եւ ցույց տվել մի ծառ, որի նմանը ինքը երբեւիցե չէր տեսել: Պատմում էր, թե ինչպես է ծառի վրայից խեժը հավաքել ու այրել, որից հաճելի բույր է արձակվել: Սրբազանը պատմել է, որ այդ ծառերը 13-րդ դարում բերվել են Հնդկաստանից եւ բազմացվել Նորավանքի շրջապատի այգիներում: Դա իմ հին «ծանոթն» էր, արդեն անունով՝ խնկի ծառ: