Ըստ տեր Բաբկենի՝ Բարեկենդան նշելով, մենք կարծես Աստծուն խնդրում ենք դրախտը կրկին վերադարձնել մեզ եւ կրկին արժանացնել բարեկենդանությանը:
Կենդանիների դիմակներով մարդիկ, լարախաղացներ, խամաճիկներ, համեղ ուտեստներ, ազգային պարեր… Եթե փողոցում հանդիպեք մարդկանց այսպիսի խմբերի, ուրեմն Բարեկենդանն է «եկել»:
Այս տարի մարտի 6-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Բուն Բարեկենդանը:
Բուն Բարեկենդանը Մեծ պահքի քառասնօրյա շրջանին նախորդող կիրակի օրն են նշում: Սովորաբար Բուն Բարեկենդանը նշվում է փետրվարի 1-ից մարտի 7-ը ընկած ժամանակահատվածում:
Արաբկիր համայնքի հոգեւոր հովիվ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի բնութագրմամբ, Բարեկենդանը յուրատեսակ տոն է, որն ուղղակիորեն չի առնչվում աստվածաշնչյան որեւէ հրահանգի կամ դրվագի հետ. «Այն առավելապես ժողովրդական տոնախմբության, խրախճանքի, ազատության օր է, որը կարծես հավատացյալ ժողովրդին հիշեցնում է նախկին դրախտը, դրախտային երջանկությունն ու զվարթությունը»:
Քահանան նշում է, որ Բարեկենդանը համընդհանուր տոն է, իսկ Արեւմուտքում այն կոչում են կարնավալ՝ դիմակներով մարդիկ դուրս են գալիս եւ երգ ու պարով շրջում փողոցներով: Հայերը տոնը նաեւ անվանել են «Բարեկենդանք», կամ «Աբեղաթող»՝ քահանայական դասին տրվող որոշ ազատությունների պատճառով:
Տեր Բաբկենի փոխանցմամբ, Բարեկենդանը ժողովրդական տոն է, որը շարժական է՝ պայմանավորված Զատիկով. «Տեւողությունը երկու շաբաթ է, երկրորդ շաբաթը կոչվում է Բուն Բարեկենդան: Տոնը բնութագրվում է համայնական երգ ու պարով, խնջույքով, զանազան խաղերով ու զվարճություններով, դիմակավորված ներկայացումներով, ավանդական կանոնավորված կենցաղային բարքերի գլխիվայր շրջմամբ՝ բազմազան ուտեստներով եւ այլն»:
Նկարագրելով տոնի խորհուրդը, նպատակը՝ տեր Բաբկենն ասաց. «Բարեկենդանը բարեկեցության խորհուրդն է: Իսկ բարեկեցություն մարդ որտե՞ղ է տեսել՝ դրախտում: Բարեկենդանի տոնը դրախտի հիշողության, մեծարման տոնն է: Այսինքն՝ Բարեկենդանով մենք հիշում ենք դրախտը եւ տոնում դրախտի այն պատկերները, որն ունեցել ենք: Իսկ տոնը նշվում է հիմնականում դիմակներով, որոնք խորհրդանշում են դրախտի բոլոր կենդանիներին: Ադամը բոլոր կենդանիներին անուն տվեց եւ միառժամանակ ապրեց դրախտում, բարեկեցության մեջ՝ ղեկավարելով կենդանիներին: Նրանց պատկերներով դիմակներն էլ Բարեկենդան տոնի կարնավալի խորհրդանիշն են: Այս ամենը բարեկենդանության հիշողությունն է, մեկ խոսքով ասած՝ ափսոսանքը, որ այլեւս չունեն այդ դրախտը: Բարեկենդանի տոնին մարդիկ պարում են, ուրախանում: Դա մարդկային հոգու ուրախության նշանն է: Դրախտում մարդը եղել է հոգեպես ուրախ, գտնվել է Աստծու ներկայության մեջ, Աստծու հետ հարաբերվել է, տեսել է, որ Աստված իր հետ է եւ հնարավորություն է տալիս ապրելու երջանկություն եւ ուրախություն: Եվ քանի որ մեղքի պատճառով նախահայրն ու նախամայրը վտարվեցին դրախտից, մարդիկ այդ ժամանակից հիշում են, որ դրախտ են ունեցել, ափսոսում են այն կորցնելու համար»:
Բուն Բարեկենդանի տոնը նշվում է շաբաթապահքերի եւ Մեծ պահքի նախընթաց օրը: Տեր Բաբկենը ասում է, որ Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ. «Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Տոնի մեկնությամբ՝ Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից՝ խաղաղության»:
Տոնի կապակցությամբ եկեղեցում ժամերգություն է տեղի ունենում, այնուհետեւ՝ պատարագ մատուցվում: Տեր Բաբկենը նշում է, որ Բուն Բարեկենդանի նախորդ երեկոյան եկեղեցին ժամերգության ընթացքում վարագուրում է եկեղեցու խորանը. «Այդպես մնում է մինչեւ Սուրբ Զատիկ տեւող քառասնօրյա պահքի ավարտը: Վարագույրը բացվում է միայն բացառիկ դեպքերում, երբ եկեղեցու անվանակոչության կամ սրբոց տոների առթիվ հարկ է լինում պատարագ մատուցել: Բուն Բարեկենդանի օրը պատարագը մատուցվում է վարագուրված խորանի հետեւում. երգվում են շարականներ, որոնց բովանդակային առանցքն Ադամի դրախտային-երանական վիճակն է, երբ առաջին՝ դեռեւս անմեղանչական մարդը, տեսնելով Աստծուն, ասում է՝ «ցնծայր զուարճացեալ անտխրական խնդութեամբ»:
Բուն Բարեկենդանի մշակույթը մեզ մոտ տարբեր շրջաններում տարբեր կերպ է նշվում: Տեր Բաբկենի խոսքով՝ «հայկական տարբեր գավառներում ծիսակարգային որոշ փոփոխակներով է միշտ նշվել՝ որպես ժողովրդական թատերականացված հանդիսություն, կերուխումի, ծիծաղի օր: Տոնի ծիսակարգային անցկացման մասը եկեղեցու խնդիրը չէ, այն միայն ապահովում է հասարակության վերջին հաղորդակցությունը եկեղեցում, որից ողջ պահքի ընթացքում վարագույրը փակ կլինի: Իսկ Բարեկենդանին թույլատրվող վայելքներն ու ուտեստները Եղիային ուղղված հրեշտակի խոսքի՝ «Ելիր, կեր, որովհետեւ երկար ճանապարհ ես գնալու» հետեւությունն է»: