Վեյկ ան Զեեում մեկնարկել է շախմատի «Tata Stell Chess 2011» շախմատային փառատոնը, որտեղ հանդես են գալիս նաեւ հայաստանցիներ Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը:
Հայաստանի լավագույն գրոսմայստեր Արոնյանը, որ հանդես է գալիս ուժեղագույնների «A» խմբում, մեկնարկային տուրում ոչ-ոքի է խաղացել ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակը գլխավորող նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենի հետ, իսկ երկրորդում միավորը բաժանել ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ:
Երկու տուրից հետո Արոնյանը 1,0 միավորով բաժանում է 5-10-րդ տեղերը: Իսկ մրցաշարային աղյուսակի չորս առաջին տեղերը 1,5-ական միավորով զբաղեցնում են Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Հիկարու Նակամուրան եւ հոլանդացի Յան Սմիթսը: Երեկ Արոնյանի մրցակիցը Մաքսիմ Վաշյե-Լագրավն էր՝ Ֆրանսիայից:
«B» խմբում, որտեղ նույնպես հանդես են գալիս անվանի գրոսմայստերներ, ընդգրկված է Գաբրիել Սարգսյանը: Հայ գրոսմայստերն առաջին օրը պարտության մատնեց հնդիկ Սուրիա Գանգուլիին, իսկ հաջորդ օրը ոչ-ոքի արեց ֆիլիպինցի Վեսլի Սոյի հետ: Այստեղ երկու տուրից հետո միանձնյա առաջատարը մեծբրիտանացի Լյուկ ՄաքՇեյնն է՝ 2,0 միավոր: Նրանից կես միավոր պակաս ունեն Գաբրիել Սարգսյանը, ուկրաինացի Զախար Եֆիմենկոն, չեխ Դավիթ Նավարան: