Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գրախոսության անհաջող փորձ

Հունվար 18,2011 00:00

Լրագրության եւ գրականության միջեւ շատ փոքր է անջրպետը, որը շատերն են փորձել հաղթահարել: Սակայն հաջողությամբ են պսակվել քչերի փորձերը: Մեր գործընկեր Աշոտ Գազազյանի փորձն ակնհայտորեն հաջողված է:
2005-ին եւ 2010-ին նրա առաջին փորձերը «Բիոռեպորտաժ»-ներն էին, որոնք լրագրողական յուրօրինակ հուշագրություններ էին՝ պատառիկներ կենսագրությունից, աշխատանքային գործունեությունից: Վերջերս լույս տեսավ Աշոտ Գազազյանի արդեն պատմվածքների ժողովածուն, որը վերջնականապես ամրապնդեց կասկածները, թե մենք գուցե նրան կորցրինք որպես լրագրողի, սակայն հաստատ գտել ենք մի նոր գրողի:
Այս պատմվածքների ի՞նչ առանձնահատկություններ կարող եմ նշել այս ասպարեզում իմ ոչ մասնագիտական հայացքով. Աշոտ Գազազյանի պատկերները (թող ներելի լինի կասկածելի գնահատականս)՝ իր ծննդավայր Վրաստանի խոհանոցի պես առլեցուն են համեմունքներով, բույրերով, հյութեղ են, նաեւ շատ ոչ արհեստական: Ինձ խիստ բարձր գնահատական էր թվացել, երբ մի կենդանի դասականի վեպում խինկալիի նկարագրությունը կարդալուց հետո՝ ընթերցողներից մեկը զգացել էր խինկալի ուտելու անդիմադրելի ցանկություն:
Ահա եւ Աշոտ Գազազյանի պատմվածքները կարդալիս ոչ միայն զգում ես մթնոլորտը, որում տեղի է ունեցել պատկերվածը, այլ նաեւ ակամա զգում ես պատումը լրացնելու կամ շարունակելու ցանկություն: Ընթերցանության ընթացքում բազմիցս ունեցա նման մղում, մանավանդ որ՝ պատմվածքներից որոշները վերաբերում էին ոչ շատ վաղուց կատարված իրական դեպքերի: Ասենք՝ «Ցլամարտ հայկական ձեւով» պատմվածքը, որի առանցքում հայտնի միջադեպն է, երբ գեներալը կրակել էր ցլերի վրա: Ինձ հայտնի էր շարունակությունը, որը գուցե թե լեգենդ է, թե այդ կրակոցներից եւ ոչ մեկը չէր հասել նշանակետին: Թեեւ այն ժամանակ այդ լուրը քննարկելիս հումորի լավ զգացում ունեցող ընկերներիցս մեկն իբր վրդովվեց. «Ինչպե՞ս թե չէր հասել նշանակետին: Չորրորդ դասակից երեք հոգի հաջորդ օրը կաղում էին: Այն էլ ինչպե՜ս էր հասել նշանակետին»:
Սա փաստորեն վարակիչ է՝ գայթակղություն է առաջանում ինքդ էլ փորձել շարադրել լրագրողական գործունեության ընթացքում եղած զավեշտալի դեպքերը: Սակայն դատելով նրանից, որ առանձնապես չհաջողվեց թեկուզ այս կերպ հաղթահարել գրականության եւ լրագրության միջեւ անջրպետը եւ ոչ լրագրողական խոսք ասել հավանածս գրքի մասին՝ այդ փորձն այլեւս երբեք չեմ անի: Ավելի ճիշտ կլինի, որ ընթերցողները գրախանութներում փորձեն գտնել Աշոտ Գազազյանի այս գիրքը եւ ինքնուրույն պարզեն դրա առանձնահատկությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել