Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽ՝ ՄԵՆԱՀԱՄԵՐԳ, ԱՊԱ՝ «ԵՎՐԱՏԵՍԻԼ»

Հունվար 18,2011 00:00

\"\"Էմմին գործունեությամբ փաստում է, որ լավ «մարզավիճակում» էԵրգի «Եվրատեսիլ» միջազգային հեռու

ստամրցույթին, որն անցկացվում է 1956 թվականից, Հայաստանն այս տարի կմասնակցի 6-րդ անգամ: Մայիսին Դյուսելդորֆում մեր երկիրը կներկայացնի երգչուհի Էմմին: Փաստորեն, տարիներ պահանջվեց հիշյալ մրցույթի կազմակերպչին՝ Հայաստանի հանրային հեռուստատեսությանը, հասկանալու, որ սա ոչ թե երգիչների, այլ երգի յուրատեսակ ստուգատես է, ուր կարեւորվում է հենց երգը, ձեւավորելով հետաքրքրություն իր հանդեպ: Տարբեր ոճերի ու ժանրերի երգերի մրցակցությունը ստեղծում է բազմազանություն, ընդգծում ճաշակներ, ուղղություն տալիս ժամանակակից երգի զարգացումներին: Հայաստանում, սակայն, մրցույթը ժամանակ առ ժամանակ տեղափոխում էին երգիչների միջավայր, այսպես «լարելով» որոշ ինտրիգներ, սերմանելով անառողջ մրցակցություն:
Հանրային հեռուստատեսությունը մրցույթի առանձնահատկությունը նախորդ տարիներին «ըմբռնել» է երկու անգամ՝ երգիչներ Անդրեի եւ Սիրուշոյի դեպքում, երբ միանգամից հայտարարվել է մասնակցի անունը: Անցյալ տարեվերջին էլ հրապարակվեց «Եվրատեսիլ 2011»-ի մասնակցի՝ երգչուհի Էմմիի անունը: Չնայած դրան, կուլիսային խոսակցությունները, նախորդ տարիների նման, «գլորվում» են ձնագնդի նման, այժմ էլ խոսակցության նյութ դարձնելով ՀՀ առաջին տիկնոջը, ով իբր շատ էր ուզում «Եվրատեսիլ-2011»-ում տեսնել Ռազմիկ Ամյանին կամ Մհերին:
Օրերս Թումանյան փողոցից անհետացել է Էմմիի մեծադիր գովազդային պաստառը, որը տեղեկացնում էր հունվարի 30-ին եւ 31-ին Ազգային օպերային թատրոնում նրա մենահամերգների մասին, որը ինչ-ինչ հետեւությունների տեղիք է տալիս:
«Առավոտի» հետ զրույցում Էմմին հայտնեց, որ շուրջ 9 ամիս ԱՄՆ-ում ստեղծագործելուց հետո դեկտեմբերին վերադարձել է եւ իրեն առաջարկել են ներկայացնել Հայաստանը: Հետաքրքրվեցինք՝ այս մենահամերգները որեւէ կապ ունե՞ն մրցույթի հետ: Երգչուհին, խոսելով իր «ամերիկյան» գործունեության մասին, ասաց, որ մենահամերգը կապ չունի «Եվրատեսիլի» հետ. «Շուրջ 2 ժամ տեւող մենահամերգիս կնվագակցի Fresh Band-ը՝ ամերիկացի ճանաչված երաժիշտ Լեմել Հումեսի  ղեկավարությամբ: Խմբում միայն ամերիկացի երաժիշտներ են, կկայանա CD-իս շնորհանդեսը, որը ձայնագրել եմ Ամերիկայում: Տեղ են գտել Հումեսի, Սփրայթի, Վաչե Տեր-Եղիշյանի, Կարմեն Ռիզոյի եւ այլոց երգերը: Վերջին հեղինակը 2 անգամ առաջադրվել է «Գրեմմի» նոմինանտ, որի երգերը այսօր հնչում են աշխարհահռչակ երգիչներ Մելընի Սիի, Սիլի, «Քոլթ Փլեյ» խմբի եւ մյուսների կատարմամբ: Նկարահանել եմ նաեւ տեսահոլովակ, որի ռեժիսորն է հանրահայտ «2017թ. հեղափոխություն» ֆիլմի ռեժիսոր Գրեգորի Էվերետը»: Նշեց նաեւ, որ նոր CD-ում ընդգրկված եւ ոչ մի երգ չի մասնակցի «Հ1»-ի կողմից հայտարարված մրցույթին եւ ինքն էլ անհամբեր սպասում է Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհրդի նախընտրած 4-5 երգին:
Հանրային հեռուստատեսության գեղարվեստական խորհրդի որոշմամբ, «Եվրատեսիլ 2011»-ի երգի ընտրության հայտերի վերջնաժամկետը հունվարի 15-ից երկարացված է մինչեւ 23-ը: «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն «Առավոտին» ասաց, որ դա պայմանավորված չէ ստացված երգերի քանակով. «Մինչ օրս ստացված է մոտ 30 երգ, որի 80%-ը՝ արտերկրից: Հեղինակների խնդրանքով երկարաձգել ենք ժամկետը»: Զրույցի ընթացքում Էմմին նշեց նաեւ, որ Ամերիկայում մասնակցել է հայտնի ոճաբան Կարեն Մադաթյանի ֆոտոսեսիաներին, ում խոսքը վճռորոշ է այնպիսի անունների մոտ, ինչպիսին է, օրինակ, Վիկտորյա Բեքհեմը: Հետաքրքրությանը՝ գուցե «Եվրատեսիլում» հանդես կգա հայազգի՞ ոճաբանի ճաշակով, երգչուհին ասաց. «Երգի ընտրությունից է բխելու բեմական հագուկապս, այնպես որ՝ դեռ վաղ է դրա մասին խոսելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել