Իրանի իշխանությունները կասեցրել են 43-ամյա Սակինեհ Մոհամմադի Աշտիանիի նկատմամբ ավելի վաղ դատարանի կողմից կայացված մահապատժի դատավճիռը: Քարկոծման եղանակով մահվան դատապարտված կինը մեղադրվում էր ամուսնական դավաճանության եւ ամուսնու սպանությանն առնչություն ունենալու մեջ: Դատարանը վերանայել է նրա նկատմամբ նախկինում կայացված դատավճիռն ու հիմա Աշտիանիին դատապարտել է 10 տարվա բանտարկության: Այդ մասին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հայտարարել է Իրանի խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զոհրեհ Էլխիանը՝ Բրազիլիայի նոր նախագահ Դիլմա Ռոուսեֆին ուղղած իր նամակում: Օրենսդիրը պարզաբանել է, որ քարկոծման եղանակով կնոջը մահապատժի ենթարկելու դատավճիռը վերանայվել է այն բանից հետո, երբ սպանվածի հարազատները հայտարարել են, թե ներում են ամբաստանվող կնոջը: