Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարավային Սուդանում հանրաքվեի քվեարկությունն ավարտվել է

Հունվար 18,2011 00:00

\"\"Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Սուդանի ժողովրդին՝ երկրի հարավի ապագայի համար անցկացված հանրաքվեի առիթով: Օբաման ասել է, որ հանրաքվեի խաղաղ եւ օրինակելի անցկացումը ոգեւորիչ է աշխարհի համար: Սուդանում անցկացված մեկշաբաթյա հանրաքվեն, որն այս շաբաթ ավարտվել է, ողջունել է նաեւ Չինաստանը: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:
«Չինաստանը հույս ունի միասնական ջանքերով՝ միջազգային հանրության եւ կողմերի հետ ակտիվ ու կառուցողական դերակատարություն ունենալ Սուդանի կայունության եւ զարգացման համար»,- ասել է Չինաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը:
Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը իր հայտարարությամբ ողջունել է Սուդանի խաղաղ ու ժամանակին անցկացված հանրաքվեն՝ այն համարելով «պատմական իրադարձություն» եւ կարեւոր քայլ՝ 2005թ.-ին Սուդանի Հարավի եւ Հյուսիսի միջեւ ձեռք բերված խաղաղ համաձայնագիրն իրականացնելու գործում, որով ճանապարհ հարթվեց Հարավի անկախության հանրաքվեի համար:
Հիշեցնենք, որ առավելապես մահմեդականներով բնակեցված Սուդանի հյուսիսի ու քրիստոնյաներով բնակեցված հարավի միջեւ քաղաքացիական պատերազմը երկու տասնամյակ է շարունակվել, դրա արդյունքում զոհվել է շուրջ 2 միլիոն մարդ: Հարավային Սուդանի առաջնորդը հանրաքվեի ավարտից հետո իր առաջին հրապարակային ելույթում կիրակի օրը կոչ է արել ներել Հյուսիսային Սուդանին քաղաքացիական պատերազմում պատճառած զոհերի համար:
Քվեարկությունը շաբաթ օրն ավարտվել է: Հիմա սկսվել է քվեաթերթիկները հաշվելու փուլը: Նախատեսվում է, որ փետրվարի կեսերին կհրապարակվեն հանրաքվեի վերջնական արդյունքները: Գրեթե կասկածներ չկան, որ հանրաքվեի արդյունքով Հարավային Սուդանը կքվեարկի անկախության օգտին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել