Նորվեգիայի իշխանությունները մտադիր են ինքնաթիռով Մոսկվա վտարել Հյուսիսային Օսեթիայի ներկայացուցիչ, գրող Մարիա Ամելիին (նկարում): Newsru-ի փոխանցմամբ, վլադիկավկազցի 25-ամյա աղջիկը նորվեգական ոստիկանության հատուկ ստորաբաժանման կողմից կալանավորվել էր Լիլլեհամմերե քաղաքում՝ որպես ապօրինի ներգաղթյալ: Մարիա Ամելի գրական անունով հանդես եկող Մադինա Սալամովային ու նրա ընտանիքին նախ՝ Ֆինլանդիայում, ապա նաեւ Նորվեգիայում մերժել են կեցության իրավունք տալ՝ համարելով, որ նրա նկատմամբ հետապնդումների մասին տեղեկությունները հավաստի չեն: Բայց ահա կնոջը, որը Նորվեգիայում բացահայտորեն բնակութուն է հաստատել 2003 թ.-ից, ձերբակալել են այն բանից հետո, երբ նա դասախոսությամբ հանդես է եկել Ձմեռային օլիմպիադան ընդունած մայրաքաղաքներից մեկի մասին:
Օսլոյում ի պաշտպանություն «Տարվա նորվեգացի» կարգավիճակ ստացած գրողի, բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել, սակայն իշխանությունները տեղի չեն տվել: Նրա ճակատագրին վերաբերող հարցը ճաքեր է տվել նույնիսկ կոալիցիոն կառավարության ներսում, եւ հնարավոր է, որ Ամելիի վտարումը պատճառ դառնա ներգաղթյալների շահերը շոշափող օրենսդրության վերանայման համար: Անցած տարիների ընթացքում, չունենալով օրինական որեւէ փաստաթուղթ, 25-ամյա գրողը հասցրել է բարձրագույն կրթություն ստանալ. ավարտել է Տրոնխեյմի համալսարանն ու ինժեներ-տեխնոլոգի մասնագիտություն է ստացել, անցած տարի ամբողջ երկրով մեկ հանրահայտ է դարձել՝ հրապարակելով իր «Անօրինական նորվեգացին» ինքնակենսագրական գիրքը, որում պատմել է Եվրոպայի ամենահարուստ երկրում իր «բոմժային» կյանքի մասին: Գիրքը մեծ հաջողություն էր ունեցել, եւ հենց դա էր պատճառ դարձել նրան «Տարվա նորվեգացի» կոչում շնորհելու:
Սակայն հունվարի 13-ին նորվեգական դատարանի որոշմամբ Մարիային կալանավորել են երկու շաբաթով, որի ընթացքում որոշում է ընդունվել նրան Նորվեգիայից Ռուսաստան վտարելու մասին: Կալանավորված ժամանակ Մարիա Ամելին երբեք չի դիմել այդ երկրում ՌԴ դեսպանատուն՝ աջակցություն ստանալու համար: