Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հունվար 18,2011 00:00

Լույս է տեսել «Բարձրագույն մասնագիտական կրթության տնտեսագիտություն» աշխատությունը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ա. Ճուղուրյանի եւ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ն. Խաչատրյանի համահեղինակությամբ: Գրքում մասնագիտական կրթությունը չի դիտարկվում միայն որպես մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող եւ համակողմանիորեն զարգացած, պետականության եւ մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձեւավորման գործընթաց: Հայաստանյան իրականության մեջ այն ներկայացվում է ձեռներեցություն, որի նպատակը համալսարանների կողմից կրթական ծառայությունների սպառումն է մրցակցային միջավայրում: Ըստ հեղինակների, մինչեւ օրս մեր հանրապետությունում կրթական շուկայում լիարժեք չի գործում մրցակցային միջավայրը: Պետական բուհերը, ավանդաբար ունենալով բազում արտոնություններ (ֆինանսական, կադրային, շենքային եւ այլն), կրթական ծառայություններ մատուցելիս մասնավորների նկատմամբ հայտնվում են շահեկան վիճակում: Մրցակցային դասական շուկայի բացակայության արդյունքում ոչ միայն տուժում է կրթական ծառայությունների մատուցման որակը, այլեւ ընկնում է կրթության ոլորտում ռեսուրսների ծախսի արդյունավետության աստիճանը, քանի որ մինչ այժմ թե համալսարաններում եւ թե մասնագիտական կրթության ոլորտը կանոնակարգող վերին օղակներում ուշադրություն չի դարձվում կրթության տնտեսագիտության վրա: Այնինչ, զարգացած երկրներում կրթության տնտեսագիտությունը ձեւավորվեց դեռեւս 20-րդ դարի կեսերին՝ կրթական ծառայությունների շուկայի ակտիվացմանը զուգընթաց: Եթե ոչ վաղ անցյալում կրթական ծառայությունների մատուցումը հիմնականում նպատակ էր հետապնդում ձեւավորել մասնագիտական պատշաճ հմտություններ ունեցող անհատների, ապա ներկայումս կրթական գործունեությունը նաեւ հանդես է գալիս որպես գործարարության յուրահատուկ ձեւ, իհարկե շահույթ չհետապնդող, սակայն տնտեսական հարաբերությունների զարգացման վրա իր որոշիչ ներգործությունով: Մասնագիտական կրթությունը, ազգային անվտանգությունն ապահովելուց բացի, լուրջ դերակատարում ունի միկրո եւ մակրո տնտեսական ոլորտներում եւ, հետեւապես, կարիք ունի տնտեսագիտական պրիզմայով ուսումնասիրման:
Բարձրագույն մասնագիտական կրթության տնտեսագիտությունը իր ուսումնասիրման խնդիրներն ունի միկրո, մեզո եւ մակրոտնտեսական միջավայրերում, որոնց լուծման ուղիներ են առաջադրվում ներկայացվող գրքույկում: Ընթերցողի դատին ներկայացվող աշխատությունը օգտակար կհամարվի բարձրագույն մասնագիտական կրթության ծառայությունների կառավարման ոլորտում տնտեսական որոշումներ կայացնելիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել