Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կրկնուսույցների դեմ պայքարում են աշակերտները

Հունվար 18,2011 00:00

Խաղարկային դատավարությունն ընթացքի մեջ է

Աշակերտներն ընդդեմ կրկնուսույցների: 2010-ի դեկտեմբերի 24-ից սկսած, խաղարկային դատավարությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտների նախաձեռնությունն է: Աշակերտուհի Ելենա Չիլինգարյանը, որ հայցվոր կողմն է ներկայացնում, «Առավոտի» հետ զրույցում պատմեց, թե հարցը բարձրացրել են այն պատճառով, որ նկատել են, թե կրկնուսույցների մոտ մասնավոր պարապմունքների հաճախող իրենց դասընկերներն ինչքան առաջ են ընկել դասավանդվող թեմայից. «Ոչ միայն մեր դասարանում, այլեւ ողջ համակարգում շատ աշակերտներ, որոնք կրկնուսույցների մոտ պարապում են, իրենց համար դպրոցում դասաժամը դառնում է անհետաքրքիր, դասերի հաճախում են ոչ թե որպես աշակերտ, այլ ձեւական երեւալու ու բացակա չստանալու համար»: Նրա խոսքով, սա լուրջ խնդիր է, բայց բարձրաձայնվում է միայն ընդունելության քննությունների ժամանակ, հատկապես, երբ դիմորդները բարձր գնահատականներ չեն ստանում: Մինչդեռ, ըստ Ելենայի, անհրաժեշտ է խնդրին անդրադառնալ խորությամբ, մշտապես բարձրաձայնել, որ լուծում տանք դրան: Որպեսզի դատարանում հիմնավոր փաստարկներ ներկայացնեն, հայցվոր կողմը ուսումնասիրել է «Հանրակրթության մասին» օրենքը, ինչպես նաեւ անդրադարձել են երեխաների իրավունքներին. «Մեջբերելով օրենքում ամրագրված դրույթը, թե աշակերտներին պետք է տրամադրվի որակյալ կրթություն, մենք հարցադրում առաջ քաշեցինք, թե դպրոցում ծանրաբեռնված գրաֆիկով աշխատող ուսուցիչը, ով աշխատանքից հետո տանը կրկնուսույց է, իր իսկ առողջությունը խնայելով՝ որքանո՞վ բարեխիղճ կաշխատի դպրոցում: Ի տարբերություն իրենց առողջությունը խնայող ուսուցիչների, կան ուսուցիչներ էլ, որոնք իրենց առողջության հաշվին են ծանրաբեռնված աշխատում ու, փաստորեն, այստեղ կրկնուսույցի մոտ հաճախող աշակերտներն էլ մեղքի բաժին ունեն: Մյուս կողմից էլ խախտվում է մանկավարժի առողջության իրավունքը»:
Հայցվոր կողմը նաեւ դատարանին է ներկայացրել աշակերտների շրջանում անցկացրած փորձագիտական քննությունը, ըստ որի պարզվել է, որ աշակերտը օրական 10- 13 ժամ է ծախսում դպրոցական դասերի վրա, իսկ մոտ 3-4 ժամ էլ կրկնուսույցի հետ պարապելու համար է հատկացնում, ինչը, հայցվոր կողմի համոզմամբ, աշակերտի համար գերծանրաբեռնվածություն է առաջացնում: Առաջիկայում հայցվոր կողմը դատավարության գործընթացում կընդգրկի նաեւ կրկնուսույցներին. «Հենց այնպես կրկնուսույցները չեն հայտնվել կրթական համակարգում»,- համոզված է Ելենա Չիլինգարյանը: Պատասխանող կողմը ներկայացնող կրթահամալիրի սան Ռազմիկ Պետրոսյանն էլ պարզաբանեց. «Ակնհայտ է, որ այսօր առանց կրկնուսույցների բուհ ընդունվելն անհնար է: Ինչ վերաբերում է հայցվոր կողմի բերած փաստարկներին, թե կրկնուսույցների՝ մեծ ծանրաբեռնվածության պատճառով խախտվում է նրանց առողջության իրավունքը, չմոռանանք, որ կրկնուսույցն ու աշակերտն ունեն ընտրության իրավունք: Իրենք են ընտրում իրենց օրվա գրաֆիկը: Կրկնուսուցման համակարգը միայն Հայաստանում չէ, այն առաջացել է 19-րդ դարի սկզբներին եվրոպական պետություններից մեկում: Իսկ եթե այսօր մեր հարեւան Ռուսաստանում խրախուսվում է այս համակարգը, ինչո՞ւ է դատապարտվում Հայաստանում»: Պատասխանող կողմը հակափաստարկներ ներկայացրեց նաեւ հայցվոր կողմի ներկայացրած փաստերին, թե կրկնուսույցի մոտ հաճախող երեխաները խանգարում են դասաժամերը. «Դասը խանգարում է այն երեխան, ով էությամբ անկարգապահ է: Այն երեխան, ով հետաքրքրված է այդ առարկայով ու մասնավոր պարապմունքի է հաճախում՝ դասերին ավելի ուշադիր է լսում»: Հնարավոր է, որ խաղարկային այս դատավարությունում առաջիկայում ընդգրկվի նաեւ ԳԹԿ ներկայացուցիչ: Ի դեպ, դատավարությունը վարում էր կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել