Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՆԵՐՈՒՄ ԵՄ ՇԱՏՈՒՇԱՏ ՄԱՐԴԿԱՆՑ»

Հունվար 18,2011 00:00

Երեկ հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը

\"\"Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց  2011թ. կրթության եւ գիտության գերակա ուղղությունները, ծրագրերն ու խնդիրները: ԿԳՆ մամուլի սրահում, որտեղ անցնում էր նախարարի ասուլիսը, նոր պաստառ էր փակցված, որի վրա մեսրոպյան տառերն էին ու ՀՀ զինանշանը: «Առավոտի» հարցին՝ իր թիկունքում ունենալով հայոց այբուբենը պատկերող նոր պաստառ, արդյո՞ք  նպատակ ունի մեղմել օտարալեզու դպրոցների ջատագովի իր իմիջը, Ա. Աշոտյանը շնորհակալություն հայտնելով պրովոկացիոն հարցի համար, պատասխանեց. «Չեմ պատրաստվում 2011թ. եւս մեկնաբանել, քննարկել այն ամբողջ գործընթացը, որով ուղեկցվեց միջազգային կրթական ծրագրերի իրականացումը Հայաստանում թույլ տալու մեր ցանկությունը: Ինչ վերաբերում է պաստառին, դեռ անցյալ տարվանից նախարարության աշխատակազմով քննարկում էինք այս հարցը:  Կարծում եմ՝ պետական կառավարման յուրաքանչյուր մարմին պետք է ՀՀ  զինանշանը պատվով կրի իր տարածքում եւ իր գործունեության մեջ: Խորհրդանիշների մեր որոնումների մեջ որեւէ այլընտրանքի չհանգեցինք, բացի հետեւյալից. եւ մաթեմատիկական, եւ քիմիական բանաձեւերը ու այլ հայտնի կրթական խորհրդանիշները ցույց չեն տալու, որ սա  հենց ՀՀ ԿԳՆ մամուլի սրահն է: Դրա համար էլ ընտրեցինք այլընտրանք չունեցող այս դիզայնը: Ուզում եմ նորից կրկնել՝ 2011-ին չեմ պատրաստվում քննարկել այն ամենը, ինչ որ տեղի է ունեցել նախորդ տարվա ընթացքում, որովհետեւ… ներում եմ շատուշատ մարդկանց եւ շատուշատ արտահայտություններ…»:
«Առավոտը» նաեւ խնդրեց կարծիք հայտնել ԳԱԱ աղմկահարույց ընտրությունների վերաբերյալ: Նախարարը փաստեց, որ ամեն ինչ շատ սուբյեկտիվ է Հայաստանում, անձնավորված, եւ ճշմարտությունը դժվար է գտնել անգամ համառ որոնումներից հետո: Նա ասաց, որ ընտրությունների վերաբերյալ մեկնաբանությունները տարբեր են՝ ինչպես մամուլի հրապարակումներում, այնպես էլ ԳԱԱ անդամների հետ զրույցներում. «Գիտության ոլորտի բարեփոխումների մասին խոսելիս մենք պետք է հստակ հասկանանք, որ  դրանք անհնար է իրականացնել առանց ԳԱԱ համապատասխան ցանկության եւ պատրաստակամության՝ մեզ հետ  միասին փոխելու գիտական ոլորտը: Ես որոշակի հույսեր ունեմ, որ իր բոլոր վիճահարույց դրույթներով հանդերձ եւ ոչ այսօրվա  խմբագրական տեսքով, «ԳԱԱ-ի մասին»  օրենքի նախագիծը իր լրամշակումներից հետո թույլ կտա այս հարցը ակադեմիայի «մասով» լուծել»:
Ասուլիսում նախարարը խոսեց 2011-ին Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի շուրջ 70 համայնքներում  նախադպրոցական կրթության համապատասխան մոդելների ստեղծման, եւս 15 ավագ դպրոցների հիմնադրման, մինչեւ տարեվերջ ընդհանուր հաշվով  1358 դպրոցի ինտերնետ համակարգին միանալու եւ այնի մասին: Հայտնեց, որ մինչեւ օգոստոսի 1-ը նախարարությունը նախատեսում է բեռնաթափել միջին դպրոցում հիմնական առարկաների ծրագրերը՝ 15-20 տոկոսով, մանկավարժների 20 տոկոսին ատեստավորել ու ըստ կառավարության համապատասխան կարգի՝ հավելավճար տալ: 
Բարձրագույն կրթության ոլորտում եւս փոփոխություններ կան:   Որակի ապահովման ազգային կենտրոնը այս տարի իրականացնելու է փորձնական հավատարմագրում՝ նոր չափանիշներով: Հայտնի է, որ  2007-ից առայսօր հավատարմագրման գործընթացը չի իրականացվում՝ հին կարգերով, որովհետեւ դրանք չեն համապատասխանում Բոլոնիայի գործընթացի չափանիշներին: Նախարարի հավաստմամբ,  ԲՈՀ-ը ձեռնամուխ է լինելու գիտական աստիճանաշնորհման ընթացակարգերի կտրուկ վերանայմանը, խոշորացվելու են պաշտպանական խորհուրդները, որպեսզի ապահովվեն անաչառ քննարկումներ: «Գաղտնիք չէ, որ գոյություն ունեն պաշտպանական խորհուրդներ, որոնք  սպասարկում են նեղ «մասնագիտական» շահեր: Այս արատավոր պրակտիկան ի վերջո պետք է վերանա»,- հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ կրճատվել է ԲՈՀ-ի կողմից ճանաչվող գիտական գրականության ցանկը:
Այս տարի չեն լինի ընդունելության քննություններ քոլեջներում եւ ուսումնարաններում, իսկ ուսանողների վերականգնման, բուհից բուհ տեղափոխման եւ այլ կարգերը, որ տարիներ շարունակ կոռուպցիոն ռիսկեր են պարունակել, կվերանայվեն ու կփոփոխվեն:
Մասնավոր բուհերում ընդունելությունը կիրականացվի կենտրոնացած  քննությունների համակարգով: Ա. Աշոտյանը նաեւ «գուժեց», որ 2011-ին էլ  մասնավոր բուհերի թիվը մոտ 10-ով կկրճատվի, եւ «2012 թ. կմտնենք՝ պետական ու մասնավոր բուհերի քիչ թե շատ բանական քանակով»: Ինչպես ԿԳՆ կրթության տեսչությունում, այնպես էլ Գիտության պետական կոմիտեում սպասվում են կառուցվածքային, կադրային եւ բովանդակային լուրջ փոփոխություններ: Աշոտյանը նշեց, որ մամուլում եղած քննադատական  հրապարակումները՝ տեսչության եւ Գիտպետկոմի վերաբերյալ, հիմնականում արդարացի են, մանավանդ մասնավորապես վերջին կառույցում ուսումնասիրությունների ընթացքում խայտառակ չարաշահումներ են հայտնաբերվել, ու դա այդպես չպետք է մնա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել