Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ՈՒ ՍՊԱՆՈՂ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունվար 18,2011 00:00

Իբր քիչ էր, որ Հայաստանի եւ Ղարաբաղի հերոսական դիմակայության մասին «Մի վախեցիր» ֆիլմում զոհվեց զինվորը, ով հաստատ որոշել էր պատերազմից հետո քաղաքը մաքրել ամեն տեսակ շեֆերից, եւ քաղաքն ու երկիրը կինոյում ու կինոյից դուրս այդպես էլ մնացին իրենք իրենց չհարգող, հանուն փողի՝ վերեւների հայհոյանքները կուլ տվող տեսակի ձեռքում, հիմա էլ նույն «Հ1»-ը՝ մեր՝ հարկատուներիս հաշվին ապրող «Հ1»-ը, ոչ պակաս արատավոր ու վտանգավոր մի սերիալ է նկարահանում ու ցուցադրում՝ «Հրեշտակների դպրոցը»:
«Հրեշտակների դպրոցում» կան անցանկալի, մերժելի, անընդունելի ու վտանգավոր իրողություններ՝ հարբեցող ամուսին, որ ծեծում է կնոջն ու երեխաներին, կռիվների մեջ ընկած աշակերտի հետ գործարքի գնացող եւ ոստիկանությանն արհամարհող ուսուցիչ, «ախրանայով» ու «Ջիփ»-ով դպրոց գնացող ջիփազգու ծնունդ երեխա եւ նրա դեմ կամավոր ստորացող ուսուցիչ եւ այլն, եւ այլն: Այս ամենը իրական կյանքում՝ ցավալիորեն կա: Ավելի քիչ, քան սերիալում, բայց կա: Բայց եթե «Հ1»-ը որոշել է ցույց տալ ողջ իրականությունը, ապա հասկանալի չէ, թե ինչու «Հ1»-ի լուրերում, ուր միայն եւ միայն իրականություն պետք է լինի, առանց գեղարվեստական լուծումների, չեն երեւում մարտի 1-ի զոհերի հարազատների բազմաթիվ բողոքներից եւ ոչ մեկը, գործող իշխանությունների որեւէ քայլի հետ անհամաձայն գործիչ, հանուն Հայաստանի անտառների պայքարող որեւէ կազմակերպություն կամ անհատ, իշխանությունների պահվածքից զզված ու իր բիզնեսը Վրաստան տեղափոխող գործարար, Հայաստանի գներից հոգնած ու իր մեքենան Վրաստանում նորոգող քաղաքացի եւ այլն, եւ այլն:
Կինոն ոչ միայն իրականությունը ցույց տալու միջոց է, այլեւ կրթող ու դաստիարակող «գործիք»: Հոլիվուդյան ֆիլմերը ձեզ օրինակ: Սկսած ամեն տեսակ «ռեմբոներից» ու «կոմանդոսներից», վերջացրած անհամեմատ բարձրարվեստ ու բարձրաճաշակ, օսկարակիր «Ֆորեստ Գամփով», «Անձրեւի մարդով» ու «Կնոջ բույրով» (իմ ամենասիրած ֆիլմերից մեկը), մեկ տրամաբանություն ու փիլիսոփայություն ունեն՝ մեկ հոգին հարց լուծող է, ռազմի դաշտում մեկ զինվորն էլ է զինվոր, կամ, ինչպես հայ հանրապետականների սիրելի Նժդեհն է ասել՝ վճռական մենակ: Ռուսական «Եղբայր», «Եղբայր-2» եւ վերջին շրջանի այլ ֆիլմեր եւս այս տրամաբանության մեջ են:
Այս ֆիլմերը դիտող շարքային ամերիկացին (արդեն նաեւ ռուսը) հասկանում է, որ մեկ հոգին կարող է հաղթել ու հաղթում է: Դրա համար էլ ԱՄՆ-ում կրիտիկական զանգվածի չեն սպասում, ամեն մեկը իր հարցը լուծում է: Ամերիկացիներից շա՜տ առաջ վճռական մենակի ուժը հասկացած Նժդեհին մեզ մոտ միայն բառերով են ընդունում, նրա գաղափարներով, նրա փիլիսոփայությամբ ֆիլմեր նկարելու մասին չեն էլ մտածում: Բայց նկարում են «Հրեշտակների դպրոցը», որից երեխան մեկ բան կարող է սովորել, եթե ուզում ես թանկարժեք մեքենա ունենալ ու կյանքի հաճույքները վայելել, պետք է դիմացինիդ չհարգես: Սա՝ մեղմ ասած: Իսկ ով այդպիսին չի կարող լինել կամ չի ուզում լինել, պետք է հանդուրժի դրանց բոլոր «քմահաճույքները», ստորանա, խեղճանա, մեռած ապրի:
Չեմ կարծում, թե «Հրեշտակների դպրոցի» հեղինակները հասարակական տրանսպորտով են երթեւեկում: Առաջարկում եմ մի երկու-երեք օր երթուղային տաքսիներով երթեւեկել եւ կտեսնեն իրենց արատավոր սերիալների վատ ազդեցությունը: Իրար չհարգող, պաշտոնյայի լկտիության դեմ անզոր եւ տրանսպորտում իր համաքաղաքացու հետ վիճող քաղաքացի, կրիտիկական զանգվածի սպասող ու ապօրինությունների դեմ բան չանող քաղաքացի:
Տավուշի եւ Սյունիքի գյուղերի ղեկավարներն են հայտարարել, որ գյուղերի դատարկվածությունը մեր ազգային անվտանգությանը սպառնացող չափերի է հասել եւ դեռ շարունակվում է: Մարդիկ հեռանում են, որովհետեւ հեռանկար չեն տեսնում: Բայց տեսնում են «Հրեշտակների դպրոցը», օտարալեզու դպրոցներ եւ նման այլանդակ (ներողություն կոպիտ բառի համար) այլ իրողություններ, որոնք լրացուցիչ ազդակ են, որ հայաստանցին իր հայրենիքից ընդմիշտ հեռանալու որոշում կայացնի: Որովհետեւ, երբ Աստծո շնորհ ու «լավագույն տղերքի» արյամբ փայփայված «Ավետյաց երկիրը» իշխանություն ունեցողների ձեռամբ միտումնավոր ու համառորեն վերածվում է «նզովյալ հողի», ու դրա դեմ ընդվզողները հայրենիքի դավաճան են որակվում՝ այլ բան չի մնում, քան հեռանալ: Մինչդեռ հավաստի լուրեր կան, որ այս սերիալները երբեմն նկարահանվում են դասերի՝ կրթության եւ գիտության հաշվին, հանուն սերիալի՝ դպրոցի մեկ դասարանի մեկ կամ մի քանի դաս չի կազմակերպվում: Սա է հայրենիքի դավաճանությունը:
«Հրեշտակների դպրոցը» ոչ մի լավ բան չի տվել ու չի տալու Հայաստանի Հանրապետության այսօրվա քաղաքացուն: Եթե կա մեկը, որ կուզենա հակառակը ապացուցել՝ պատրաստ եմ հրապարակային բանավեճի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել