Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՁՄԵՌ ՊԱՊԵՐԻ ԳՈՐԾԸ ՎԱՏԱՑԵԼ Է

Հունվար 18,2011 00:00

Լոռու մարզում լույսերի պակաս չկար, քիչ էին Ձմեռ պապերը, լուսանկարվողներն ու հին տարվա մեղքերը մաքրող խարույկի համար հին անվադողերը:

2011 թվականը Լոռու մարզկենտրոն Վանաձորի հրապարակը դիմավորեց միայն մի Ձմեռ պապով: Պատճառը մարդկանց ֆինանսական վիճակն է: Ամեն տարի 10-ից ավելի Ձմեռ պապ էր լինում, այս տարի քաղաքի Ձմեռ պապերը որոշել են, որ միայն մեկն աշխատի: Դա, իհարկե, մի փոքր դժվարացրել է նրա աշխատանքը, մեկ Ձմեռ պապը եւ հրապարակում պիտի լինի, եւ տներ այցելի: Բայց հաջողել է այդ ընթացքում երեք անվճար այց էլ հիվանդանոց կատարել: 25 տարի քաղաքի գլխավոր Ձմեռ պապ Արմեն Ներսիսյանն այս տարի թողել է այդ հաճելի պարտականությունը: Հաջորդ վաստակավոր Ձմեռ պապը Գագիկ Դյուրմիշյանն է, ով այս տարի Հովհաննես Աբելյանի անվան պետթատրոնում է միայն աշխատել: Մյուսները մանուկներին ուրախացրել են մանկապարտեզներում, մշակութային օջախներում: «Նույնիսկ երեխաները չեն հավատում Ձմեռ պապին, քաշում են մորուքից, ձեռնոցով մաքրում են կարմրաներկը»,- սրտնեղեց Ձմեռ պապերից մեկը:
Նախկին տարիներից տարբերվող լուսառատ ու շքեղ հրապարակում տարվա խորհրդանիշ նապաստակների եւ կատուների պակաս չկար, բայց նրանց հետ նկարվելու ցանկություն ունեցողներն ավելի քիչ են: Յուրաքանչյուր կադրը 300 դրամ է՝ գումարած լուսանկարչի աշխատանքը: «Դա, իհարկե, մեկ կիլոգրամ խնձորի գին էլ չի, բայց գումար չլինելու պատճառով իրենց անձնական լուսանկարչական ապարատներով կամ հեռախոսով են նկարվում»,- իրենց հերթին սրտնեղում են տարվա խորհրդանիշները: Ավելի դժգոհ են լուսանկարիչները, հիմա հազվադեպ են դիմում իրենց:
Վանաձորը ավելի հետաքրքիր ու գեղեցիկ է հատկապես երեկոյան: Քաղաքն ամբողջությամբ լուսավորվում է: Վանաձորի փողոցների երկայնքով ձգվող ծառերն անգամ լույսերով են զարդարված: «Նկատել եմ, լույսերը նկատելիորեն շատանում են, երբ տաքսի ծառայություններն են աշխատում»,- ասում է վանաձորցի Գեղամ Սարգսյանը: Քաղաքի 30-ից ավելի տաքսի ծառայությունների կողքին աշխատում են նաեւ անհատ տաքսիները, բայց բնակիչները կրկին երկար սպասում էին մինչեւ ազատ տաքսի կգար:
«Գալա» տաքսի ծառայության աշխատակիցը գոհ է Ամանորի պատվերներից. «Սերվիսը տրաքում է զանգերից, իմ անձնական հեռախոսը տրաքում է, չենք հասցնում, ժողովուրդը նախընտրում է օգտվել հենց տաքսիներից»: Որքան էլ զարմանալի է, հասարակական տրանսպորտի վարորդներն էլ են գոհ Ամանորի անցուդարձից. «Տոնական օրերին համեմատաբար երկար ենք աշխատել, հոսքն ընդհանրապես չի դադարել, էս տարի առանձնահատուկ է»:
Լոռու մարզի մյուս քաղաքներում էլ տոնը առանձնապես տոնական չի եղել: Ալավերդիում այս տարի լուսանկարիչ ընդհանրապես չի եղել: Ավելի ոգեւորված էին մարզի գյուղերի երեխաները, նրանք մեծերից սովորել են, որ հունվարի 13-ի գիշերը պետք է մեծ խարույկով դիմավորեն հին տոմարով Նոր տարին: Խարույկի համար մեքենաների հին անվադողերը վաղուց են հայթայթել ու պահել: Բայց վերջին տարիներին անվադողերի թիվը պակասում է, գյուղաբնակները հազվադեպ են դեն նետում հին անիվները, «տուն է, պետք կգա» ասելով՝ պահում ու օգտագործման մի եղանակ գտնում են: «Այս տարի երկու անվադող ենք վառել Խաչի դոշում: Վառել ենք, որ կրակը մաքրի հին տարվա մեղքերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել