Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊՆ-ի ամփոփիչ խորհրդակցությունը

Հունվար 18,2011 00:00

\"\"Շաբաթ օրը ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է նախարարության իրավապահ մարմինների 2010 թվականի աշխատանքների ամփոփիչ խորհրդակցություն: Զեկույցով հանդես են եկել ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արամ Տեր-Սահակյանը, քննչական վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում նշել է, որ զինված ուժերում հանցագործությունները նվազեցնելու համար առավել մեծ աշխատանք պետք է տանել կանխարգելման ուղղությամբ՝ շեշտը դնելով դաստիարակության լավագույն մեթոդների կիրառման, զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման եւ զինվորական բարեկրթության պահպանման վրա: Նախարարն ասել է, որ կարգապահության հարցերը 2011 թվականի առաջին կիսամյակում լինելու են պաշտպանության նախարարության ղեկավարության հատուկ ուշադրության ներքո:
Ըստ ՊՆ տեղեկատվության վարչության, անդրադառնալով վերջին շրջանում հանրային հնչեղություն ստացած՝ զորամասի հրամանատարի եւ մի խումբ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած միջադեպին, ՀՀ պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Ունենալով արցախյան պատերազմին մասնակցի մարտական ուղի՝ ես առանձնահատուկ հարգանք ունեմ պատերազմի բոլոր մասնակիցների նկատմամբ: Սակայն կարծում եմ, որ արցախյան պատերազմի մասնակից լինելը նաեւ շատ պարտավորեցնող է, եւ բնական է, որ մեր հասարակությունը ակնկալում է, որպեսզի պատերազմին մասնակից սպաներն իրենց վարքով ու գործողություններով լինեն օրինակելի: Մենք այսուհետեւ եւս անհանդուրժող կերպով ենք արձագանքելու ցանկացած օրինախախտման, որպեսզի մեր նահատակված ընկերների կյանքի գնով ձեռք բերված հաջողությունները լինեն շարունակական, իսկ այն ապահովող բանակը՝ կարգապահ: Զինված ուժերում գործող կանոնակարգերը բոլորի համար են եւ ենթակա են պարտադիր կատարման»:
Ելույթ են ունեցել նաեւ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը եւ ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել