Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԵՐԻԱԼԻՑ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունվար 18,2011 00:00

\"\"Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ, երեկ 1 ժամ ուշացումով վերսկսեց Արտավազդ Առաքելյանի եւ 7-ի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ուշացման մեղավորը դատախազի տեղակալ Ռոմիկ Խաչատրյանն էր, որը դատարանին ուշացումով տեղեկացրել էր, թե տարեկան հաշվետվությունների հետ կապված՝ գտնվում է գլխավոր դատախազությունում եւ չի կարող մասնակցել դատական նիստին: Քրեական դատավարության օրենսգիրքն էլ սահմանել է, որ առանց մեղադրողի կամ մեղադրանքը պաշտպանող կողմի՝ դատական նիստը պետք է հետաձգվի կամ դատախազը պետք է փոխարինվի նորով: Բնականաբար, վերջին տարբերակը չընտրվեց եւ նիստը հետաձգվեց 1 օրով:
Մեղադրյալներից՝ Արտավազդ Առաքելյանը հայտնի է «Տյոմ Յուժնի» մականունով, նրան ճանաչում են մենահամերգներից, «Որոգայթ», «Կյանքի գինը» հեռուստասերիալներից, որոնց գլխավոր դերակատարներից էր:
Երեկ դատարան էին եկել նրա սերիալային ընկերները, պրոդյուսերը, քույրը՝ Մոնիկան, ում հետ նա զուգերգեր է կատարել: Հիշեցնենք, որ Ա. Առաքելյանը ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է գտնվում անցյալ տարվա փետրվարից: Նրա պաշտպանությունը ստանձնել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Վահան Հայրապետյանը:
Ըստ մեղադրական եզրակացության, Արտավազդի հետ նույն գործով մեղադրվում են «Հով Էլեկտրոնիկ» ՍՊԸ տնօրեն Սերյոժա Ամիրխանյանը (նրա պաշտպանը Լիպարիտ Սիմոնյանն է), Արտակ եւ Արթուր Թադեւոսյանները (վերջինս նույնպես «Որոգայթ» հեռուստասերիալի դերակատարներից է), բջջային հեռախոսների խանութների սեփականատեր Վահե Մաղաքյանը եւ մի կին՝ Գոհար Վարդանյանը:
Ըստ մեղադրական եզրակացության, «Ա. Առաքելյանը մեղադրվում է նրանում, որ ուրիշի գույքին խարդախությամբ տիրանալու դիտավորությամբ, նախապես համաձայնության գալով տարբեր անձանց հետ, իրավունք վերապահող կեղծված փաստաթուղթ հանդիսացող տեղեկանքների օգտագործմամբ վարկեր ստանալու նպատակով կատարել է դիտավորյալ հանցագործություններ»: Ըստ մեղադրական եզրակացության, «Տյոմ Յուժնին» ստացել է կեղծ տեղեկանքներ տարբեր անձանց անունով, որպեսզի վարկեր վերցնի բանկերից (Մոտ 527 000 դրամի բջջային հեռախոսների, բանկից սառնարան, փոշեկուլ գնելու նպատակով ստացված 789 840 դրամի, 528 000 դրամ գումար ստանալու ուրիշի անունով եւ օգտագործելու…մասին):
Նշեմ, որ «Տյոմ Յուժնին» ցուցմունք է տվել, որ խարդախություններ չի կատարել, այլ իր կողմից ձեռք բերված կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ստացված գումարները չի կարողացել վերադարձնել, քանի որ հայտնվել է ֆինանսական ծանր դրության մեջ:Նա նաեւ հայտնել է, որ կատարել է որոշ վճարումներ, իսկ մնացածը չի կատարել, քանի որ ծախսել է ձայնագրությունների համար. «Ես քննությունից չեմ թաքնվել, չեմ իմացել հետախուզման մասին, հակառակ դեպքում իմ գովազդային պաստառները չէի փակցնի Վրաստանի եւ ՌԴ տարբեր քաղաքներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել