Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՉԵՆ ՏԱ՞ ՇԻՆԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

Հունվար 18,2011 00:00

«Բացի բակային տարածքների բարեկարգումից, Կենտրոնում որեւէ այլ շինթույլտվություն սկզբունքորեն չի տրվելու, կանաչ տարածքի հաշվին որեւէ շինարարություն չի լինելու: Ինքնակամ եւ ապօրինի շինարարության ոլորտում նույնպես կոշտ քաղաքականություն ենք իրականացնելու»,- երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքայինի խորհրդակցության ընթացքում հայտարարել է քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ըստ այդ տեղեկատվության, Կ. Կարապետյանը նաեւ քաղաքապետարանի տրանսպորտի վարչությանը հանձնարարել է գույքագրել ավտոկայանատեղիները եւ դրանք բերել օրինական դաշտ:
Իսկ մինչ օրակարգի հիմնական հարցերին անցնելը, քաղաքապետը հայտնել է, որ առաջիկա ուրբաթ օրը Երեւանի ավագանու դիտարկմանը կներկայացվի քաղաքապետարանի կառուցվածքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկների նախագիծ: Ըստ news.am-ի, քաղաքապետը ներկայացրել է մի քանի թեկնածություններ, որոնք առաջիկայում առանցքային պաշտոններ են զբաղեցնելու Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում. բացի գործող 3 փոխքաղաքապետերից՝ Տարոն Մարգարյանից, Կամո Արեյանից, Վանո Վարդանյանից, եւս մեկ փոխքաղաքապետ կլինի, որը կհամակարգի ֆինանսական խնդիրները, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնի համար շրջանառվում է Վահե Ստեփանյանի անունը, իսկ Երեւանի գլխավոր ճարտարապետ է նշանակվելու Միքայել Հասրաթյանը, ինչի մասին «Առավոտը» տեղեկացրել էր դեռ հունվարի 13-ին: Ըստ նույն աղբյուրի, քաղաքապետը մտադիր է նոր պաշտոն ստեղծել՝ Երեւանի գլխավոր դիզայներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել