Լրահոս
Օրվա լրահոսը

«Էշը ժողովուրդը չէ, էշը դուք եք»

Հունվար 18,2011 00:00

Իշխանություններին այսպես է որակում ԺԿ ղեկավարը

Տիգրան Կարապետյանի՝ Գյումրու դրամատիկական թատրոնի բակում անցկացրած հանրահավաքին մասնակցելու էին եկել բացառապես ծերերը, սակայն այն իր մարդաշատությամբ բացարձակապես չէր զիջում ՀԱԿ-ի անցկացրած բողոքի ակցիաներին: Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գաղտնի նկարահանում էին մասնակիցներին՝ ուշադրության չդարձնելով, որ հավաքվածների գերակշռող մասը գործազուրկներ են, որոնք եկել էին իրենց սոցիալական վրդովմունքն արտահայտելու:
Ժողովրդական կուսակցության ղեկավարը, Թատերական հրապարակը լիքը տեսնելով ոգեւորվեց՝ գյումրեցիներին «թասիբով ու հզոր» անվանեց, Գյումրին էլ՝ «թասիբի ու բարոյականության մայրաքաղաք»: «Ինձ ասում էին՝ գյումրեցիները չեն գա, ես ասում էի՝ կյանքը գյումրեցիներից ա սկսվել»,- այսպես սկսեց իր խոսքը Տիգրան Կարապետյանը՝ «ԱԼՄ»-ի եթերազրկման «ցինիկ անարդարության» հետ միաժամանակ հատ-հատ հիշելով գյումրեցիներին հուզող խնդիրները: «Ես ամենաառաջին օրվանից պահանջել եմ արդար վերաբերմունք, վա՞տ եմ անում, ինչո՞ւ մենք պետք է հալածվենք, ինչո՞ւ մեր հաշվին պետք է փող աշխատեն, պետք է դղյակներ սարքեն, պետք է թողնեն ստեղից գնան, ինչքան կարանք մենք մարդկանց հնարավորություն տանք՝ ինչ-որ կեղծիքներով առաջ գնալ, մեր հաշվին առաջ գնալ, ի սեր Աստծո, ես ոչ մեկի փողը չեմ հաշվում: Այսօր Երեւանում թաղապետեր արդեն նշանակում են իրենց որդիներին, որդիները կնշանակեն իրենց կանանց, իրենց որդիներին»,- զայրացած ասում էր Տ. Կարապետյանը՝ հանկարծ հիշելով, որ «արհեստավորների ու հրաշքների աշխարհ» Գյումրին այսօր աղքատության մեջ է:
Տիգրան Կարապետյանը հայտարարեց, որ այսուհետեւ իր կուսակցությունն ընդդիմադիր է. «Եկեք պահենք մեր հայությունը, չթողնենք հայ ժողովրդին այլասերվեն, դառնան օլիգարխասեր, պոռնկասեր, եկեք պահենք մեր ավանդույթը, դուք՝ գյումրեցիներդ, միշտ պահել եք ավանդույթը, միշտ հայավարի եք մոտեցել, միշտ մարդասեր ու հյուրասեր եք եղել»: Նա ասաց, որ վաղը «ԱԼՄ»-ի եթերազրկման «7»-ն են անելու, հանվարի 19-ից էլ մինչեւ փետրվարի 28-ը՝ «քառասունքը», այսպիսով Տիգրան Կարապետյանը մինչեւ այդ՝ իշխանություններին բարեփոխումներ անելու ժամկետ տվեց, այլապես. «Մենք էլ կկանգնեք ու իշխանությունների հրաժարականը կպահանջենք: Կասենք՝ հեռացեք, ու հետամուտ կլինենք մինչեւ վերջ էդ սկզբունքին, ոչ թե Լեւոնի պես սնայպերից կվախենանք, չե՛նք վախենա, ո՞ւր են էդ սնայպերները, թող անեն իրենց գործը»: Վերջում էլ ավելացրեց. «Հերիք ու բոլ եղավ ժողովրդին էշի տեղ դնեն, նրանց փոխարեն ապրեն ու քեֆ անեն: Էշը ժողովուրդը չէ, այլ իրենք են»: Ի դեպ, հանրահավաքի վերջում կանանցից մեկը մի նամակ հանձնեց Տ. Կարապետյանին՝ հավաքվածների համար էլ բարձրաձայնելով, որ նամակում «բերանից եկածն» ասել է ԺԿ ղեկավարին՝ «Գյումրին թատերաբեմ դարձնելու ու ընտրությունների նախաշեմին կեղծ ընդդիմադիր խաղալու համար»:
Նշենք, որ մարզային հանրահավաքները ԺԿ նախագահը սկսել էր Լոռու մարզկենտրոն Վանաձորից, բայց հիասթափվել, քանի որ ակնկալում է, որ 10-20 հազար մարդ կգա հանրահավաքի, սակայն դրա 10%-ն էլ չէր հավաքվել, եկել էին տնակային ավանի բնակիչները, բանկերում ավանդ ունեցողները, նրանք, ովքեր ժամանակին հեռուստացույց են նվեր ստացել ու ԺԿ-ի ղեկավարի ջանքերով կապուտակ Սեւանից կարոտը առել:
«ԱԼՄ»-ն չի պարտվել, «ԱԼՄ»-ն փակեցին, դա քաղաքական որոշում էր, որովհետեւ իրենք վախենում են ժողովրդի ազատ խոսքից»,- նման հայտարարություններով էլ Տիգրան Կարապետյանը սկսեց Վանաձորի հանրահավաքը: Նաեւ տեղեկացրեց, որ իրեն բազմիցս զգուշացրել են, չթողնել ժողովուրդն իր ուզածն ասի եթերում, կանգնեցնել, արգելել, որ իշխանության հասցեին «թթու խոսք» չհնչի, բայց քանի որ «ԱԼՄ»-ն ազատ խոսքի հրապարակ էր, հենց դրա համար էլ ՀՌԱՀ-ը քաղաքական որոշում կայացրեց՝ փակեց «ԱԼՄ»-ն. «Ես նրանց ասում եմ, մի արեք վարկաբեկիչ բաներ, եւ ժողովուրդը ձեզ չի քննադատի»:
Տիգրան Կարապետյանի համար, սակայն, պարզվում է՝ կարեւորը անսահմանափակ խոսելու հնարավորությունը չէ, այլ, որ ժողովուրդը համախմբվի: «Միայն հեռուստաընկերություն կամ այլ որեւէ առանձին բան գոյություն չի ունենա, ամբողջ դաշտն այսօր ապականված է անարժան մարդկանցով, որոնք ժողովրդին խեղճացնում են, մենք թույլ չենք տա, որ նրանք մեզ կառավարեն»,- խոստացավ Տիգրան Կարապետյանը եւ ասաց, որ որոշել է պայքարել արդարության համար եւ ՀՀ նախագահ դառնալ:
Վանաձորի հանրահավաքը չարտոնված էր, իսկ հոսանքի բացակայությունը Կարապետյանին եւ նրա թիմակիցներին էլ ավելի բորբոքեց՝ մինչ այդ հնչող «Ոչ իշխանությանը», «Հեռացեք» կոչերին ավելացավ «Անվստահություն քաղաքապետին, ամոթ Դարբինյանին» վանկարկումը:
Այստեղ էլ էր Վանաձորի քաղաքապետարանի բաժինների բաց պատուհաններից գաղտնի նկարահանում կատարվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել