Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական թիմերը նախապատրաստվում են-2

Հունվար 15,2011 00:00

\"\"«Առավոտը» շարունակում է ներկայացնել հայկական ֆուտբոլային ակումբների նախապատրաստությունը՝ 2011 թվականի մրցաշրջանին:

Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկն» այս օրերին մարզվում է Երեւանում: Թիմն արդեն հասցրել է մեկ ընկերական հանդիպում անցկացնել «Շիրակի» հետ՝ 0:0 ավարտելով այն: Այլ ստուգողական խաղեր երեւանյան հավաքի ընթացքում «Փյունիկի» մարզչական շտաբը չի նախատեսում: Ակումբը երեք արտասահմանյան հավաք է անցկացնելու, որոնցից առաջինը Սոչիում՝ հունվարի 20-30-ը: Այդ ընթացքում նախատեսված է անցկացնել երկու ստուգողական հանդիպում, սակայն մրցակիցները դեռեւս ճշտված չեն: Երկրորդ հավաքը Վարդան Մինասյանի թիմը կանցկացնի Կիպրոսում՝ փետրվարի 3-17-ը, որի ընթացքում «Փյունիկի» ֆուտբոլիստների մեծ մասն ազգային հավաքականի կազմում կմասնակցի Վրաստանի ընտրանու հետ ընկերական խաղին: Իսկ երրորդ հավաքը նախատեսվում է անցկացնել փետրվարի 20-ից մարտի 2-ը՝ Իտալիայում կամ ԱՄԷ-ում, որի ընթացքում Մինասյանի թիմը երեք ստուգողական հանդիպում կունենա:
Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Ուլիսը» արտասահմանյան  հավաքների հարցում փոքր-ինչ զիջում է չեմպիոնին: Մեկ հավաք է նախատեսված արտասահմանում՝ փետրվարին, սակայն դեռ պարզ չէ, թե որտեղ այն կանցնի:
«Ուլիսն» այժմ մարզվում է ֆուտբոլի ակադեմիայում, իսկ հունվարի 16-28-ը այնտեղ կանցկացնի ուսումնամարզական հավաք: Սեւադա Արզումանյանի թիմն այս օրերին հասցրել է մեկ ստուգողական հանդիպում անցկացնել՝ ուժերը չափելով «Շիրակի» հետ: Այդ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0: Հարկ է նշել, որ մեկ տարվա ընդմիջումից հետո թիմ է վերադարձել վրացի պաշտպան Լեւան Ակոբիան, «Ուլիսում» են նաեւ Արման Մինասյանը՝ «Իմպուլսից», Արմեն Ֆիշյանը՝ «Միկայից», Հովհաննես Գրիգորյանը՝ «Գանձասարից», նախկին փյունիկցիներ Միհրան Մանասյանն ու Ալբերտ Թադեւոսյանը: Այժմ թիմում փորձաշրջան են անցնում վրացահայ կիսապաշտպան Գեորգի Պողոսյանը, նախկին միկացի Վիգեն Համբարձումյանը, զինծառայությունից վերադարձած Գեղամ Հովհաննիսյանը եւ Արտավազդ Բոյաջյանը: Առաջիկա օրերին սպասվում է նաեւ «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Ռենատոյի ժամանումը ակումբ: Բացի Ռենատոյից, փետրվարին, հավանաբար, թիմին կմիանան եւս երկու բրազիլացիներ, որոնց հետ այժմ բանակցություններ են վարվում:
Ինչպես եւ «Ուլիսը», «արտասահմանյան» մեկ ուսումնամարզական հավաք է նախատեսել առաջիկայում անցկացնել նաեւ «Արարատը», սակայն այս դեպքում էլ ժամկետներն ու վայրը դեռ հստակեցված չեն: Բարձրագույն խմբի նորեկն այժմ մարզումներն անցկացնում է Ձորաղբյուրի մարզաբազայում, իսկ մինչեւ ամսվա վերջ՝ հունվարի 30-ին ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտերում ստուգողական հանդիպում կունենա «Շիրակի» հետ: Չնայած նախորդ առաջնության ավարտին ակումբի փոխնախագահ Արկադի Անդրեասյանը հայտարարել էր, թե թիմի առջեւ լուրջ խնդիրներ չեն դրվելու, ուստի լուրջ համալրումներ չեն սպասվում, առաջիկա օրերին արտասահմանից մի քանի ֆուտբոլիստ կժամանի Հայաստան՝ «Արարատում» փորձաշրջան անցնելու համար: Բացի այդ, թիմում արդեն փորձաշրջան է անցնում Բելգիայից ժամանած 17-ամյա հարձակվող Ադրիան Ահմետաջը:
Ի տարբերություն վերը նշվածների, «Կիլիկիայում» արտասահմանյան հավաքների մասին չի խոսվում: Այժմ կիլիկիացիները՝ գլխավոր մարզիչ Բաբկեն Մելիքյանի գլխավորությամբ, մարզումներ են անցկացնում դահլիճում, ուժային վարժություններ կատարում, ինչպես նաեւ երկկողմանի հանդիպումներ կազմակերպում: Իսկ թիմի հետագա ծրագրերը կհստակեցվեն առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել