Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՁՐԱՁԱՅՆՎԵԼ Է ՋՈՒՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԵՐԻ ՀԱՐՑԸ

Հունվար 15,2011 00:00

2011թ. հունվարի 13-ին Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում կայացավ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (World Intellectual Property Organization – WIPO) կողմից կազմակերպված «Մտավոր սեփականության տնտեսություն» (The economics of Intellectual Property) թեմայով գիտաժողովների շարքի հերթական հանդիպումը: Այդ մասին «Արմինֆոյին» հաղորդել են Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնում: Հրավիրված էին շուրջ 40 երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, ինչպես նաեւ մի շարք աֆրիկյան եւ արաբական երկրների կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանը ներկայացնում էր Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Սասուն Հովհաննիսյանը: WIPO կազմակերպության գլխավոր տնտեսագետ Կարստեն Ֆինկի բացման խոսքից հետո զեկույցով հանդես եկավ Օքսֆորդի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Քրիստին Գրինհալխը, որին հաջորդեցին գիտաժողովի մասնակիցների ելույթներն ու հարցերը: Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Սասուն Հովհաննիսյանն իր ելույթի սկզբում անդրադարձավ Հայաստանում մտավոր սեփականության ոլորտում իրականացված բարեփոխումներին՝ ընդգծելով միջազգային փորձի ներդրման զարգացման անհրաժեշտությունը:
Հովհաննիսյանի ելույթի մեծ մասը վերաբերում էր Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման՝ որպես հայ մտավոր սեփականության ոչնչացման փաստին: «2005թ. դեկտեմբերին ադրբեջանցիների կողմից պետական մակարդակով կազմակերպված հանցագործության հետեւանքով վերջնականապես ոչնչացվեցին Նախիջեւանի Հին Ջուղայի գերեզմանոցի ավելի քան 5000 խաչքարեր՝ հայ բարձրարվեստ մշակույթի ինքնատիպ կոթողները, հայ ազգի մտավոր սեփականությունը»,- նշել է Սասուն Հովհաննիսյանը, ավելացնելով, որ փաստին քաղաքակիրթ մարդկությունը դեռ իր գնահատականը չի տվել. «Ցավալի է, որ նավթադոլարների շահերն են փոշիացնում մշակութային հարստությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել