Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՈՂԱՑՎԱԾ» ԱՄՐՈՑԻ ԲԱԽՏԸ-2

Հունվար 15,2011 00:00

Ահազանգում է ճարտարապետը

\"\"«Առավոտը» 2010թ. հունվարի 23-ին տպագրել էր Տափի բերդ-ամրոցի վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետ Արամայիս Գրիգորյանի մտահոգությունը՝ «Գողացված» ամրոցի բախտը» վերնագրով: Հոդվածում նա նկարագրել էր Խոսրովի աջ ափին, Ուրծ քաղաքատեղիի հյուսիս-արեւմտյան եզրին գտնվող Տափի բերդ-ամրոցը, որին ժողովուրդը ժամանակին Գեւորգ Մարզպետունի անունն է տվել: 10-րդ դարի առաջին քառորդում կառուցված ամրոցը կանոնավոր հատակագծով քառանկյուն մոնումենտալ շինություն է, ունի ճարտարապետական եւ պատմամշակութային մեծ արժեք:
Նախագծի գլխավոր ճարտարապետը կրկին հիշեցրեց, որ ամրոցի վերականգնման նախագիծը ավարտել է 2007-ին, իսկ բուն աշխատանքները սկսվել են 2008թ.:
Ա. Գրիգորյանը դեռ անցյալ տարի մեր թերթին հայտնել էր, որ շինարարին է հանձնվել իր նախագծի սխալ ձեւափոխությունը այլ անձի կողմից, ու անզեն աչքով էլ երեւում է, որ վերակառուցումը սկսվել է առանց պեղման աշխատանքների արդյունքների. «Մասամբ վերակառուցված են ամրոցի պատերը, սակայն շատ թերություններով ու սխալ մոտեցումներով: Խախտված է նորաշար եւ պահպանված պատերի նույնաձեւությունը: Ամրոցի աշտարակները նույնպես վերակառուցվել են ոչ մասնագիտորեն, եւ որոշ մասերում չեն պահպանվել նախկին լուծումները»:
 Երեկ խմբագրություն այցելած պարոն Գրիգորյանն ասաց, որ նախագծի ընդհանուր արժեքը 7 միլիոն դրամ էր, սակայն իրեն ընդամենը 160 000 դրամ է վճարվել, մինչդեռ ընդունված կարգ է՝ նախագծային աշխատանքների փուլում վճարել գոնե 35 տոկոսը: Նախագծի գլխավոր ճարտարապետը «վերականգնման» արդյունքում աղավաղված հուշարձանի եւ այլնի մասին դիմել է տարբեր ատյաններ, նաեւ ամեն ինչ գրավոր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: Չնայած արդեն 3 տարի այս պատմությունը շարունակվում է, սակայն վերջին անգամ ընդամենը անցյալ տարվա սեպտեմբերին է Գրիգորյանը նամակ ստացել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունից, որտեղ ի պատասխան իր գրության՝ հայտնվում է. «Թիվ 61202808 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, որի վերջնական արդյունքների մասին կհայտնվի Ձեզ»: Մեր զրուցակիցը զարմացած է՝ ինչքա՞ն կարելի է սպասել, հուշարձանը 3 տարի աղավաղված է, սայլն էլ տեղից չի շարժվում: Նա նաեւ նեղսրտում է, որ մշակութային հուշարձաններով զբաղվող կազմակերպությունները լռում են՝ կարծես Տափի բերդ-ամրոցի ճակատագիրն իրենց ամենեւին չի հետաքրքրում:
Նախագծի գլխավոր ճարտարապետը հիշեցնում է հուշարձանի կարեւոր նշանակության մասին՝ հենց այստեղ է Բարսեղ գրիչի ձեռքով գրվել «Սաղմոսարանը», իսկ մատուռի հյուսիսային պատի ներսի երեսին պահպանված է ընդարձակ արձանագրություն, որը փորագրված է 1256թ.: Մատուռը իր վիմագիր արձանագրություններով կարեւոր աղբյուր է մարզի պատմության բազմաթիվ հարցերի պարզաբանման համար:
Բայց դա նախկինում էր, իսկ հիմա, ճարտարապետի խոսքով, ունենք անտարբերության մատնված մատուռ, որի վերականգնման ընթացքում մեծ թիվ են կազմում նորաշար քարերը, իսկ դրա պատճառն այն է, որ աշխատանքները սկսելուց առաջ պեղումներ չեն կատարվել: Դրա պատճառով էլ արձանագրությունների վերականգնումը կասկած է հարուցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել