Լրահոս
Օրվա լրահոսը

Էներգետիկ համաձայնագիրը ստորագրվեց

Հունվար 15,2011 00:00

Հինգշաբթի օրը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի եւ Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Օտինգերի մասնակցությամբ Եվրամիությունը եւ Ադրբեջանը կնքել են երեք համաձայնագիր, այդ թվում, այսպես կոչված՝ Հարավային միջանցքի հռչակագիրը: Եվրոպան ցանկանում է այդ միջանցքով գազ ստանալ եւ այդպես մեղմել էներգակիրների հարցում իր կախվածությունը վառելիքի հիմնական մատակարար Ռուսաստանից: Գազի փոխադրման մի քանի ծրագրեր, այդ թվում՝ 3 հազար 300 կիլոմետր երկարությամբ Nabucco-ն ներառող Հարավային միջանցքը, շրջանցելու են Ռուսաստանի տարածքը: Եվրոպական միությունը ներկայումս վառելիքի շուրջ 40 տոկոսը Ռուսաստանից է ստանում: «Սա շատ կարեւոր առաջընթաց է: Այս նոր ուղին նպաստելու է եվրոպացի սպառողների եւ եվրոպական արտադրողների էներգետիկ անվտանգությանը»,- «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, հինգշաբթի օրը Բաքվում ասել է Բարոզուն:
Համաձայնագրով ադրբեջանական կողմը պարտավորվում է կասպյան վառելիքի նշանակալից քանակություն տրամադրել Հարավային միջանցքին: Եվրոպան եւ Ադրբեջանը համատեղ են հոգալու գազատարի անցկացման եւ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման ծախսերը: Nabucco-ն RWE AG գերմանական ընկերությունն է անցկացնելու: Չլուծված հարցերից մեկը Շահ Դենիզի երկրորդ հանքի շահագործումն է, ադրբեջանցիները չեն բացառում տենդերը որեւէ այլ ընկերության շնորհելու տարբերակը:
Բաքվում Բարոզուն նաեւ հայտարարել է, թե Եվրամիությունը պատրաստ է բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ վիզային ռեժիմը պարզեցնելու շուրջ: «ԵՄ-ին եւ Ադրբեջանին միավորում են շատ հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում: Դրանց թվում է տարածաշրջանային կայունությունը, էներգետիկ անվտանգությունը եւ շատ այլ հարցեր,- ասել է Բարոզուն ու հավելել:- Իմ այցելությունը Բաքու՝ վկայում է այն մասին, որ ԵՄ-ն ցանկանում է գործընկերային հարաբերություններ զարգացնել Ադրբեջանի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել