Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԴՎԵԴԵՎԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ՆԱԵՎ ԽԵԼԱԳԱՐՆԵՐԸ

Հունվար 15,2011 00:00

Մոսկվայում տնանկ մի տղամարդ փորձել է ինքնասպան լինել հենց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ընդունարանում: Այդ մասին երեկ հաղորդել է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով մայրաքաղաքի իրավապահ մարմինների իր աղբյուրը: Վերջինս պատմել է, թե միջադեպը տեղի է ունեցել նախօրեին: Իլյինկա 23 հասցեում տեղակայված պետության ղեկավարի ընդունարան է մտել մի տղամարդ եւ ածելիի շեղբով իր մարմնի տարբեր մասերին՝ պարանոցին եւ աջ ձեռքին մի քանի հարված է հասցրել:
«Տղամարդը հոսպիտալացվել է, ոստիկանության աշխատակիցները, որոնք զբաղվում են միջադեպի հանգամանքների պարզաբանմամբ, պարզել են, որ 1970թ. ծնված տուժողը էթնիկ հայ է, որը ՌԴ տարածքում որեւէ գրանցման վայր չունի»,- գործակալությանը փոխանցել է ոստիկանության աշխատակիցը:
Նախնական տվյալներով, տղամարդն այդպիսի անսովոր ձեւով փորձել է իր վրա ուշադրություն հրավիրել՝ որեւէ փաստաթուղթ ստանալու ակնկալիքով: 
Աղբյուրը հիշեցնում է, որ նախօրեին Կարմիր հրապարակում ձերբակալվել էր մի մարդ, որը հանդիպում էր պահանջել ՌԴ ղեկավարի հետ: Տվերի մարզի 27-ամյա բնակիչը նախ՝ ձերբակալվել, ապա տեղափոխվել էր Մոսկվայի հոգեբուժարան:
Ավելի վաղ՝ 2010թ. դեկտեմբերի 23-ին, Կարմիր հրապարակում ձերբակալվել էր մի հոգեկան հիվանդ, որը պնդել էր, թե նախագահ Մեդվեդեւի հետ նշանակված հանդիպում ունի: Նրա փաստաթղթերի ստուգումից հետո պարզվել էր, որ 19-ամյա երիտասարդը Նոգինսկի գործազուրկ բնակիչ է: Հոգեբույժի կողմից նրան հետազոտելուց հետո որոշում էր կայացվել երիտասարդին տեղափոխել հոգեբուժարան: Այս միջադեպից առաջ՝ դեկտեմբերի 13-ին, Սարատովի մարզի մի բնակիչ փորձել էր ինքնասպան լինել՝ կտրելով երակները հենց Լենինի դամբարանի մոտ: Դեպքի վայր ժամանած բժիշկները նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղից ուղարկել էին հոգեբուժարան՝ դատահոգեբուժական փորձաքննության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել