Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել 2011թ. օրացույցներ: Այս տարի լրանում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական օրացույցի տպագիր հրատարակության 145-րդ տարին: Այն իր մեջ բովանդակում է եկեղեցական տարվա մասին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: 2011թ. պաշտոնական օրացույցը կազմել են Շիրակի թեմի առաջնորդ տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը եւ Մայր աթոռի տեսուչ տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը: Օրացույցի վերջում զետեղված են նաեւ տեղեկություններ Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռների եւ թեմերի, Մայր աթոռ Ս. Էջմիածնի միաբանության եւ պաշտոնեության վերաբերյալ: Հրատարակչական բաժնի կողմից լույս է տեսել նաեւ 2011թ. սեղանի օրացույց:
Ամենօրյա ժամատախտակներին զուգահեռ, այն բացատրություններ է տալիս բոլոր տոների եւ սրբոց հիշատակության օրերի մասին: Այս տարի Մայր աթոռը հրատարակել է նաեւ պատկերավոր օրացույց՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարներով: 1960-ական թթ. երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ եւ օժանդակությամբ Հ. Ռուխկյանը ստեղծել է Հայաստանի պատմական եկեղեցիների շուրջ 120 պատկեր, որոնցից լավագույնները զարդարում են այս օրացույցի էջերը: