Ոչ թե ազատել են աշխատանքից, այլ պատվել
ՀՀ Վերահսկիչ պալատը դեռ անցյալ տարվա մայիսին ուսումնասիրություններ էր իրականացրել Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում ու մի շարք բացահայտումներ արել՝ ներառյալ խոշոր գումարների վատնման «մասով», որոնք կապվում են արդեն նախկին ռեկտոր, ՀՀԿ անդամ Արտուշ Ղուկասյանի անվան հետ: Վերջինս 2010թ. իր անձնական բջջային հեռախոսը լիցքավորելու համար Մանկավարժական համալսարանի բյուջեից ծախսել է 7 մլն դրամ, եթե հաշվենք, որ 7 տարի էլ ղեկավարել է այդ բուհը, թիվը կլորիկ է ստացվում: Փաստաթղթային ուսումնասիրությունները ցույց կտան, որ Ղուկասյանի մտերիմներից մեկը՝ մագիստրատուրայի բաժնի վարիչ Հ. Մաճկալյանը եւ էլի որոշ պաշտոնյաներ շռայլորեն օգտվել են նույն աղբյուրից:
«Առավոտը» քանիցս անդրադարձել է Մանկավարժական համալսարանի աղմկահարույց անցուդարձին ու նրա նախկին ռեկտորի զանազան գործողություններին, որոնց վերաբերյալ Ղուկասյանը մշտապես հրաժարվել է մեկնաբանություններ տրամադրել թերթին: Դրանցից մեկն էլ համալսարանի բոլոր մասնաշենքներում իրականացված վերանորոգումներ էին եւ իբր ջեռուցման մարտկոցների փոփոխությունը, մինչդեռ անզեն աչքով էլ երեւում է, որ ընդամենը հին մարտկոցներն են ներկվել, ոչ թե հին համակարգն է փոխվել: Այդ նպատակով ծախսված ֆինանսական միջոցների վերաբերյալ եզրակացությունը թողնում ենք ընթերցողին:
Համալսարանի բոլոր մասնաշենքերի փայտյա դռներն ու պատուհանները՝ երկփեղկ ապակիներով, այժմ փոխարինվել են ալյումինե (եվրո) շրջանակներով, ու հայտնի չէ հին փայտյա շրջանակների ճակատագիրը: Ի դեպ, նախկին ռեկտորը դեռեւս իր անվամբ պահում է Նորքի հանրակացարանի 2 սենյակը՝ փակ վիճակում, մինչդեռ կարող էր բարեգործություն անել եւ տրամադրել փախստականներին:
Համալսարանում շատ է խոսվել, որ բուհի բյուջեն նպատակային օգտագործելու դեպքում հնարավոր էր մի քանի անգամ բարձրացնել դասախոսների չնչին աշխատավարձը, մի բան, որ հաջողվել է նորանշանակ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին: Նա դադարեցրել է նաեւ ամեն տեսակ շինարարական աշխատանքները բուհում:
Իր պաշտոնավարման ընթացքում ոչնչով աչքի չընկած Ա. Ղուկասյանը անցյալ տարվա վերջին նշանակվել է ԲՈՀ-ի նախագահի պաշտոնակատար, այսինքն՝ ավելի բարձր պաշտոնի: Նրա տխրահռչակ ու վատ համբավը նկատի ունենալով՝ ԲՈՀ-ի աշխատակիցները բողոք-նամակ են ուղարկել «վերեւներին»:
«Առավոտը» ԿԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ երկա՞ր է Ա. Ղուկասյանը մնալու ԲՈՀ-ի նախագահի պաշտոնակատար, եւ նախարարությունը տեղյա՞կ է նրա հանդեպ աշխատակիցների ոչ դրական տրամադրվածությանը: Պարոն Բաղդասարյանը պարզաբանեց. «ԲՈՀ-ի նախագահի պաշտոնը Քաղծառայության խորհրդի բարձրագույն պաշտոնն է, ուստի մրցույթն էլ խորհուրդն է հայտարարում: Թե երբ դա կլինի, ոչինչ ասել չեմ կարող»: ԿԳՆ վարչության պետը տեղյակ չէր նաեւ Ա. Ղուկասյանի հանդեպ եղած «բոհ»-ական դժգոհության ալիքից:
Խմբագրությունը պատրաստ է տպագրել նաեւ Ա. Ղուկասյանի կարծիքը, իրեն չենք զանգում՝ անցյալի «դառը» փորձը նկատի ունենալով: