Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

Հունվար 15,2011 00:00

Facebook սոցիալական ցանցում Կապանի Շահումյանի հանքավայրի շահագործման բաց նախագիծը մարդկանց դեմ բացահայտ ցեղասպանություն անվանեցին: Խոսքը «Deno Gold Mining» ընկերության նախագծի մասին է, որի համաձայն՝ Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը շահագործվելու է բաց եղանակով:
Այդպիսով պայթեցումների, փոշու եւ տոքսիկ տարրեր պարունակող միլիոնավոր տոննա ապարների ազդեցության տակ կհայտնվի Կապան քաղաքի տարածքը, որը մասնակիորեն տեղակայված է հանքավայրի վրա: «Տեղի մասնագետներն ահազանգում են, որ սարսափելի հետեւանքների կբերի շահագործվող հանքի մոտեցումը բնակեցված շրջաններին»,- գրված է նախագծին ուղղված արձագանքի մեջ:
Facebook սոցիալական ցանցում տարածված ահազանգին արձագանքեցին հասարակական կազմակերպությունները: Հունվարի 13-ին Երեւանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ տվյալ նախագծի քննարկումը: Նախագիծը դեռ չի ներկայացվել բնապահպանական փորձաքննության, բայց եւ մարզպետարանը, եւ  Կապանի քաղաքապետը, եւ կառավարությունը նրա մասին արդեն խոսում են՝ ինչպես իրականացման հանձնված նախագծի մասին: Նախագծի իրականացման համար առաջին հերթին հատվելու է 50 հազար ծառ, այսինքն՝ բոլոր մրգատու ծառերը, որոնք ընկերությունը գնել է բնակիչներից: Դրա համար անհրաժեշտ է միայն հողերի կատեգորիայի փոփոխման կառավարության որոշում: Որպես կանոն, որոշումն ընդունվում է հետեւյալ ձեւակերպմամբ՝ հանրային գերակա շահ ճանաչել հողատարածքը: Այս փաստարկը բերվում է միշտ, երբ մասնավոր ընկերությունը մտադիր է մեծացնել սեփական շահույթը հանրային եւ ազգային սեփականության՝ ոսկու, պղնձի, մոլիբդենի, ցինկի, արծաթի, երկաթի եւ, վերջապես, ուրանի հաշվին:
Ոչ պետությունը, ոչ ժողովուրդը դրանից ոչ միայն չեն շահում, այլ ընդհակառակը, տալով հարստությունը, վերածվում են ապարների եւ պոչերի գլոբալ աղբանոցի: Հայաստանի ընդերքի բաց շահագործումը նրա վերջն է: Այդ կարծիքին եկան քննարկման մասնակիցները, ովքեր որոշեցին բողոքի հասարակական կամպանիա սկսել ինչպես տվյալ նախագծի մակարդակով, այնպես էլ Հայաստանում ընդերքի շահագործման հետ կապված կոնցեպտուալ որոշումների մակարդակով:
«Էկոլուր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել