Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈ պետը դեռ պարտք է

Հունվար 15,2011 00:00

«Առավոտը» անցյալ տարվա դեկտեմբերին ահազանգ էր ստացել Գորիսի բնակիչներից՝ կապված տարածքի ռազմական ոստիկանության պետ Հովիկ Գրիգորյանի հետ: Նամակ-ահազանգում նշվում էր, որ ՌՈ պետը, որը հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի միջնորդությամբ էր նշանակվել այդ պատասխանատու պաշտոնին, պարտքեր ունի տեղաբնակներից շատերին, եւ որովհետեւ նրանց երեխաները զորակոչի հետ են առնչվում, շատ քաղաքացիներ գերադասում են լռել:
Երկու տղա բանակ զորակոչած, 28 տարվա մանկավարժ Անահիտ Միրզոյանը Գորիսի իրենց սեփական բնակարանը վարձակալության կարգով տրամադրում է ռազմական ոստիկանության պետ Հովիկ Գրիգորյանին: Հանգամանքների բերումով նրա ընտանիքը տեղափոխվել էր Երեւան: 6000, ապա 8000 դրամ ամսական վճարով ՌՈ պետը 4 տարի ապրում է Միրզոյանների բնակարանում, օգտվելով այնտեղ գտնվող ժամանակակից կահույքից, սպասքեղենից, կենցաղային իրերից:
Հ. Գրիգորյանը, հեռանալով Միրզոյանների բնակարանից (ստացել էր բնակարան), իր հետ տանում է նրանց իրերից: Ա. Միրզոյանը, որը հաստատեց կատարվածը եւ պատասխանեց համաքաղաքացիների նամակում բարձրացրած մի քանի հարցերին, հեռախոսով ասաց. «Հիմնական, թանկարժեք իրերը նա տարել էր, իսկ մնացածը թողել ջարդված ու կիսատ-պռատ վիճակում: Գրիգորյանն անխնամ էր վարվել կահույքի հետ, բացել էր տանտերերիս պահարանը, տակնուվրա արել նկուղը, այնտեղից վերցրել վրաններ, թանկարժեք շախմատը, չօգտագործված սպիտակեղենը, անգամ՝ սրբիչները»: Նամակագիրները, ի դեպ, հայտնել էին, որ իրենք տեսել են, թե ինչպես է ՌՈ պետը ցելոֆանե տոպրակներով կրում, տանում, ապա վերադարձնում Միրզոյաններին պատկանող իրերը:
«Նողկալի էր տեսնել, թե ինչպես էր նա վերադարձնում իրերս, ապա ջնջում այն իր մոտ եղած ցուցակից»,- ասում է Ա. Միրզոյանը:
Ի դեպ, Գորիսի ՌՈ այլեւս նախկին պետի այսօրինակ վարքագծի մասին «Առավոտը» համաքաղաքացիների ահազանգը ստանալուն պես հայտնել է ՀՀ ռազմական ոստիկանության պետի տեղակալ Հ. Ստեփանյանին: Մեր տեղեկություններով, այս կարգի բողոքներն են առիթ տվել, որ նրան Գորիսից տեղափոխեն Կապան. նա դեռեւս ՌՈ համակարգում է: Ա. Միրզոյանը դադարեցրել է 210 000 դրամ իրերի կորուստը եւ 45 000 դրամ չվճարված բնակվարձի եւ ջրի հաշվիչի դիմաց գումարը պահանջել:
Չնայած Գորիսի ջրմուղը զանգել է Միրզոյանին եւ պահանջել 4 տարվա ջրի չվճարված գումարը…«Հարգելի խմբագրություն, մենք այս մասին չէինք գրի, եթե ուղղակի կապ չտեսնեինք այսպիսի պատմությունների եւ բանակում մեկը մյուսին հաջորդող դեպքերի միջեւ», գրել էին «Առավոտի» նամակագիրները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել