Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ԶԱՆԳԵԼ «ՍԵՎԱՆԻՑ»

Հունվար 15,2011 00:00

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Գեղարքունիքի եւ Լոռու մարզի 11 բնակիչների դատաքննությունը: Վերջիններս մեղադրվում են ավազակային հարձակում կատարելու մեջ՝ զենքի գործադրմամբ ու զենքի հափշտակությամբ:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրականի՝ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հմայակ Սահակյանի ցուցումով 4 հոգուց բաղկացած խումբը մտել է Տաշիր քաղաքում ապրող Ավդալյանների տուն, կապկպել ամուսիններին, փակել բերանները եւ, գողանալով տան գումարը, ոսկեղենն ու զենքը, դիմել փախուստի:
Ամբաստանյալ Հ. Սահակյանի պաշտպան Արտակ Ոսկանյանը, սակայն, պնդում է, որ իր պաշտպանյալը մեղավոր չէ, որ նրան վերագրվող հեռախոսահամարը, որով զանգեր են կատարվել գործով մեղադրվող անձանց, ամենեւին էլ իր մոտ չի գտնվել ու հետեւաբար նա «Սեւան» ՔԿՀ-ում եղած ժամանակ չէր կարող կազմակերպել ավազակային հարձակումը: Պաշտպան Ոսկանյանը տարակուսանք հայտնեց, որ Հ. Սահակյանի մոտ հայտնաբերված հեռախոսահամարների վերծանումով գործի հետ կապված ոչինչ չի հայտնաբերվել, իսկ այն հեռախոսահամարը, որը նրա մոտ չեն հայտնաբերել, բայց  գործի հետ առնչություն է  ունեցել, վերագրում են նրան: 
«Դա ընդամենը ենթադրություն է: Իմ պաշտպանյալին վերագրվող  հեռախոսահամարի վերծանումից երեւում է, որ  վերջինիս՝ այս գործով ձերբակալված ու արգելանքի տակ եղած ժամանակ էլ  այդ հեռախոսահամարից «Սեւանից» էլի զանգեր են կատարվել գործի մեջ նշված ծանոթ համարների»:
Ըստ մեղադրականի՝ ավազակային հարձակման կազմակերպիչ Հ. Ս.-ի դեմ միակ ցուցմունք տվող Լեւոն Եղիյանը հայտարարել էր, որ իրեն խոշտանգել են, ԱԱԾ-ի մեկուսարանում ծեծել, վախեցրել, սպառնացել, որ եթե ցուցմունք չտա Հ. Ս.-ի դեմ, մորը՝ որպես ավազակային հարձակման մասնակից, 8 տարի կտան:
Լ. Եղիյանի պաշտպան Ռ. Հակոբյանն էլ հանդես  էր եկել  իր պաշտպանյալի կողմից հնչեցրած բռնությունների մասին հաղորդումը սահմանված կարգով ու սահմանված ժամկետում լուծելու մասին հայտարարությամբ:
ՀՔԾ-ում այդ նյութերի նախապատրաստման ընթացքում որոշում էր կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, ինչի հետ պաշտպան Ռ. Հակոբյանը համաձայն չէ:
Բացի այդ՝ պաշտպան Արտակ Ոսկանյանը տարակուսանք հայտնեց այն բանի համար, որ զննության արձանագրություններից պարզվում է՝ նույն հեռախոսահամարը սպասարկել են տարբեր սպասարկման կայաններ, այսինքն՝ ստացվում է՝ «Սեւան» ՔԿՀ-ն միեւնույն  ժամանակ սպասարկվել  է մեկից ավելի կայանների կողմից:
Պարզելու համար, թե արդյոք նման բան հնարավոր է, թե ոչ, դատարանը որոշում կայացրեց հաջորդ նիստին  բջջային կապի ոլորտից մասնագետ հրավիրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել