Հայաստանի կառավարությունն ու անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է դադարեցնեն Ռուսաստանի կառավարության հետ բանակցություններ վարել գազի գնի շուրջ:
Երեկ հրավիրած ասուլիսում այս մասին հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: News.am-ի փոխանցմամբ, Հ. Բագրատյանի կարծիքով՝ Հայաստան մատակարարվող գազի սակագինը պետք է որոշեն միայն ռուսական «Գազպրոմն» ու հայկական «ՀայՌուսգազարդը»:
Խնդիրը, ըստ Բագրատյանի, ոչ թե ռուսական գազի գնի մեջ է, այլ Հայաստանում դրա վրա կիրառվող ԱԱՀ-ի:
«Ներքին ծախսը Հայաստանում 190 դոլար է, Ուկրաինայում՝ 20 դոլար, երբ ես վարչապետ էի՝ 8 դոլար: Գազի վրա կատարվող ներքին ծախսն ավելի մեծ է, քան ռուսական գազի գինը, որ 180 դոլար է: Մենք 100 կմ-ի վրա ունենք աշխարհում ամենաբարձր ինքնարժեքը, 4-5 անգամ ավելի բարձր, քան Վրաստանում, Ուկրաինայում եւ այլ տեղերում»,- ասաց Հ. Բագրատյանը:
Համեմատության համար՝ Սլովակիային գազը վաճառում են 1000 խմ-ն 250 դոլարով, սակայն սպառողներին այն հասնում է 280 դոլարով:Հայաստանին գազը վաճառում են 180 դոլարով, սակայն սպառողներին այն հասնում է 370 դոլարով:
Ըստ Բագրատյանի տվյալների՝ Հայաստանում գազիֆիկացման մակարդակը 95 տոկոս է, եւ այդ առումով Եվրոպայում առաջատար ենք, սակայն գազից օգտվում է բնակչության միայն 60 տոկոսը: Պատճառը՝ թանկությունն է: Նրա հաշվարկներով՝ 2009-10 թթ. Հայաստանում գազի սպառումը նվազել է 50 տոկոսով: