Լրահոս
Օրվա լրահոսը

Միջբակային տարածքը՝ գերակա շա՞հ

Հունվար 15,2011 00:00

Երեւանի փոքր կենտրոնը արդեն իսկ խեղդված է կիսաբնակեցված «էլիտար» շենքերով, որոնք երեկոյան ժամերին, պատուհաններում լույս չլինելու պատճառով, անկենդան ու մռայլ տեսք ունեն: Այս պարագայում կարծես ավելի քան զարմանալի է միջբակային տարածք ներխուժելը, որը, ի դեպ, ՀՀ կառավարության կողմից ճանաչվել է հանրային գերակա շահ: Նման ձեւակերպումը հասկանալի եւ ընդունելի կլիներ, եթե խոսքը գնար կարեւորագույն տրանսպորտային հանգույցի լուծման, հանրային նշանակության ինչ-որ կառույցի մասին եւ այլն: Ո՞ւմ գերակա շահն է ճանաչվել այս դեպքում:
Արդեն 4 տարի է՝ Երեւանի Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի եւ Ա. Պետրոսյան փողոցներով պարփակված թաղամասի բնակիչները պարբերաբար դիմում են ՀՀ իշխանություններին՝ խնդրանքով՝ կասեցնել իրենց կանաչապատ, ցածր հարկայնության շենքերով կառուցապատված բակում երկու 16 հարկանի բնակելի շենքերի կառուցումը (երկհարկանի մանկապարտեզի քանդվող շենքի տեղում) եւ մանկապարտեզի շենքը քանդելուց հետո բակը հնարավորինս բարեկարգել: Ցավալի է, բայց արդեն իսկ հատվել է 15 ծառ եւ այդ գործընթացը ակտիվորեն ընթանում է:
Մինչդեռ հարյուրավոր բնակիչներ այդպես էլ, առ այսօր, որեւէ պետական ատյանից պատասխան չեն ստացել: Մինչդեռ 10 տարի առաջ կոնկրետ մի հարցով նամակ էի գրել Մեծ Բրիտանիայի թագուհուն եւ հուզմունքով հիշում եմ, թե ինչ օպերատիվությամբ իմ նամակն արձագանք ստացավ, որի պատասխանը ստացա ընդամենը 20 օրից:
Թերեւս հասկանալի չէ, թե ո՞ր քաղաքաշինական նորմերով եւ ո՞ր բարոյական սկզբունքներով են առաջնորդվել հարցին ընթացք տվողները: Սեյսմիկ գոտում, բակի կենտրոնում բարձրահարկ՝ 50 մ-ոց շենքեր կանգնեցնելը անթույլատրելի է: Մի՞թե մոռացվել է 1988-ի ավերիչ երկրաշարժի փորձը, որից հետո մեր պատմությունը բաժանվեց է «երկրաշարժից առաջ» եւ «երկրաշարժից հետո» փուլերի: Անվտանգության խնդիրները ապահովելու փոխարեն առ այսօր ինքներս ենք դրդում մեզ նոր աղետալի վիճակների եւ անդառնալի հետեւանքների: Սա՝ հարցի միայն անվտանգության մասին: Բայց չէ՞ որ գոյություն ունի հարցի բարոյական կողմը: 50-60-ականներից կառուցված շենքերի բնակարանների մեծ մասը ունի միակողմանի օրիենտացիա, իսկ Թումանյանի կողմից՝ միայն հյուսիսային: Այստեղի բնակիչները բնիկ երեւանցիներ են, ՀՀ այն քաղաքացիները, որոնք ժամանակին իրենց կյանքն ու գիտելիքներն են ներդրել մեր երկրի կայացման համար:
Հիմա նրանցից շատերը թե՛ տարիքի, թե՛ հիվանդության եւ թե՛ ֆինանսական անապահովության պատճառով տնից դուրս գալու հնարավորություն չունեն. նրանց միակ կապը արտաքին աշխարհի հետ՝ բակ նայող պատուհանն է:
Աչքի առաջ «ցցված» 16 հարկանիները բառիս բուն իմաստով կփակեն նրանց մի կտոր երկինքը եւ արեւի լույսը: Բակի բարեկարգման փոխարեն նորը կառուցելիս գոնե սահմանափակվեին 4-5 հարկով: Նախկինում բակերն ունեին ներքին կառուցվածք, որը տվյալ դեպքում, համաձայն գերակա շահի, սպառնում է մնալ «էլիտար» շենքերի ցանկապատից այն կողմ:
Ճարտարապետությունը իր մեջ ներառում է խորը հոգեբանություն: Ճարտարապետի առաջնահերթ խնդիրն է միջավայրի եւ տարածության ճիշտ ու գրագետ կազմակերպումը: Այս դեպքում ոչ միայն միջավայրն է աղավաղվում, այլ նաեւ մարդկանց հոգիներն են պղտորվում իշխանականների անտարբերությունից եւ այս խորքային խնդիրները հասկանալու անընդունակությունից: Ցավալի է, որ նաեւ ճարտարապետներն են դառնում մասնակից հանրային շահերի ոտնահարման՝ հօգուտ ներդրողի շահերի եւ քմահաճույքների: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել