Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽՈՐՈՎԱԾ ՍԻՐՈՂ ՊԱՊԱՍ ՈՒ ՆՍՏԵԼ ՍԻՐՈՂ ՄԱՄԱՍ»

Հունվար 15,2011 00:00

Մինչ հանգուցյալների հարազատներն իրենց սերն արտահայտում են գերեզմանատները հուշակոթողներով լցնելով՝ Երեւանում մեռելի տեղ այլեւս չի մնում:

Ամեն ամիս մայրաքաղաքում միջինը մահանում է 500-600 մարդ: Բնականաբար, այդ մարդկանց, ինչպես հարկն է, թաղում են որեւէ գերեզմանատանը: Հաշվի առնելով, որ մայրաքաղաքում այսօր ընդամենը 21 գերեզմանատուն կա, որոնց կեսից ավելին փակ է, այսինքն՝ տեղ չկա, մի պարզ հաշվարկ կատարելով՝ պարզ է դառնում, որ ընդամենը 8-9 տարի հետո, եթե երեւանցիները շարունակեն այս տեմպերով մահանալ, մեր պետությունը կանգնելու է փաստի առջեւ: Տարեկան 7000-7500 մարդու համար տեղ ճարելով՝ շուտով Երեւանը վերածվելու է մի հսկայական գերեզմանոցի: Իհարկե, վիճակն այսքան վատ չէր լինի, եթե ոմանք իրենց հանգուցյալ ծնողի, հարազատի նկատմամբ սերը չարտահայտեին գերեզմանի տեսքով ու նրանց համար դամբարաններ, բեսեդկաներ, եղեւնիներ ու հուշարձաններ տեղադրելով: Հաճախ նման գերեզմաններ տեսնելով՝ այնպիսի տպավորություն ես ստանում, թե հանգուցյալները պետք է այդ բեսեդկայում նարդի խաղան ու վայելեն: Մյուս կողմից էլ եկեղեցին է խոչընդոտում դիակիզարանների կառուցմանն ու այդ մշակույթի ներդրմանը: Եթե նույնիսկ դիակիզարաններ կառուցվեն էլ, հոգեւորականներն այնպես են վախեցնում մարդկանց, որ Աստծո զավակ չեք համարվի, կքարկոծվեք, որ դժվար թե առաջիկա 10 տարիներին որեւէ մեկն ուզենա այդ քայլին գնալ ու համաձայնվել թաղվելու փոխարեն այրվել՝ հանուն մայրաքաղաքի: Ուստի օր օրի մեր երկրի համար գերեզմանոցների խնդիրն ավելի մտահոգիչ է դառնում:
Բանն այն է, որ արդեն այս պահին Քանաքեռ-Զեյթունի, Նորք-Մարաշի, Դավիթաշենի ու Ավանի բնակիչները պետք է իրենց հանգուցյալներին թաղեն Շենգավիթում, Աջափնյակում կամ Էրեբունիում, որովհետեւ միայն այնտեղի գերեզմանատներն են բաց: Սակայն դրանք էլ արդեն այնքան են ընդլայնել իրենց տարածքը, որ ոտնահարել են սահմանված բոլոր չափորոշիչները: Գերեզմանոցը պետք է բնակելի տարածքից առնվազն 300 մետր հեռավորության վրա լինի, բայց Շահումյանի գերեզմանոցը արդեն մտել է մարդկանց տները՝ խախտելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները: «Հաղթանակ» գերեզմանատունը, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում, արդեն այնքան խիտ է դարձել հանգուցյալներով, որ գերեզմանները հասել են փողոց՝ գերեզմանոցի բուն տարածքից շատ ու շատ հեռու: Չի բացառվում, որ հետո մեր կառավարությունը Երեւանը փրկելու համար ճարահատյալ օրենք ընդունի, ըստ որի, ամեն մարդ իր հանգուցյալին պետք է թաղի իր տան բակում կամ տան տարածքում:
Հայտնի է, որ գերեզմանոցները պետք է իրարից որոշակի հեռավորության վրա գտնվեն, բայց այսօր մեր գերեզմանատներում, կարելի է ասել, մեռելներն իրար գլխի լցված են, երբեմն նույնիսկ մի ոտնատեղ չեն թողել, որ կարողանաս առանց ուրիշի գերեզմանի վրա քայլելով՝ հասնել քո հարազատի շիրիմին: Բայց պարադոքսն այն է, որ այդ «նեղվածքի» պայմաններում թույլ են տալիս ոմանց ոչ միայն որոշակի տարածք վերցնել՝ դագաղի չափսերով, այլ՝ մի հսկայական հուշարձան ու կոթող սարքել, ցայտաղբյուրով, սեղան-աթոռներով, հանգստի համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Վերջերս Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ, դժգոհելով գերեզմանատներում առկա անճաշակ ու վիթխարի գերեզմանաքարերից, պատմում էր, որ մասնագետի աչքով նայելով գերեզմանատներում տեղադրված հուշարձաններին, տարակուսանքի մեջ է ընկել: Ըստ նրա, տարօրինակ է, երբ մարդիկ գերեզմանատանը տեղադրում են աթոռին նստած կնոջ բարձր մի արձան, վրան գրված՝ «Մամաս»: Կամ տեղադրում են տղամարդու մի հուշարձան՝ ձեռքին շամփուրներ, երեւի նկատի ունենալով, որ հանգուցյալը ժամանակին լավ խորոված է պատրաստել: Նույն սկզբունքով, եթե մեկի մայրը հիվանդ լիներ, կարող էր գերեզմանոցում անկողնու մեջ պառկած մոր արձանը կառուցել կամ տեղադրել հոր եւ ասենք, Մայքլ Ջեքսոնի արձանը՝ նկատի ունենալով, որ հանգուցյալը Ջեքսոնի երգերը շատ է սիրել:
Մենք բոլորս էլ գիտենք, որ այսօր գերեզմանոցներում մի մեծ մաֆիա է գործում եւ ով շատ է վճարում՝ հնարավորինս մեծ տարածք է գնում, սակայն այս պայմաններում, երբ այլեւս նոր գերեզմանատան համար պարապ հող չի մնացել, իսկ հներում էլ տեղ չկա, պետք է կառավարության միջամտությամբ հնարավորինս խստացվեն տարածքների տրամադրման կարգն ու ճշգրտվեն գերեզմանոցների չափսերը:
Ինչ վերաբերում է խնդրի լուծման երկրորդ տարբերակին, այսինքն՝ դիակիզարանի կառուցմանը, դա բավականին թանկ հաճույք է, քաղաքաշինության նախարարության մասնագետների հաշվարկներով՝ խոսքը մոտ 300 մլն դրամի մասին է, ուստի չի բացառվում, որ կառավարությունն այդ հարցը դեռեւս մեջտեղ չի հանում՝ ավելի շատ փողի պատճառով, քան՝ Մայր աթոռի բողոքի: Որովհետեւ դեռեւս 2006-ի ապրիլին, երբ ուժի մեջ մտավ պատգամավոր Վլադիմիր Բադալյանի հեղինակած «Հուղարկավորությունների կազմակերպման ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքը, կառավարությունն արդեն ոտքի էր կանգնել եւ վստահեցնում էր, որ 2007-ի պետբյուջեով առաջին դիակիզարանի կառուցման համար որոշակի գումար պետք է նախատեսվի: Նույնիսկ որոշվել էր դրա տեղը Աջափնյակ համայնքում: Արդեն 4 տարի է անցել, բայց փաստն այն է, որ այսօր մենք դիակիզարան չունենք:
Ամենայն հավանականությամբ, մեր կառավարությունը խնդրի լուծման համար կգնա ամենաէժան տարբերակին. օրենքում մի փոքր փոփոխություն կմտցնի՝ մարդկանց պարտադրելով, որ մի ընտանիքից երկու հանգուցյալ ունենալու դեպքում կատարեն վրահուղարկավորություն: Ըստ այդմ, կվերանա նաեւ օրենքի այն պարտադիր պահանջը, որի համաձայն, վրահուղարկավորության համար առաջին թաղվածը պետք է 15 տարվա վաղեմություն ունենար, որ նրա վրա թույլատրվեր դնել մեկ այլ դիակ՝ նույն փոսում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել