Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԳԼԻԱԿԱՆ ԲԱՆՏ

Հունվար 15,2011 00:00

Տաժանավայրից մինչեւ հանգստյան տուն

Վերջերս Մեծ Բրիտանիայի Լոնդոն, Կարդիֆ եւ Լիչֆիլդ քաղաքներում Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների բանտային հովիվների ճանաչողական-ուսումնական հավաք անցկացվեց, որը կազմակերպել էր Անգլիկան Եկեղեցու Ս. Անդրեաս հիմնադրամը: Նպատակը հայ եւ ռուս հոգեւորականներին Անգլիայի բանտերի հոգեւոր ծառայության փորձին ծանոթացնելն էր եւ դրանով իսկ մեր երկրների բանտերում հոգեւորականների աշխատանքի բարելավմանը նպաստելը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այդ հավաքին մասնակցել եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացրել է Շիրակի թեմի Առաջնորդ Տ. ՄԻՔԱՅԵԼ եպիսկոպոս ԱՋԱՊԱՀՅԱՆԸ:

– Ինչպիսի՞ն է աշխարհի առաջադեմ եւ օրինապաշտ երկրներից մեկի բանտային համակարգում հոգեւորականների ծառայությունը:

– Մեծ Բրիտանիայի բանտերում կհանդիպեք ամեն ազգի, ռասայի ու դավանանքի մարդկանց՝ բողոքականների, կաթոլիկների, օրթոդոքսների, մահմեդականների, բուդդիստների, հինդուների: Կտեսնեք նաեւ եհովականների: Մորմոնների եւս: Զարմանալի է, սրանք սուրճ չեն խմում, կոլա չեն խմում, ասում են՝ մեղք է, բայց մարդ են սպանում: Եվ այս բոլորի հոգեւոր պահանջմունքներն սպասարկելու համար հոգեւորականներ կան: Նրանք կոչվում են կապելաններ, որոնք համարվում են պետական ծառայողներ, վարձատրվում են պետբյուջեից: Նույնիսկ հեթանոսները չեն անտեսված, որովհետեւ Անգլիայում եւս այդպիսի շարժում կա: Շատ չնչին փոքրամասնություն է, բայց կա: Ուստի նրանց քուրմին եւս այցելության հնարավորություն է տրված: Այս ամենն ամրագրված է օրենքով: Այստեղ յուրաքանչյուր բանտ ունի այնքան հոգեւորական, որքան անհրաժեշտ է, ինչքան ուղղության հավատացյալ կա իր պատերի ներսում: Նրանց ղեկավարը բոլոր բանտերում անգլիկանն է: Նա է համակարգում մյուս հոգեւորականների աշխատանքը: Կապելանը համարվում է բանտապետից հետո երկրորդ մարդը, հաշվետու է միայն նրան եւ իր մեծավորին՝ ամբողջ Անգլիայի ընդհանուր կապելան ծառայության ղեկավարին, որը նստում է Լոնդոնում: Բանտ մտնելով՝ կապելանն ստանում է բոլոր խցերի բանալիները, որտեղ ուզի՝ կմտնի առանց արգելքի:

– Իսկ ոչ մի կրոնի չպատկանողների հետ աշխատող չկա՞:

– Որքան էլ մեզ համար ցավալի է, բանտարկյալների 32 տոկոսն իրեն հավատացյալ չի համարում, ոչ մի կրոն չի դավանում: Սակայն նրանք եւս աչքաթող չեն արվում, անհրաժեշտության դեպքում նրանց եւս ծառայություն է մատուցվում: Սա 200 տարվա կայացած կառույց է եւ, իրենց հասկացողությամբ, շատ լավ է գործում:

– Իսկ մեր հասկացողությա՞մբ:

– Ասում ենք՝ իրենց հասկացողությամբ, որովհետեւ մեր մոտեցումները տարբեր են: Մենք ինչո՞ւ ենք բանտ գնում: Գնում ենք իրականացնելու մեր առաքելությունը, մեր պարտականությունը: Որովհետեւ Տերն ասաց՝ բանտում էի՝ ինձ այցի եկաք, կամ բանտում էի՝ այցի չեկաք: Իրենցը հակառակն է: Բանտարկյալի իրավունքն է, որ ինքն այցելություն ստանա իր կրոնի հոգեւորականի կողմից: Այնտեղ, երբ որեւէ մեկը բանտ է մտնում, հենց սկզբից նրան հարցնում են, թե ինչ դավանանքի է, եւ նույն օրը նրան այցելում է իր կրոնի սպասավորը: Եվ դա՝ ամեն օր, առնվազն մեկ ժամ՝ յուրաքանչյուր կալանավորի հետ: Եվ այդ զրույցների մասին գրառում են կատարում օրագրում: Բայց քանի որ իրենք այցի են գնում բանտարկյալի իրավունքը հարգելու համար, առաքելության, պարտականության գործոնը թուլանում է: Իսկ քանի որ իրավունքը բանտարկյալինն է, նա կարող է նաեւ հրաժարվել հոգեւորականի այցերից: Մեզանում այլ է: Ազատազրկվածն ուզենա, թե չուզենա՝ մենք պարտականություն, առաքելություն ունենք նրա նկատմամբ, ուստի մենք պարտադիր պիտի այցելենք բանտեր: Թեեւ գաղտնիք չէ, որ դա լավ չենք կատարում, որովհետեւ չունենք կայացած բանտային հոգեւոր ծառայություն:

– Պետական վճարով ծառայող կապելաններին կալանավորները վստահո՞ւմ են:

– Այնտեղ հոգեւորականի ներկայությունը շատ սովորական բան է, երկար տարիների պատմություն ունեցող: Վստահություն կա պատմական նախադրյալների եւ ավանդույթի շնորհիվ: Անկախ նրանից, թե հոգեւորականը կին է, թե տղամարդ: Մի զարմացեք, կանանց բանտերում տղամարդ ծառայողներ կան, տղամարդկանց բանտերում՝ կին: Ավելին, նույնիսկ սեռական հանցագործների բանտում ծառայող ջահել աղջիկներ կան: Ասում են՝ ավելի լավ է տեսնեն, քան բանտից դուրս գան կնոջ երես չտեսած: Վերադառնանք վստահությանը: Գաղտնիք պահելը եւս իր սահմանն ունի: Օրինակ, հոգեւորականը պարտավոր է բանտարկյալին հանդիպելիս ասել, որ դու կարող ես ինձ ամեն ինչ հայտնել եւ դա այստեղից դուրս չի գա: Բայց եթե դա լինի այնպիսի բան, որ սպառնա որեւէ մեկի, անգամ քո կյանքին, ես պարտավոր եմ այդ մասին տեղեկացնել ուր որ հարկն է: Սրան կաթոլիկները համաձայն չեն, ասում են՝ այդ վտանգի դեմ պիտի փորձել պայքարել այլ կերպ: Բայց ընդունված կարգը մարդկային անվտանգությունն ավելի բարձր է դասում եկեղեցական խոստովանությունից, եւ պետական ծառայող կապելանը պարտավոր է ենթարկվել դրան:

– Ենթադրենք, որեւէ մեկն ասաց, որ ինքնասպան է լինելու: Ի՞նչ են անելու կապելանը եւ բանտի ղեկավարությունը:

– Այդ մարդու նկատմամբ շուրջօրյա հսկողություն է իրականացվելու բանտի աշխատողի կողմից: Բայց կա նաեւ այլ փորձ: Բանտարկյալներից ընտրվում են կամավորներ, որոնք, փորձառու հոգեբանի մոտ որոշ ուսուցում անցնելով, այդ հուսահատված մարդու հետ նստում են նույն խցում: Եվ նրանց դերն այդ անձնավորությանը … լսելն է: Նրանք այդպես էլ կոչվում են՝ ունկնդիրներ: Պիտի լսեն այնքան, մինչեւ նրա հոգին դատարկվի եւ կամաց-կամաց դուրս գա ծանր, ընկճված վիճակից: Հետաքրքիր է, որ ինքնասպանության եզրին գտնվող անձը եւս գիտի, թե այդ մարդն իր մոտ ինչու է նստել: Այդ կամավորներին, որոնց նաեւ «բարի սամարացիներ» են անվանում, մենք հանդիպեցինք եւ իմացանք, որ նրանց կատարածը որեւէ կերպ չի ազդում իրենց պատժաչափի վրա: Իսկապես, որ կամավորական անշահախնդիր աշխատանք: Ահա նաեւ այդպիսի կամավորական աշխատանքի արդյունքն է, որ այնտեղ ինքնասպանություններ, բռնություններ գրեթե չկան: Բայց Անգլիայում չկա նաեւ հանցանքի վաղեմություն հասկացողություն: Մենք եղանք մի բանտում, որտեղ սեռական բնույթի հանցագործներ էին՝ 21-93 տարեկան: Մենք հարցրեցինք, թե այս 93-ամյա ծերունին ի՞նչ սեռական հանցանք կարող էր կատարել: Պատասխանեցին, որ նա բռնաբարել է 30 տարի առաջ եւ միայն վերջերս է բռնվել եւ դատապարտվել:

– Իսկ կին հանցագործների համար բանտեր կա՞ն:

– Մենք ութ բանտ այցելեցինք, մեկը՝ կանանց: Սա մի շքեղ առողջարան էր հիշեցնում. ոչ պարիսպ կար, ոչ փշալար: Հաստատությունը մի նախկին դղյակում էր, որի տերը պատերազմում զոհվել էր անժառանգ, եւ հսկա շինությունն անցել էր պետությանը: Յուրաքանչյուր ընդարձակ սենյակում 2-3 կին էր ապրում՝ առանց փակի, բանալու: Ընդամենը օրը 3 անգամ ներկայանում ու ստորագրում էին, որ տեղում են, չեն փախել: Ունեին խոզաբուծական ֆերմա, որտեղ խիստ մաքուր պայմաններում երիտասարդ աղջիկներն ընտիր խնամված կենդանիներ էին պահում: Բռնություն չկար, հանգիստ պայմաններում էին ապրում:

– Մի՞թե անգլիացի կալանավոր կանայք այդպիսի արտոնյալ պայմաններում են պատիժը կրում: Թե՞ դա վճարովի, էլիտար բանտ էր:

– Այսպիսի խաղաղ, ազատ պայմաններ շատ քիչ բանտերում կան: Մի ազատ ռեժիմի բանտում էլ պահվում էին գրեթե ողջ պատիժը կրած տղամարդիկ, որոնք մոտ ապագայում պիտի արձակվեին: Ցանկապատ կար, փշալար կար, բայց առավոտյան ստանում էին սեփական բջջային հեռախոսները, նստում սեփական մեքենան ու դուրս գալիս, գնում իրենց աշխատանքին: Օրվա վերջում վերադառնում էին, մեքենան կանգնեցնում, բջջայինը հանձնում ու գիշերում այստեղ: Ի դեպ, հեռախոսից օգտվել չի թույլատրվում նույնիսկ բանտի աշխատողներին: Մենք եւս ներս մտնելիս հանձնում էինք մեր բջջայինները: Այստեղ զրուցեցինք մարդասպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված մեկի հետ: Իր պատիժը սկսել էր կրել Անգլիայի ամենաահավոր բանտում: Բայց կարողացել էր իրեն այնպես կարգապահ պահել, որ աստիճանաբար տեղափոխվել էր ավելի թեթեւ պայմաններով բանտեր: 15 տարի անց դատարանը որոշել էր, որ նա այլեւս վտանգավոր չէ հասարակության համար: Նա շուտով պիտի ազատ արձակվեր եւ գտնվում էր ամենաազատ վիճակում: Որոշ դատապարտյալների կարող են նույնիսկ շաբաթ եւ կիրակի օրերին թույլ տալ տանը գիշերել: Այո, Անգլիայում բանտերը, այդ թվում՝ կանանց, ըստ խստության աստիճանների, տարբեր ռեժիմներով են: Շատ խիստ ռեժիմի բանտերի խցերը զարմանալիորեն նեղ են, փոքր՝ միայն երկու մահճակալ իրար վրա: Անգլիան չի կատարում այդ ուղղությամբ Եվրամիության պահանջները եւ կատարելու մտադրություն էլ չունի:

– Դե, անգլիացիներն ավանդապահ ժողովուրդ են:

– Ավանդապահ են, բայց բավականին հետաքրքիր, ուսանելի նորություններ են մտցնում այս բնագավառում: Օրինակ, այստեղ բանտարկյալը, ըստ իր հանցանքի եւ ըստ իր պահվածքի, կարող է աստիճանաբար խիստ ռեժիմից թեթեւ ռեժիմի բանտ տեղափոխվել, ինչպես վերոհիշյալ տղամարդը:

– Անգլիայում առավելագույն պատիժը 15 տարի՞ն է:

– Ոչ, իհարկե: Դրանից հետո ցմահ բանտարկությունն է: Ցմահը հիմնականում տրվում է մարդասպաններին, ով ուզում է կատարած լինի, բացի պատահական եւ ինքնապաշտպանության հետեւանքով սպանություններից: Օրինակ, մի երկու տարի առաջ 10-ամյա մարդասպանին եւս ցմահ բանտարկություն որոշվեց, թեեւ Անգլիայում այդ տարիքին համապատասխան բանտ չկա: Նա մինչեւ 14 տարեկան հասնելը արգելափակված կապրի ինչ-որ տեղ, հետո կտեղափոխվի 14-18 տարեկանների համար նախատեսված բանտ: Ի դեպ, այստեղ 18-21 տարեկանների բանտը եւս առանձին է: Ցմահ դատապարտվածները միայն 15 տարի հետո կարող են ներման հույս ունենալ: Եթե այդ ժամանակ դատարանը որոշի, որ նա հասարակության համար այլեւս վտանգ չի ներկայացնում, կազատվի պատժի հետագա կրումից: Իսկ եթե ոչ, ուրեմն մինչեւ իր մահը կմնա բանտում: Օրինակ, վերոհիշյալ երեխան կարող է 25 տարեկանում բանտից դուրս գալու հույս ունենալ:

– 25 տարեկան երիտասարդը, որը կյանքում գրեթե ոչինչ չի տեսել, եթե ազատ արձակվի, ինչպե՞ս պիտի ապրի այս դաժան աշխարհում: Երեւի նորից բանտ կընկնի:

– Այո, մենք հանդիպեցինք նաեւ մի մարդու, որը տարբեր հանցանքների համար ընդհանուր հաշվով կալանավայրերում անցկացրել էր 45 տարի: Ուրեմն, անուղղելի մարդիկ ամենուրեք կան: Բայց ավանդապահ անգլիացիներն այս մասին եւս արդեն մտածել են ու նոր գաղափար զարգացրել: Հատուկ ծրագիր կա բանտից ազատվածների համար: Կապելանը, որը տվյալ կալանավորի հետ տարիներ շարունակ աշխատել է բանտում, գիտի այդ մարդու հոգսերը, խնդիրներն ու բարդույթները, նախքան նրա ազատումը, սկսում է փնտրել այն եկեղեցականին, որը կարող է օգնել, աջակցել իր այդ խնամարկյալին: Առաջին հերթին դա, իհարկե, նրա բնակավայրի քահանան է: Բայց եթե այդ հոգեւորականը չի կարող որեւէ բանով օգտակար լինել, կապելանը շարունակում է փնտրտուքը, մինչեւ գտնի այն հոգեւորականին, որը հնարավորություն ունի բանտից դուրս եկողի խնդիրները թեթեւացնելու. ժամանակավոր կացարան տալ, աշխատանք գտնել եւ այլն: Նա հենց բանտի ելքի առջեւ դիմավորում է ազատվածին, տանում ու սկսում աշխատել նրա հետ: Իհարկե, իդեալականացնել պետք չէ: Անգլիայի հնարավորությունները եւս անսահման չեն: Ամեն օր բանտից այս երկրում մի քանի հազար մարդ է դուրս գալիս: Այդքանի բոլոր հոգսերը հոգալ հնարավոր չէ: Բայց եթե գտնում են որեւէ մեկին օգնելու եւ աջակցելու հնարավորություն, ձեռքից բաց չեն թողնում:

– Հետաքրքիր է, ընդօրինակման արժանի:

– Ուսանելի բաներ շատ կային: Օրինակ, «վերականգնողական արդարադատություն» կոչված ծրագիրը: Ոչ թե պատժիչ, այլ վերականգնողական արդարադատություն: Մինչ այժմ արդարադատության խնդիրները որո՞նք էին: Հանցագործին հայտնաբերելն ու պատժելը: Այլ խնդիր չկար: Հիմա ասում են՝ հանցագործին պատժելը բավարար չէ: Յուրաքանչյուր հանցագործություն ավեր է գործում հասարակությունում: Պետք է փորձել բուժել հասարակությանը հասցված բոլոր վերքերը: Ենթադրենք, մեկը դանակահարել է մյուսին, դարձրել անդամալույծ: Հանցագործին դատեցին, տուժածին մի քիչ բուժեցին: Հետո՞: Վե՞րջ: Ոչ, ասում են այդ գաղափարի հեղինակները: Դա բավարար չէ: Զոհ է նաեւ հանցագործը, որը մեկուսացվել է հասարակությունից եւ կրում է հանցագործի խարանը: Զոհ են նաեւ նրա հարազատները, որոնց վրա է հանցագործի ընտանիքի անդամի ամոթանքը: Պարզ է, որ զոհ են նաեւ հաշմվածի ընտանիքը, շրջապատի մարդիկ, դեպքի ականատեսները, այդ մասին լսած եւ կարդացած մարդիկ եւ այլք: Իսկ նրանց ո՞վ պիտի բուժի, ով պիտի հանի հոգեբանական ծանր վիճակից: Ահա դա է վերականգնողական արդարադատությունը: Պետք է գտնել բոլոր տուժածներին եւ որոշել նրանց կրած վնասները: Յուրաքանչյուրի հետ աշխատում են առանձին: Հանցագործին բացատրում են, որ իր նկատմամբ որոշված պատիժը դեռ վերջը չէ, որ ինքը պիտի ներողություն խնդրի տուժածից: Վերջինիս էլ բացատրում են, որ իր դեմ ոտնձգություն կատարածը եւս տուժել է, քանի որ տարիներ շարունակ բանտում է անցկացնելու, ինքը զղջացել է, ընդունիր նրա ներման խնդրանքը, նրա տառապանքն ավելի մի ծանրացրու, ներիր, որ նա հետագայում հասարակություն վերադառնա լրիվ մաքրված խղճով: Այդպես երկար աշխատանք են կատարում յուրաքանչյուրի հետ: Սա համբերատար, նուրբ, երկարատեւ գործ է, որն անում են կապելանները, կամավորները: Հատկապես մեծ է վերջիններիս դերը, որոնք հիմնականում տարիքով կանայք են: Այս՝ վերականգնողական արդարադատությունը Անգլիայում բավականին դրական արդյունք է տվել եւ աստիճանաբար տարածվում է նաեւ այլ երկրներում:

– Անգլիացիների փորձը մեզանում կիրառելի՞ է:

– Իհարկե: Մեր բանտերը, փառք Աստծո, քիչ են եւ փոքր: Դա հնարավոր է իրականացնել նույնիսկ մեր ներկայիս ուժերով: Բանտեր այցելելիս բանտարկյալների վերաբերմունքից զգում ես, որ նրանք ունեն այդ աշխատանքի կարիքը, հոգեւորականի խոսքի կարիքը: Բայց ընդհանուր մտածողությունը պիտի փոխվի բանտի եւ բանտարկյալի նկատմամբ, պիտի իսպառ ոչնչացվի խորհրդային բանտային մշակույթը, պիտի հասկացվի այս գործի անհրաժեշտությունը, բանտարկյալի հետ ամենօրյա աշխատանքի անհրաժեշտությունը: Արժե սկսել թեկուզ քչից: Օրինակ, գոնե առաջին անգամ դատապարտվածների սկզբի մի քանի օրերին մեր այցելությունը, զրույցը պարտադիր լինի:

– Բանտերում հայերի հանդիպեցի՞ք:

– Մեր այցելած բանտերը, բարեբախտաբար, ոչ մի հայ չունեին: Սակայն հնարավորություն ունեցանք հանդիպելու Լոնդոնի եւ Կարդիֆի հայ համայնքի ներկայացուցիչներին, մայրաքաղաքի Ս.Եղիշե եւ Ս.Սարգիս եկեղեցիներում ներկա եղանք մատուցված Սուրբ եւ անմահ Պատարագներին, ի մասնավորի՝ քարոզելով նաեւ Ս.Սարգիս եկեղեցում: Ի դեպ, քանի որ հավաքի մասնակիցների մեջ մենք էինք ամենաբարձրաստիճանը, նախագահում էինք բոլոր համատեղ աղոթքները եւ սիրո սեղանները: Մեզ հնարավորություն տրվեց նաեւ ներկայացնելու մեր Եկեղեցու կատարած աշխատանքն այս ուղղությամբ:

– Սրբազան Հայր, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար: Աստված օգնական:

– Աստված պահապան:

ՀԱՄԼԵՏ ՄՈՍԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31