Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապետիչը փոշմանել է

Հունվար 15,2011 00:00

Նա ընդդիմություն է խաղալու ոչ թե գնած եթերից, այլ իրականում

ԱԼՄ հեռուստաընկերության աշխատակիցները դատական հայց են ներկայացնելու Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) դեմ: News.am-ի փոխանցմամբ՝ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ԱԼՄ հեռուստաընկերության ղեկավար, «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը: Թեեւ իր խորհրդով են աշխատակիցները նման քայլի դիմել, բայց Կարապետիչն անձամբ դատարան չի դիմի. «Ես ոչ մեկին դատի չեմ տալու, ես մեղադրելու եւ պայքարելու եմ մինչեւ վերջ: Դա ավելի լավ է, քան դատի տալը, մանրանալը, ժամանակ ձգելը»,- իր իսկ խորհուրդը որակավորել է Կարապետիչը: Իսկ դատական հայցի մանրամասները կներկայացվեն առաջիկայում: Հիշեցնենք, որ հունվարի 21-ից ԱԼՄ հեռուստաընկերությունն այլեւս եթեր չի հեռարձակվի, քանի որ ՀՌԱՀ-ի որոշմամբ՝ թվային հեռարձակման կապուղիների մրցույթում նա պարտվեց «Երեւան» հեռուստաընկերությանը: ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը մտադիր չէ գնել մարզային որեւէ հեռուստաընկերություն, թեեւ իր այդ մտադրության մասին նա հայտնել էր իր վերջին ասուլիսներից մեկում։ Կարապետիչը հայտարարել էր, որ իր այդ մտադրությունն ի կատար ածելու համար հավանաբար կդիմի Ռուսաստանի իր ընկերներին, որպեսզի վերջիններս ֆինանսական աջակցություն ցուցաբերեն։ Այժմ Կարապետյանն ասել է. «Ես չեմ ուզում ոչ մի եթեր, որեւէ զիջում։ Ես զիջումը կարող եմ ընդունել միայն ժողովրդի կողմից եւ ոչ թե իշխանությունների։ Ու ոչ էլ ուզում եմ որեւէ մի բան առնել»: Նա ասել է, որ փոխում  է ժողովրդի հետ շփվելու իր մարտավարությունը. «Եթերային գործչից դառնալու եմ ժողովրդի հետ դեմ առ դեմ շփվող հրապարակային գործիչ: Ես այսուհետ հասարակության հետ շփվելու եմ բացառապես հանրահավաքների միջոցով»: Նա համոզված է, որ ԱԼՄ-ի եթերազրկումով իշխանություններն իրեն հերոս դարձրեցին, եւ կարծում է, որ այդպիսով իր շուրջ համախմբվել են «բոլոր արդար ուժերը»: Այնուհանդերձ, նա  բացառել է 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունը մեծամասնական կարգով առաջադրելու հնարավորությունը՝ պատճառաբանելով. «Առանց ժողովրդի ես չեմ կարող գնալ: Ես մենակ չեմ, ինչո՞ւ պետք է մենակ գնամ: Ինձ հետ ժողովուրդ կա: Ես մենակ որ անցնեմ, դա ինձ ոչ մի բան չի տա»:
Տիգրան Կարապետյանը նաեւ հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, իսկ հարցին, թե կմիանա՞ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին, պատասխանել է. «Ես ինչո՞ւ պետք է միանամ ՀԱԿ-ին, է,՛ թող ՀԱԿ-ը մեզ միանա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել