Բայց ՀՌԱՀ պատասխանները տեղիք են տալիս հավելյալ հարցադրումների
«Ա1+»-ը հեռարձակող «Մելտեքս» ընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը դեկտեմբերի 29-ին 4 գրություններ էր ուղղել ՀՌԱՀ-ին: Հունվարի 10-ին Գրիգոր Ամալյանը մի գրությամբ պատասխանել է դրանց: Մեջբերենք այս գրագրությունից եւ փոխանցենք ստացված պատասխանների վերաբերյալ «Ա1+»-ի շահերի ներկայացուցիչ Տիգրան Տեր-Եսայանի մեկնաբանությունները:
Մեսրոպ Մովսեսյան. «Թիվ 11 մրցույթում հաղթող ճանաչելու» մասին 16.12.2010թ. թիվ 96-Ա որոշման 4-րդ էջում նշված է՝ «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայտի եւ կից փաստաթղթերի սկզբնական ուսումնասիրությամբ պարզվել է, որ ֆինանսական երաշխիք հանդիսացող կազմակերպություններից մեկի անվանումը չի համապատասխանում փաստաթղթում առկա կնիքի հետ: Վերոշարադրյալը հիմնավոր կասկածներ է առաջացրել ներկայացրած տվյալների տեղեկությունների իսկության վերաբերյալ»: Խնդրում ենք հայտնել՝ ՀՌԱՀ-ի ո՞ր անդամի կամ անդամների կողմից է (են) պարզվել անհամապատասխանության փաստը, եւ ինչպես է այն արձանագրվել»:
Գրիգոր Ամալյան. «Որոշման մեջ նշված այն անհամապատասխանությունը, որ ֆինանսական երաշխիք հանդիսացող կազմակերպություններից մեկի անվանումը չի համապատասխանում փաստաթղթում առկա կնիքի հետ, պարզվել եւ համապատասխան հարցումները իրականացվել են իմ կողմից»:
Տիգրան Տեր-Եսայան. «ՀՌԱՀ-ի բոլոր 8 անդամներն ունեն հավասար իրավունքներ: Եվ արդյոք բոլոր թերությունները, սխալները կամ կեղծիքները հենց Ամալյա՞նն է նկատել: Ենթադրենք, որ իրոք հենց միայն նա է նկատել եւ տեղյակ պահել բոլորին: Ստացվում է, թե մնացած անդամները 55 օր՝ հոկտեմբերի 28-ից մինչեւ դեկտեմբերի 16-ը, ինքնուրույն ուսումնասիրություններ են արել, բայց Ամալյանը նրանց տեղյակ է պահել եւ եկել՝ 8-ից 7-ը «Ա1+»-ին զրո են նշանակել, իսկ «Արմնյուզին»՝ 6: Բոլորը նույն կարծիքի՞ են եղել: Ենթադրենք, թե սա մե՜ծ զուգադիպություն է: Բայց թիվ 96-Ա որոշման մեջ նշել են. «ՀՌԱՀ անդամները, մրցութային հայտերի վերաբերյալ իրենց վերլուծություններում, գնահատելով մրցակիցների կողմից ներկայացված փաստաթղթերը եւ դրանց հիմնավորումները», հանգել են եզրակացության»:
Մեսրոպ Մովսեսյան. «Թիվ 96-Ա որոշման մեջ նշված է. «Հանձնաժողովը հնարավորություն չունի գնահատել ընկերության կողմից ներկայացվող առկա տեխնիկական միջոցները, քանի որ դրանք որեւէ կերպ նկարագրված չեն բիզնես ծրագրում»: Խնդրում ենք հայտնել՝ ինչպե՞ս է արձանագրվել տեխնիկական միջոցների գնահատման անհնարինության փաստը ՀՌԱՀ-ի անդամի կամ անդամների կողմից»:
Գրիգոր Ամալյան. «Այդ ձեւակերպումը հաստատվել է վերոհիշյալ մրցույթի արդյունքների հիմնավորման փուլում եւ ՀՌԱՀ անդամների միջեւ տարաձայնությունների առիթ չի հանդիսացել»:
Տիգրան Տեր-Եսայան. «Մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել 55 օրում, եւ ՀՌԱՀ յուրաքանչյուր անդամ ինչպես է ուսումնասիրություն կատարել, որի արդյունքում կայացրել է որոշում: Մենք կասկածում ենք, որ նրանք ֆիզիկապես ի վիճակի չէին այդ ընթացքում գնահատել բոլոր դիմումատու հեռուստաընկերությունների տեխնիկական միջոցները, մանավանդ որ՝ ՀՌԱՀ ներկայացուցիչը դատարանում հայտարարեց, թե յուրաքանչյուր դիմումատուի փաթեթների 2-ական օրինակները հերթով են տրամադրվել ՀՌԱՀ անդամներին»:
Մեսրոպ Մովսեսյան. «Թիվ 96-Ա որոշման 5-րդ էջում նշված է. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության համաձայն. «Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն եւ իր հաշվին ձեռնարկել միջոցներ՝ դրանց իսկության մեջ հավաստիանալու համար»: Այդ իսկ նպատակով 08.11.2010 թ. թիվ 01-324 գրությամբ դիմել եք արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանին: Այդ հարցման արդյունքներում տրամադրվել են պատասխանները 20.11.10 եւ 25.11.10 թվականներին, համապատասխան թիվ 1/18278 եւ 1/18607 գրություններով: Խնդրում ենք հայտնել՝ ՀՌԱՀ անդամներն ինչպե՞ս են տեղեկացվել այս հարցման պատասխանների արդյունքների մասին: ՀՌԱՀ-ի անդամներին վերը նշված հարցումների պատասխանները ծանուցելուց հետո արդյոք եղե՞լ է ՀՌԱՀ-ի անդամների կողմից կարծիք կամ հատուկ կարծիք այդ հարցման պատասխանների առնչությամբ: Այդ գործողություններն արձանագրված լինելու դեպքում խնդրում ենք տրամադրել այդ արձանագրությունների պատճենը»:
Գրիգոր Ամալյան. «Թիվ 1/18278 եւ 1/18607 գրությունների պատճեններն իմ հանձնարարությամբ ՀՌԱՀ աշխատակազմի քարտուղարության միջոցով տրամադրվել են ՀՌԱՀ անդամներին՝ ի գիտություն։ Վերոհիշյալ մրցույթի ամփոփման փուլում այդ գրությունների վերաբերյալ ՀՌԱՀ անդամների կողմից հատուկ կարծիքներ չեն եղել»:
Տիգրան Տեր-Եսայան. «ՀՌԱՀ-ը մշտապես խուսափում է նշել, թե հանձնաժողովի անդամների միջեւ եղել է քննարկման գործընթաց: Մեր յուրաքանչյուր հարցադրմանն ի պատասխան իրենք մեկնաբանում են, թե 8 անդամներով ուսումնասիրել են մրցութային փաթեթները եւ տվել վարկանիշային գնահատականներ: ՀՌԱՀ-ը մեզ մի փաստաթուղթ էլ է տվել, ըստ որի՝ մրցութային շրջանում ունեն ընդամենը 1 արձանագրություն, որը վերաբերում է հոկտեմբերի 28-ին նիստ հրավիրելուն, որտեղ մրցույթների մասնակիցները պետք է ներկայացնեին հայտերը: Հետո դեկտեմբերի 16-ին եկել՝ գնահատականներ են նշանակել, եւ նիստն ավարտվել է: Ուզում են ներկայացնել, թե այդ 55 օրվա մեջ ՀՌԱՀ-ի անդամները միմյանց հետ չե՞ն շփվել, քննարկումներ չե՞ն եղել եւ միայն ուսումնասիրությո՞ւն է եղել: Բայց որոշման տեքստի վերաբերյալ ինչպե՞ս են եկել համաձայնության: Եվ մի բան էլ՝ որոշման մեջ վկայակոչել են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքը, բայց նույն օրենքում նաեւ հստակ ամրագրվածի համաձայն՝ պետք է կանչեին ու պահանջեին պարզաբանումներ: Օրենքի մի հոդվածը կիրառել են, գործողություններ արել, իսկ մյուս պահանջը չեն կատարել»:
Մեսրոպ Մովսեսյան. «Թիվ 96-Ա որոշման 5-րդ էջում նշված է, որ «Մելտեքս» ՍՊԸ-ի «Հայտում եւ կից փաստաթղթերում անորոշ անձանց կողմից ֆինանսական ներդրման մասին Աննա Տանելյանի (280 000 եվրո) հավաստագիրը վավերացված չէ ոչ ստորագրությամբ, ոչ կնիքով»: Նույն որոշման 6-րդ էջում նշված է. «Անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը հիմնավորող փաստաթղթերի զգալի մասը կեղծ է եւ անհիմն (120000 դոլար եւ 280000 եվրո)»: Խնդրում ենք հայտնել՝ ՀՌԱՀ ո՞ր անդամի կամ անդամների կողմից է (են) պարզվել Աննա Տանելյանի կողմից տրված (280 000 եվրոյի) հավաստագրի անորոշ եւ անհիմն լինելու մասին փաստերը, եւ ՀՌԱՀ-ի կողմից ինչպիսի՞ գործողություններ են կատարվել հիմնավոր կասկածները պարզելու ուղղությամբ: Եղե՞լ է արդյոք ՀՌԱՀ անդամների կողմից Աննա Տանելյանի կողմից տրված հավաստագրի անորոշ կամ անհիմն լինելու փաստի մասին կարծիք եւ/կամ հատուկ կարծիք, եւ ինչպե՞ս է այն արձանագրվել»:
Գրիգոր Ամալյան. «Ըստ Աննա Տանելյանի կողմից տրված հավաստագրի՝ պարտավորություն ստանձնող անձանց անորոշ լինելը, ինչպես նաեւ գրության անստորագիր եւ կնիքով չվավերացված լինելն ակնհայտ է եղել, եւ լրացուցիչ ճշտումների անհրաժեշտություն չի պահանջվել։ Թիվ 11 մրցույթում հաղթող ճանաչելու մասին 16.12.2010թ. ՀՌԱՀ թիվ 96-Ա որոշման հիմնավորման փուլում այդ կապակցությամբ ՀՌԱՀ անդամների կողմից այլ (հատուկ) կարծիքներ չեն եղել»:
Տիգրան Տեր-Եսայան. «ՀՌԱՀ-ը համարել է, որ 3 փաստաթուղթ չի համապատասխանում իրականությանը, բայց ճշտումներ է արել միայն 2-ի հետ կապված: Թող բարի լիներ՝ 3-րդ փաստաթղթի հետ կապված էլ ճշտումներ աներ: Ինչո՞ւ չի արել. գուցե համոզված էր, որ հարցում անելուց հետո կլիներ դրական պատասխան: Մանավանդ որ՝ Տանելյանների ընտանիքը նաեւ 2003-ի մրցույթում է ֆինանսական աջակցության հավաստագիր տվել «Ա1+»-ին: Նշվում է, թե այժմ գրությունն անստորագիր եւ կնիքով չվավերացված էր: Բայց այդ բլանկի վրա կային բոլո՛ր կոորդինատները՝ անգամ այդ գործարարի հարկային կոդը: Ուղղակի ՀՌԱՀ-ը ցանկանում էր այդ 3 փաստաթղթերով հիմնավորել, թե «Ա1+»-ի ֆինանսական միջոցները բավարար չեն ծրագրի եւ անհրաժեշտ տեխնիկական միջոցների ապահովման համար: Իսկ եթե ճշտեին նաեւ այս 3-րդ փաստաթուղթը՝ գումարը բավարար կլիներ: Եվ ՀՌԱՀ-ի անգործությունն այս դեպքում մի բացատրություն ունի՝ գիտակցաբար հարցում չեն արել, որ կարողանան մերժել նման ձեւակերպմամբ»: