Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետը ահաբեկում է գյուղի բնակչությանը

Հունվար 15,2011 00:00

Երեկ կեսօրին Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի շուրջ 150-200 բնակիչներ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց ակցիա են անցկացրել՝ ցանկանալով նախագահին տեղեկացնել իրենց գյուղապետի եւ նրա հարազատների կողմից կատարված ապօրինությունների եւ ահաբեկումների մասին:
«Առավոտը» հունվարի 13-ի համարում հայտնել էր, որ 2010-ի դեկտեմբերի 30-ին, ժամը 12:00-ի սահմաններում, անհայտ քաղաքացին ահազանգել էր ոստիկանություն, որ իրեն անծանոթ մի քանի երիտասարդներ Էջմիածին քաղաքից դեպի Չոբանքարայի զորամաս տանող ճանապարհին մի քաղաքացու ծեծելով՝ ստիպողաբար նստեցնում են «Մերսեդես E 320» մակնիշի 07 ՏՏ 907 համարանիշի մեքենան:
ՀՀ նախագահի նստավայրի առաջ եղեգնուտցիները պատմում էին, որ գյուղապետն ու նրա ազգականները ողջ գյուղը սարսափի ու տեռորի մեջ են պահում: «Այն գյուղացիները, ովքեր ընտրությունների ժամանակ ձայն չեն տվել իրենց, նրանք համարում են իրենց թիվ մեկ թշնամին: Գյուղապետն ասում է, թե 70 հազար տվել՝ գյուղապետ եմ դառել, եղբորս տղան էլ նախագահի ապարատում է աշխատում, ոչ մի պրոբլեմ չունեմ: Պետք լինի՝ սաղիդ գյուղից կաքսորեմ, մի 70 հազար էլ կտամ մարզպետին ու կպրծնեմ: Երեք անգամ դիմել ենք մարզպետին, ոչինչ չի ձեռնարկում: Առաջին օրը միլիցեքը եթե մի քիչ ուշանային, Նոր տարվա փոխարեն մեր տներում սուգ ու շիվան էր լինելու: Չնայած քանի հոգու գյուղապետի ախպերներն այնպես են ծեծել, որ ջահելների կեսը տնային պայմաններում բուժում է ստանում»,- պատմում էին գյուղացիները: Նրանց խոսքով, այդ ամենը գյուղապետի ու նրա հարազատների կողմից վրեժ է, քանի որ ընտրություններին իրեն չէին ընտրել:
Գյուղացիների հիմնական խնդրանք-պահանջը նախագահից այն է, որ Արմավիրի ոստիկանության քննչական բաժնում քննվող քրգործը կատարվի օբյեկտիվ, մեղավորները անպատիժ չմնան եւ գյուղում էլ հաստատվի նորմալ մթնոլորտ, որ երեխաներն ու ջահելները հանգիստ դուրս գան տներից:
Ինչպես հայտնել էր «Առավոտը», ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել