Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԽՎԱԾ Է ԼՂՀ-Ի ՃԱԿԱՏԱԳՐԻՑ

Հունվար 15,2011 00:00

«Առաջիկա մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը պարզապես ձգտելու է ակտիվացնել իր աշխատանքները միջազգային ատյաններում»,- tert.am-ի մատուցմամբ՝ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով ընթացիկ տարում ԼՂ շուրջ բանակցություններում հնարավոր զարգացումներին: Մելիքյանը նշել է, որ չնայած Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարություններին՝ «առաջիկա մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը դժվար թե պատերազմական գործողությունների դիմի»: Ղարաբաղյան խնդրում հնարավոր զարգացումները Արման Մելիքյանը պայմանավորում է Ռուսաստանի ճակատագրով. ինչպիսի ուղի կընտրի ՌԴ-ն՝ կհայտնվի եվրոպակա՞ն, թե՞ ասիական դաշտում. «Այս մեկ տարվա ընթացքում ակնկալում եմ նաեւ շատ որոշակի եւ լուրջ աշխարհաքաղաքական բնույթի որոշումներ եւ լուծումներ, որոնք, անկասկած, կանդրադառնան նաեւ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ժամկետներին եւ ուղղումներին: Ես նկատի ունեմ այն հանգամանքը, որ թերեւս այս տարի Միացյալ Նահանգներն իրենց մերձավորագույն դաշնակիցների հետ միասին պետք է որոշում կայացնի առ այն, թե արդյոք ընդունելի եւ թույլատրելի՞ կլինի, որ Ռուսաստանն ավելի սերտ ինտեգրման գնա Եվրամիության հետ: Կախված դրանից՝ նաեւ իր ճակատագիրը կունենան եւ ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտը, հայ-թուրքական հարաբերությունների ոլորտը, եւ, անշուշտ, նաեւ ԼՂ հիմնախնդիրը»,- պարզաբանել է Արման Մելիքյանը: Նրա կարծիքով՝ Հայաստանն այսօր երկու ոտքով թաղված է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում վարվող պսեւդո բանակցային գործընթացի ճահճի մեջ՝ առանց առանձին, զուգահեռաբար քաղաքական գիծ իրականացնելու, ինչը շատ սխալ եւ լուրջ բացթողում է:
ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանից հնչող հայտարարությունները նա որակում է քարոզչական եւ ասում է, որ վերաբերում են բացառապես ԼՂ անկախության ճանաչման խնդրին՝ անտեսելով սահմանների ճշտման եւ փախստականների խնդիրները. «Մեծ հաշվով այդ առումով մենք նախաձեռնությունը հանձնել ենք, տվել ենք միջնորդներին եւ Ադրբեջանին: Տարածքներ առայժմ չենք հանձնել, բայց այս կրավորական մոտեցումը հիմք է ստեղծում այն բանի համար, որ այդպիսի հանձնում հնարավոր կլինի ակնկալել կամ տեսնել ապագայում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել