Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները չեն հասկանում, թե ինչ են ցանկանում ասել

Հունվար 15,2011 00:00

\"\"Երեկ ասուլիսում կարծիք հայտնեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը

Արտաքին քաղաքական տարվա ամփոփմանը նվիրված երեկվա ասուլիսի ընթացքում, «Արմինֆո»-ի խնդրանքով անդրադառնալով Թուրքիայի վարչապետի կարգադրությանը՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը խորհրդանշող հուշարձանն ապամոնտաժելու վերաբերյալ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Երկկողմ հարաբերությունների կարգավորման շինությանը նոր քար ավելացնելու փոխարեն՝ այդ կարգի հայտարարությունները եւ գործողությունները կարող են միայն վնաս հասցնել: Միջազգային հանրությունը չի մոռացել այդ կարգի վերջին հայտարարությունները, եւ սրանց ավելանում է նորը: Միայն կարելի է ափսոսանք հայտնել»:
Panarmenian.net-ը հետաքրքրվեց, թե արդյոք ադրբեջանական կողմի հակազդեցությունը կարո՞ղ է վախեցնել այն մարդկանց, որոնք այցելում են ԼՂ: Ի պատասխան՝ պրն Նալբանդյանը նախ ողջունեց բոլոր նրանց, ովքեր այցելում են Արցախ. «Չնայած նրան, որ ադրբեջանցիներն ասում են՝ մի՛ գնացեք, մի՛ տեսեք, հալած յուղի պես ընդունեք ինչ որ մենք ենք ասում Ղարաբաղի մասին, եւ եթե գնաք՝ persona non grata կհայտարարենք ձեզ: Չնայած անհասկանալի այս մոտեցմանը՝ թե՛ լրագրողներ, թե՛ քաղաքական, թե՛ մշակութային գործիչներ այցելում են Ղարաբաղ, որ տեսնեն իրենց աչքով իրականությունը: Բաքվի այս մոտեցումը միգուցե այդքան էլ անհասկանալի  չէ: Ադրբեջանը փորձում է թաքցնել իրենց սուտը, իրենց կեղծիքը Ղարաբաղի մասին, ԼՂ-ում կատարված իրենց հանցագործությունները: Իսկ ինչո՞ւ չեն թողնում Նախիջեւան գնալ. Նախիջեւանն էլ իրենց հսկողության տակ է գտնվում: Միգուցե որ չտեսնե՞ն ջախջախված, քանդված խաչքարերը, ոչնչացված հայկական մշակութային ժառանգությունը: Այն մեծ, շատ կարեւոր ներկայությունը հայկական մշակութային ժառանգության, որը գոյություն ունի Նախիջեւանում: Միգուցե նրանք, ովքեր այցելեն, հա՞րց տան՝ բա ո՞ւր է այս ժողովուրդը եւ ի՞նչ պատճառով այստեղ չէ: Այս քաղաքականությունը չեմ կարծում, որ հեռատես է եւ կարող է տալ Բաքվի կողմից սպասված արդյունքներ»:
Ասուլիսի ընթացքում էլ ԱԳ նախարարը պնդեց, թե ԼՂ հարցում Հայաստանի եւ միջազգային հանրության մոտեցումները համահունչ են: Հիմնավորումը հետեւյալն էր, թե միջազգային հանրությունն ասում է, որ մշակված սկզբունքներն ամբողջություն են ու «անջատել մեկ սկզբունքը կամ մեկ դրույթը մյուսներից՝ անընդունելի է եւ կխոչընդոտի կարգավորմանը», Հայաստանն ասում է, որ այդ սկզբունքներն ընդունում է իբրեւ բանակցությունների հիմք եւ որպես ամբողջություն. «Նույն կարծիքին ենք, որ չի կարելի առավելություն տալ մեկ սկզբունքը մյուսին կամ մեկ դրույթը մյուսին: Ի՞նչ է ասում Ադրբեջանը: Եթե կարող եք՝ ասեք, թե ինչ է ասում Ադրբեջանը: Կարծում եմ, ադրբեջանցիներն իրենք չեն հասկանում, թե ինչ են ցանկանում ասել: Ասում են՝ «այո բայց», «այո սակայն ոչ», եսիմ ինչ: Այսինքն՝ պարզ պետք է պատասխան տալ՝ այո՞, թե՞ ոչ»:
«ՆՏ»-ի խնդրանքով հայտնելով Հայաստանի դիրքորոշումը ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերստեղծման կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Ոչ միայն Հայաստանը, այլեւ միջնորդները կողմ են այն ձեւաչափի պահպանմանը, որը գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար: Դա Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափն է, ու դրա մասին բազմիցս արտահայտվել են ե՛ւ միջնորդ երկրները, ե՛ւ Հայաստանը: Բոլոր տեսակի փորձերը՝ այս գործընթացը տեղափոխել այլ ձեւաչափեր, այլ հարթություններ, չեմ կարծում, որ կարող են օգուտ տալ: Կարծեմ երեկ էր, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը Ռուսաստանի արտաքին քաղաքականության ներկայացման խոսքում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ասաց, որ գլխավորը վնաս չհասցնել այս գործընթացին: Եվ բոլորն էլ այն կարծիքին են, որ փորձերը տեղափոխել այլ հարթություններ՝ դժվար թե նպաստավոր լինեն այս գործընթացին»:
Նա նաեւ հայտնեց, որ Ռուսաստանի ԱԳ նախարարի նախաձեռնությամբ հունվարի 24-ին Մոսկվայում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարների հանդիպում. «Հնարավոր է, որ մյուս ամսվա սկզբին հանդիպում կայանա նաեւ եռանախագահների հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել