Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

Հունվար 15,2011 00:00

\"\"Իսկ ՀՀ իշխանությունը դրանց դիմագրավելու ընդունակ չէ

Երեկ «Առավոտը» դիմեց Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու, նախկին դիվանագետ եւ ՀՀ ԱԳՆ մամուլի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանին՝ փորձելով պարզել, թե ՀԱԿ-ի դիտարկմամբ, այս տարի արտաքին քաղաքական ոլորտում ինչպիսի՞ մարտահրավերներ կարող են ծառանալ Հայաստանի առջեւ: Ու թեեւ Վլ. Կարապետյանը խոստովանեց, թե՝ դժվար է խոսել ամբողջ տարվա արտաքին քաղաքական մարտահրավերների մասին, այդուհանդերձ, փորձեց այդ համատեքստում որոշակի հիմնախնդիրներ մատնանշել՝ չմոռանալով շեշտել, որ «արտաքին քաղաքականության նպատակը բարենպաստ պայմաններ ստեղծելն է երկրի զարգացման համար, որ Հայաստանը պետք է այնպիսի միջավայր ստեղծի «դրսում», այնպիսի հարաբերություններ հաստատի թե՛ մեր հարեւանների, թե՛ մեր տարածաշրջանում շահագրգիռ խաղացողների հետ, որ դա նպաստավոր լինի մեր ներքին հարցերը կարգավորելու համար»:
Ներկայացնում ենք ՀԱԿ ներկայացուցչի դիտարկումները՝ առանց մեր հարցադրումների:
Լեռնային Ղարաբաղ
Բնականաբար, առաջնային խնդիրը Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների համատեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն է: Հատկապես վերջին շրջանում շատ է խոսվել այս փուլի վերաբերյալ: Ամենաբնորոշիչ գնահատականն այն է, որ, կարծես թե, դադար կա բանակցություններում, եւ դա պայմանավորված է ոչ թե Սերժ Սարգսյանի ցանկությամբ, այլ Իլհամ Ալիեւի նախաձեռնությամբ:
Շատ մեծ մարտահրավեր եմ համարում առաջիկայում սպասվող ԵԱՀԿ Փաստահավաք խմբի՝ ԼՂՀ շրջակա տարածքներում առկա իրավիճակի մասին զեկույցի հրապարակումը: Թեեւ նախնական պայմանավորվածություն կար, որ այն կլինի փակ եւ կներկայացվի միայն Վիեննայում, ԵԱՀԿ-ում՝ մշտական խորհրդում, սակայն օրերս տեղեկություններ ստացվեցին, որ Ադրբեջանը պատրաստվում է այն հրապարակել կամ նույնիսկ տեղափոխել ՄԱԿ-ի օրակարգ: Ես վստահ եմ, որ Ադրբեջանը ամեն ինչ կանի, որպեսզի օգտվի փետրվարի վերջին հրապարակվելիք այդ զեկույցի դրույթներից, որը չի կարող հայանպաստ լինել, առավել եւս, որ Ադրբեջանը այդ տարածքները ներկայացնում է որպես օկուպացված, ինչը միջազգային հանրության կողմից կոնսենսուսային մոտեցում է: Այդ զեկույցի բովանդակությունը եւ դրա հետեւանքները եւս ես մարտահրավեր եմ համարում, որովհետեւ, կարծում եմ, նաեւ դրանով է պայմանավորված այն, որ Ադրբեջանն անցած տարվա դեկտեմբերին ԼՂ հարցի քննարկումը ՄԱԿ-ում հետաձգեց՝ դա պահելով հատուկ այն ժամանակների համար, երբ այս զեկույցը կհրապարակվի, եւ Ադրբեջանը կկարողանա օգտագործել իր համար նպաստավոր դրույթները ՄԱԿ ներկայացվելիք բանաձեւի նախագծում, որը, ի վերջո, նա կօգտագործի նաեւ բանակցություններում: Այս պահին դժվար է ասել, թե ի՞նչ ընթացք կունենան բանակցությունները, եւ թե արդյոք Մադրիդյան փաստաթուղթը, որը հայկական կողմը որպես բանակցությունների հիմք է ընդունում, կլինի՞ հիմնական փաստաթուղթ, որի շուրջ կշարունակվեն բանակցությունները, թե՞ Ադրբեջանը կպնդի ինչ-որ նոր բանաձեւ, որի շուրջ համանախագահներին կառաջարկի վերսկսել բանակցել:
Հայ-թուրքական
հարաբերություններ

Մեզ համար մյուս մարտահրավերը շարունակում են մնալ հայ-թուրքական հարաբերությունները, թեեւ ես որեւէ ակնկալիք չունեմ այս ճակատում: Սերժ Սարգսյանը հաջողացրեց հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ իրավիճակը փակուղի մտցնել: Ի դեպ, դա ինքն էլ էր կանխատեսում, երբ ասում էր՝ եթե այս փուլը հաջողություն չբերի, ապա ավելի դժվարին իրավիճակի մեջ կլինենք: Այդ հարցում նա ճշմարիտ էր, բայց ափսոս, որ ականջալուր չեղավ ընդդիմության գնահատականներին եւ, փաստորեն, կոնկրետ այս հարցում երկիրն արկածախնդրության տարավ: Այս երկու՝ ԼՂ հակամարտության կարգավորման ու հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացների վերաբերյալ էլ մեր՝ ընդդիմության կանխատեսումներն իրականացան, եւ հակառակը՝ իշխանության մոտեցումներն ամբողջությամբ ձախողվեցին, եւ երկու հարցերում էլ որեւէ առաջընթաց չունենք:
Հարեւան երկրներ
Ես կարեւորում եմ նաեւ Հայաստանի հարաբերությունները հարեւան երկրների, մասնավորապես՝ Իրանի եւ Վրաստանի հետ, եւ ուզում եմ շեշտել այն հանգամանքը, որ վերընտրվելուց հետո մեր հարեւան երկրի նախագահ Ահմադինեջադը Հայաստան չի այցելել, թեեւ դա պրակտիկա է, որ վերընտրվելուց հետո պետությունների ղեկավարներն այցելում են հարեւան երկրներ: Առհասարակ այդ երկրի հետ շփումը հիմա տեղի է ունենում ավելի ցածր մակարդակում:
Վրաստանի հետ էլ վերջին շփումը եղել է անցած տարվա փետրվարին, երբ ոչ պաշտոնական, մեկօրյա «տուրիստական» այցով Սերժ Սարգսյանը մեկնեց Բաթում՝ ծանոթանալու այն լայնածավալ շինարարության հետ, որը տեղի է ունենում այդ քաղաքում: Հույս ունեմ, որ Սահակաշվիլիի՝  հունվարին սպասվող այցն ավելի բովանդակալից կլինի եւ, ի վերջո, երկու երկրների հարաբերություններում զարգացման համար նորմալ միջավայր կստեղծի:
Կնշեի նաեւ Հայաստանի առաջնահերթությունները եվրոպական ինտեգրման ուղղությամբ, որտեղ մենք շատ անելիքներ ունենք հենց ներսում: Քանի դեռ մենք ներսում ներքին շատ հարցեր չենք կարգավորել՝ եվրոպական ինտեգրացիայի ուղղությամբ հաջողությունը, իմ դիտարկմամբ, շատ մշուշոտ է, որովհետեւ Հայաստանը չի շտապում կատարել ԵՄ-ի ասոցացման պայմանագրի ստորագրման համար այդ կառույցի կողմից առաջադրված պայմանները, ինչը պարտավորվել էր անել: Այս իմաստով հատկանշական է անցած տարեվերջին ԵՄ ընդարձակման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի կոշտ հայտարարությունը, թե՝ որոշ քաղաքական գործիչներ Հայաստանում միայն խոստումներ են տալիս, թեեւ պետք է գործ անել:
ԵԽԽՎ-Հայաստան
Հայտնի է, որ միջազգային կառույցները գործում են որոշակի ձեւաչափով, որոնց շրջանակներում ասպարեզ բերվող հարցերը շատ հստակ են: Հայաստանի պարագայում, քանի որ մենք գտնվում ենք ԵԽԽՎ մոնիտորինգի տակ, այդ կառույցում Հայաստանի հարցը քննարկելու համար առնվազն պետք է համազեկուցողները այցելած լինեին Հայաստան ու կազմած լինեին զեկույց, որից հետո միայն այն կարող էր ներկայացվել ԵԽԽՎ-ի լիագումար նստաշրջանին: Հայտնի է, որ 2010-ին Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներն այդպես էլ Երեւան չայցելեցին՝ մի շարք պատճառներով: Ու քանի որ չէին այցելել եւ զեկույց չէին պատրաստել՝ Հայաստանի հարցը չէր կարող ԵԽԽՎ-ում ներկայացվել: Հիմա նշանակվել է երկրորդ համազեկուցող, կա նրանց խոստումը՝ փետրվարին Հայաստան այցելելու մասին, որի արդյունքում նրանք պետք է զեկույց պատրաստեն: Այս ամիս Հայաստան է այցելելու նաեւ ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը, որի ներկայացնելիք զեկույցը եւս կարող է ազդել համազեկուցողների երեւանյան այցի, տրամադրության, քննարկումների եւ նրանց զեկույցի բովանդակության վրա: Բայց ֆորմալ առումով համազեկուցողների այցից հետո միայն զեկույցը կարող է ներկայացվել ԵԽԽՎ լիագումար նիստում, եւ, կարծում եմ, շատ կարեւոր է, թե ինչ վիճակում մենք կգտնվենք այդ պահին՝ քաղբանտարկյալների, «Մարտի 1»-ի բացահայտման, ժողովրդավարական ազատությունների իմաստով: Դժվար է կանխատեսումներ անել, որովհետեւ այդ այցերից հետո ծագած բոլոր հարցերը որոշվում են Սերժ Սարգսյանի կաբինետում: Չեմ բացառում, որ նա միջազգային հանրությանը էլի կներկայացնի մի իմիտացիոն քայլ, որը ԵԽԽՎ-ն կարող է գնահատել որպես առաջընթաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել