Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՒԿԱՇԵՆԿՈ՞, ԹԵ՞ ՀԵՌԱՑՈՒՄ

Հունվար 15,2011 00:00

\"\"Ըստ ՀՀ ԳԽ պատգամավոր Գագիկ Հովհաննիսյանի՝ թե Սերժ Սարգսյանի, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի զինակիցների գերակշիռ մասը նրանց համախոհները չեն:

– Նախորդ տարվա ավարտից սկսված նախագահի կադրային փոփոխությունները հույսեր են առաջացնում մարդկանց մոտ: Իսկ քաղաքական որոշ վերլուծաբանների կարծիքով՝ արտահերթ ընտրությունների «հոտ է գալիս», որի արդյունքում  իշխանության կվերադառնա Ռոբերտ Քոչարյանը: Որեւէ հեռանկար տեսնո՞ւմ եք երկրորդ նախագահի վերադարձի:
– Մեր քաղաքական վերլուծաբանությունը, ինչպես շատ ոլորտներ, դեռեւս սիրողական մակարդակի վրա է եւ ավելի շատ հիշեցնում է բախտագուշակություն: Իսկ հազվադեպ պատահող պրոֆեսիոնալ վերլուծությունները շատ դեպքերում միտված են իրականությունը նենգափոխելուն եւ ճշմարտությունը հասարակությունից թաքցնելուն:
Խնդիրն այն է, որ նախագահի քաղաքական ուղեգծի իրականացման հնարավորության եւ իրականացնողների պատրաստականության եւ պատրաստակամության միջեւ գործնականում անհաղթահարելի անջրպետ կա, որը եւ արգելակել ու արգելակելու է փոփոխությունների ընթացքը: Ես կարծում եմ, որ նախագահի զինակիցների գերակշիռ մասը նրա համախոհները չեն, եւ Սերժ Սարգսյանի քաղաքական նպատակների հստակեցմանը զուգընթաց, առավել անթաքույց ու հանդուգն կդառնա քաղաքական սաբոտաժը` այդ նպատակների իրականացման ճանապարհին: Այդ սաբոտաժը կխրախուսվի դրսից, հատկապես մեր ռազմավարական դաշնակցի կողմից: Փորձ կարվի ստեղծել ֆորս-մաժորային իրավիճակ եւ հասնել իշխանափոխության կամ նախագահից հօգուտ Ռուսաստանի առավել մեծ զիջումների կորզման: Ավելի կոնկրետ` հայ-թուրքական եւ Հայաստան-Արեւմուտք ձեւավորվող հարաբերությունների վերջնական ձախողման: Այսինքն՝ ֆորս-մաժորը կաշխատի երկու ուղղությամբ. առաջին՝ Սերժ Սարգսյանից կերտել հայկական Լուկաշենկո կամ Սերժ Սարգսյանին հեռացնել իշխանությունից: Սա աղետալի կլինի Հայաստանի համար: Եվ այս պարագայում  մտածելու բան ունի ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունը, որը աննկատ դառնում է ռուսական տրոյական ձի: Ավելին, դեռ հարց է, թե ում կբերի Ռուսաստանը իշխանության՝ Ռ. Քոչարյանի՞ն, թե՞ Լ. Տեր-Պետրոսյանին, որի զինակիցների գերակշիռ մասը նույնպես նրա համախոհները չեն: Սակայն կարծում եմ, որ ժողովուրդը չի գնա նման արկածախնդրության ու կպաշտպանի Սերժ Սարգսյանին: Այնպես որ, մտածելու բան ունեն ոչ միայն իշխանությունն ու ընդդիմությունը, այլեւ ժողովուրդը:
– Խոսում են, որ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը ինչ-որ փաստաթղթեր է գաղտնազերծելու: Իսկ ընդդիմադիր որոշ գործիչներ «մատ թափ տալով» են խոսում իշխանության հետ, հատկապես վերջին շրջանում: Ի՞նչն է պատճառը:
– Դա ընդամենը քարոզչական տրյուկ է: Փաստաթղթերի գաղտնազերծմանը չպետք է լուրջ վերաբերվել: Դրա մեջ միշտ էլ ավելի շատ շոու կա, քան իրականություն: Եթե այդ փաստաթղթերը վերաբերում են Ղարաբաղին, ապա այդտեղ ամեն ինչ ավելի քան պարզ է, եւ որեւէ անակնկալ չի կարող լինել: Քանի դեռ ռուսական ռազմաբազաները Հայաստանում են, ԼՂ հարցի լուծում չի լինելու, առավել եւս՝ հայանպաստ լուծում չի լինելու: Ավելին, այդ ռազմաբազաները խոչընդոտում են նաեւ Ցեղասպանության ճանաչմանը եւ ոչ միայն ԱՄՆ-ի, նաեւ հետագայում՝ Թուրքիայի կողմից: Մնացածը ինքնախաբեություն է: Որովհետեւ մեր ժողովրդի սոցիալական վիճակից ավելի ծանրակշիռ փաստաթուղթ  Տեր-Պետրոսյանը չի կարող «գաղտնազերծել»: Այդ վիճակը պետք է փոխել եւ փոխել արմատապես, ինչին էլ ուղղված են Ս. Սարգսյանի քայլերը: Հատկապես վերջին շրջանում ձեռնարկած կադրային փոփոխությունները, որոնք չափազանց կարեւոր են բարեփոխումների արագացման, կոռուպցիայի հաղթահարման, սոցիալ-տնտեսական, նաեւ բարոյահոգեբանական խնդիրների լուծման ճանապարհին: Եվ ինչքան բարեփոխումների ուղղությամբ իրականացվող քայլերը շոշափելի դառնան, այնքան ավելի կմեծանա ընդդիմության խուճապը: Դրա վկայությունն է նաեւ մատ թափ տալով խոսելը:
– 2011-ին ինչպիսի՞ն կլինեն արտաքին քաղաքական հնարավոր զարգացումները, որոնք այս կամ այն կերպ կունենան իրենց ազդեցությունը ներքաղաքական իրավիճակի վրա:
– Մի բան հաստատ է, որ Արեւմուտքը կշարունակի արդեն սկսված հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը: Կարծում եմ, որ ղարաբաղյան հարթությունում, հասկանալի պատճառներով, որեւէ փոփոխություն չի լինի: Արտաքին ճակատում, հավանաբար,  չեն լինի իրադարձություններ, որոնք էական ազդեցություն կունենան մեր ներքաղաքական իրավիճակի վրա: Որովհետեւ վերջին քսան տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանը իրականացնում է այնպիսի քաղաքականություն, որը ոչ միայն բխում է մեր ազգային շահերից, այլեւ համահունչ է միջազգային հանրության շահերին: Սա լուրջ տեղաշարժ է մեր քաղաքական մտքի հստակեցման ճանապարհին: Իսկ վերջին երկու-երեք տարիներին արտաքին քաղաքական տիրույթում ունեցած ձեռքբերումները չափազանց ծանրակշիռ ու հեռանկարային են՝ ներքաղաքական կյանքում անկանխատեսելի տեղաշարժեր ունենալու համար: Իսկ լուրջ պայքար պետք է սպասել ոչ այնքան խորհրդարանական, որքան նախագահական ընտրություններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել