Լրահոս
Օրվա լրահոսը

Մի առաջարկություն

Հունվար 14,2011 00:00

Մի քանի տարի առաջ Մոսկվայում էի եւ այցելեցի նաեւ Նիկոլո-Ուգրեշսկի վանքը: Տղամարդկանց այդ վանքը կառուցվել է 1380թ. եւ համարվում է Ռուսաստանի ամենահին վանքերից մեկը: Վանքին կից հիմա բացվել է վերականգնողական կենտրոն, որտեղ որբ եւ անապահով ընտանիքների երեխաներին ցույց է տրվում նյութական օգնություն: Պարզվեց, որ այստեղ գործում է կիրակնօրյա դպրոց՝ 60 սովորողներով, վանքի ապագա սպասավորներով: Սակայն ինձ զարմացրեց ամենից առաջ զինվորների ներկայությունը վանքում եւ շրջապատում: Նրանք մաքրում էին վանքի հրապարակի եւ բակի ձյունը, մասնակցում պատարագի արարողությանը:

Հոգեւոր հայրերի հետ զրույցից տեղեկացա, որ 1992թ. սկսած՝ վանքը վերցրել է Մոսկվայի բարձրագույն հրամանատարական ուսումնարանի շեֆությունը: Կուրսանտները եւ զինվորները պարբերաբար վանք են այցելում, կատարում տարբեր հանձնարարություններ, օգնում վանքի աշխատակիցներին: Թե ինչո՞ւ է հատկապես այս վանքը զբաղվում զինվորների հոգեւոր դաստիարակությամբ, պարզ դարձավ այն բանից հետո, երբ իմացա, որ Կուլիկովյան ճակատամարտի հաղթական ավարտից հետո Դմիտրի Դոնսկոյը հենց այս վանքում է արժանացել զինվորական մեծարանքի: Բացի դրանից, ի պատիվ ռուսական զինվորականների հովանավոր իշխան Ալեքսանդր Նեւսկու, 1994-ից վանքը կրում է նրա անունը: Իհարկե, այս ամենը նպաստում է վերջին տարիներին Ռուսաստանում տեղի ունեցած դրական փոփոխությունների բարելավմանը եւ եկեղեցի-բանակ կապի սերտացմանը: Ինչո՞ւ այս ավանդույթը չի կիրառվում մեր բանակում եւ տարբեր քաղաքներում տեղակայված զորամասերը իրենց մերձակա եկեղեցիների հետ չեն համագործակցում: Չէ՞ որ մեր բանակում նույնպես շատ են հավատացյալ զինվորները, որոնք սիրով կօգնեին հայ եկեղեցու նորոգման, վերականգնման, կառուցապատման եւ այլ աշխատանքներին: Վերջին տարիներին, չգիտես ինչու, մեր եկեղեցու ճեմարանավարտ սպասավորներն էլ չեն ծառայում ազգային բանակում եւ չեն նպաստում հայոց բանակի կայացմանը: Մինչդեռ նրանց շփումները, խորհուրդները, փոխադարձ հարգանքը ոչ միայն կնվազեցնեին բանակում նկատվող անցանկալի երեւույթները, այլեւ կօգնեին զինվորներին՝ ավելի հեշտ տանել զինվորական կյանքի որոշ դժվարություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել