Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՄԲՈՒՐԻ՛Ր ԽԱՉԸ, ՈՐԴՅԱ՛ԿՍ»

Հունվար 14,2011 00:00

Քահանաները վստահեցնում են, որ խաչհամբույրը հակահիգիենիկ չէ, իսկ քահանային փող տալը՝ հարսանիքի «Լիմուզինի» ու թամադայի ծախսի համեմատ, մի մեծ բան չէ:

«Ինչո՞ւ եկեղեցին չի վերացնում եկեղեցու սպասավորների կողմից այս կամ այն արարողություններից հետո 1000 դրամանոց, այսպես կոչված՝ խաչհամբույրի երեւույթը: Իհարկե, դուք կարող եք պնդել, որ դա կատարվում է կամավոր, սակայն երբ ես, բնականաբար, չհամբուրեցի խաչը եւ ոչ էլ մանավանդ գումար գցեցի «քահանայից գանձանակի» մեջ, դուք միայն տեսնեիք քահանայի դեմքի արտահայտությունը: Լավ հովիվին հոտն ինքը կպահի: Եվ, ի վերջո, չէ՞ որ դա բավականին հակահիգիենիկ է»,- այս հարցը www.araratian-tem.am կայքի միջոցով եկեղեցուն է ուղղել մի նամակագիր, որին ի պատասխան՝ Սուրեն դպիր Ներսեսյանն այսպես է արդարացրել քահանաների դրամահավաքը. «Ըստ Պողոս առաքյալի, հավատացյալները, ստանալով իրենց հոգեւոր առաջնորդներից հոգեւոր սնունդ, շատ մեծ բան արած չեն լինի, եթե որոշ չափով հոգան այդ մարդկանց նյութական կարիքները: Մենք գրեթե երբեք չենք մտածում եկեղեցուն կամ հոգեւորականին որեւէ հարցով օգնելու կամ աջակցելու համար՝ միշտ մտածելով, որ դա մեծահարուստների պարտականությունն է: Իսկ երբ, մասնակցելով որեւէ եկեղեցական արարողության, առիթ ենք ունենում մի փոքր գումար նվիրաբերել հոգեւորականին կամ եկեղեցուն, ապա դրան անմիջապես հաջորդում են մեր քննադատությունը, բամբասանքը եւ պոռոտախոսությունը: Միեւնույն ժամանակ, շքեղությունը ապահովելու համար մենք այդ արարողությունների համար մեծ գումարներ ենք ծախսում՝ «Լիմուզին», թամադա, երգիչ՝ շատ հաճախ ցածրակարգ, սակայն բարձր վարձատրվող, եւ այդ առիթով երբեւէ չենք տրտնջում: Ինչ վերաբերում է հիգիենայի հարցերին, ապա խաչհամբույրի խաչը, ինչպես նաեւ Ս. Ավետարանի խաչը արծաթից են պատրաստվում: Իսկ արծաթը, ինչպես հայտնի է, որեւէ մանրէ չի փոխանցում»: Մենք առողջապահության նախարարությունից նույնպես փորձեցինք ճշտել, թե հնարավոր չէ՞ արծաթե խաչը համբուրելով՝ վարակվել: Նախարարությունից հայտնեցին, որ արծաթն իսկապես մանրէասպան հատկություն ունի, բայց եթե վարակակիրը խաչը համբուրի եւ թուքը մնա, թքի միջոցով հնարավոր է մյուսները նույնպես վարակվեն:

Արդեն քանի տարի է՝ Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանը հոգեւորականների մասնակցությամբ պատասխանում է աշխարհի 32 երկրներից ստացված նամակագիրների հարցերին: Մարդիկ, սկսած իրենց վատ ու լավ երազներից, հոր հոգու հանգստությունից, քրոջ գործերի անհաջողությունից մինչեւ այս կամ այն քահանայի մասին բողոքները՝ ազատ գրում են այդ կայքում ու եկեղեցուց պատասխան ստանում: Օրինակ, երբ մարդը տնից դուրս է գալիս ու հանկարծ մտքով անցնում է եկեղեցի մտնել՝ կարող է արգելքի հանդիպել հագուստի պատճառով. մեր եկեղեցին թույլ չի տալիս, ասենք, սպորտային համազգեստով եկեղեցի մտնել, ուստի ստացվում է, որ մարդը պետք է եկեղեցի գնալու համար հատուկ պատրաստվի: Հաճախ սփյուռքահայերին էլ թույլ չեն տալիս մտնել եկեղեցի՝ հագուստի պատճառով: Այս առնչությամբ հարցին ի պատասխան՝ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը նշել է, որ եթե գնում են մի մարդու հետ հանդիպման, որին շատ հարգում ու սիրում են՝ հագնում են լավագույն զգեստները. «Բոլորն էլ հարգում են ռեստորաններ կամ բարեր սպորտային հագուստով մտնելու արգելքը: Առավել եւս եկեղեցի գալուց առաջ եւ Տիրոջ հետ հանդիպելու համար պետք է հոգալ նաեւ հագուստի մասին»:

Հիմա շատ նորաձեւ է դաջվածք անելը, ուստի նորաձեւությանը հետեւող քրիստոնյաները հետաքրքրվել են, թե Աստված արգելո՞ւմ է մարմնի վրա դաջվածքներ անել: Ըստ Սուրեն դպիր Ներսեսյանի, թեեւ մարմնի վրա նկարելը հնուց եկած սովորություն է, սակայն Աստվածաշնչում երբեք այդ մասին ոչինչ չի ասվել. «Բայց եթե Դուք քրիստոնյա եք եւ ձեր մարմինը սուրբ Հոգու տաճար է, ապա կարելի՞ է այդ տաճարի վրա ինչ-որ պատկերներ նկարել: Ընդունելի չէ անգամ մարմնի վրա խաչի դաջվածքը: Խաչի հանդեպ վերաբերմունքը պետք է արտահայտել այլ ձեւերով»:

Հայտնի է, որ Աստվածաշնչում ասվում է՝ մի՛ երդվիր, ուստի մասնագիտությամբ մի բժշկուհի հետաքրքրվել է, թե ճի՞շտ է արել, որ Հիպոկրատի երդում է տվել: Հոգեւորականները պատասխանել են, որ Աստված նկատի է ունեցել չերդվել կենցաղային հարաբերություններում, «լինել այնքան ազնիվ եւ սիրով, որ իրենց այո-ն լինի այո, ոչ-ը՝ ոչ: Սակայն կյանքում լինում են այնպիսի պահեր, երբ մարդ ինչ-որ շատ կարեւոր պարտականություն է ստանձնում, օրինակ՝ դառնում է երկրի նախագահ կամ անցնում զինվորական ծառայության եւ ստանձնում պետության պաշտպանությունը: Այս եւ նման դեպքերում եկեղեցին ընդունում է երդման արարողությունը»:

Նամակագիրներից մեկը, հիշեցնելով, որ Աստվածաշունչը պատվիրում է կուռքեր չպաշտել՝ հարցրել է, թե այդ դեպքում ինչո՞ւ եկեղեցին լի է սրբապատկերներով, չէ՞ որ ոչ ոք չի տեսել իրական Քրիստոսին: Սուրեն դպիր Ներսեսյանի պարզաբանմամբ՝ «Իհարկե, բոլորն էլ գիտեն, որ Աստծուն ոչ ոք չի տեսել եւ Աստված չունի նյութական մարմին, հետեւաբար Աստված աննկարագրելի է: Սակայն տիեզերքի Արարիչ Աստված մարմնացավ եւ մարդացավ: Այդ իրողությունից հետո իհարկե արդեն կարելի է Նրան նկարագրել ոչ միայն բառերով, այլ՝ վրձնով եւ ներկերով: Եթե, ասենք թե, սրբապատկերում պատկերվածը կուռք է, կնշանակի, թե չենք ընդունում, որ Աստված մարդացավ կամ պարզապես Աստծո պատկերը համարում ենք կուռք: Սակայն բոլոր ավանդական եկեղեցիներն ընդունում են, որ սրբապատկերը յուրովի Ավետարան է, քանի որ խոսում է Աստծո մարդացման մասին»:

Հարցին, թե հնարավո՞ր է կինը քավոր դառնա՝ հոգեւորականները պատասխանել են, որ ոչ, քանի որ մայրը եկեղեցին է, որը վերստին ծնում է չկնքված մարդուն եւ կնքվելու համար հայր է պետք:

Զատիկին մարդիկ մեռելներին տարանջատում են «հին ու նորի»: Մինչդեռ, ըստ եկեղեցու, հին ու նոր հանգուցյալ չկա, հոգին տարիք, վախճան չունի, ապրողները մեռելոցին պետք է այցելեն գերեզմանատուն եւ աղոթեն հանգուցյալի հոգու համար՝ անկախ նրանից, թե երբ են հանգուցյալին թաղել:

Ուշագրավ է, որ մարդիկ երբեմն քահանաներին այնպիսի հարցեր են տալիս, որոնք ավելի շուտ պետք է ուղղեին հոգեթերապեւտ Ցոլակ Հակոբյանին: Օրինակ, մեկը գրել է. «Ես մարդկանցից վախենում եմ, քանի որ մի անգամ ինձ վրա հարձակվել է մի երիտասարդ: Այդ դեպքից հետո շատ վատ եմ զգում, մարմինս թուլացած է, անտրամադիր եմ: Ի՞նչ անեմ»: Վաղինակ սարկավագ Հովհաննիսյանն էլ պատասխանել է ճիշտ Ց. Հակոբյանի պես. «Դուք թույլ եւ անպաշտպան եք զգում, որովհետեւ ինքնավստահ չեք: Նայեք ձեզ շրջապատող մարդկանց, ունեք ծնողներ, քույրեր եւ եղբայրներ, ընկերներ, որոնք սիրում են ձեզ, շփվեք, խոսեք նրանց հետ, զբաղվեք հետաքրքիր, հաճելի գործերով եւ մոռացեք այն, ինչը ձեզ ցավ ու անհանգստություն է պատճառել: Չէ՞ որ կյանքը շարունակվում է, եւ ապագան առջեւում է: Հաճախ ժպտացեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել