Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնցքամարտը եւ գլխուղեղը

Հունվար 14,2011 00:00

\"\"Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ բռնցքամարտը  զարգացող օրգանիզմի համար

2002 թ. աշնանը մի հեռուստահաղորդման ժամանակ ահա թե ինչ պատմեց օպերային երգիչ Տիգրան Լեւոնյանը:

Երիտասարդ ժամանակ մի օր գնացի Արման Կոթիկյանի մոտ, որը ինձ հարցրեց.

– Ի՞նչ կերազես …

– Կերազեմ Սիրանո դը Բերժերակ խաղալ:

– Բայց դրա համար տաղանդավոր լինելը քիչ է, պիտի նաեւ մեծ քիթ ունենաս:

– Կգնամ բռնցքամարտի, այնքան կխփեն քթիս, որ կմեծանա:

– Այդ ժամանակ էլ խելքդ կպզտիկնա,- պատասխանեց մեծ դերասանը:

Մարդու օրգանիզմի, հատկապես գլխուղեղի զարգացումը, սկսվելով ներարգանդային կյանքում, ավարտին է հասնում 20-23 տարեկան հասակում: Այդ ընթացքում ուղեղի վրա ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդած յուրաքանչյուր վնասակար գործոն կարող է բացասաբար անդրադառնալ այդ կարեւոր օրգանի բնականոն զարգացման, ուստի եւ գործունեության վրա: Այդպիսի վնասակար գործոններից են գլխուղեղի փակ վնասումները եւ դրանց հաճախակի կրկնությունները: Այդ իմաստով վտանգավոր են հատկապես բռնցքամարտի ժամանակ առաջացող գլխուղեղի տարբեր աստիճանի փակ վնասումները, քանի որ ծնոտին, դեմքին, ճակատին, քունքին հասցված ուժեղ հարվածից «նոկաուտ» կամ «նոկդաուն» ստանալու ժամանակ առաջացող մի քանի վայրկյանից մինչեւ մի քանի րոպե տեւող գիտակցության մթագնումը կամ կորուստը որոշակի աստիճանի ուղեղի ցնցում է, ինչը, որպես կանոն, ուղեկցվում է գլխուղեղի (առավելապես՝ ճակատային բլթերի) որեւէ հատվածի արյունազեղումով, արյան շրջանառության խանգարումով եւ գլխուղեղի բջիջների մեռուկացումով: Դա հետագայում հանգեցնում է ինտելեկտի (հիշողության, տրամաբանության, դատողության եւ այլն) աստիճանական իջեցմանը:

«Նոկաուտ» ստացած բռնցքամարտիկը ենթակա է անհապաղ հոսպիտալացման, առնվագն 10-14 օր տեւողությամբ ստացիոնար բուժման եւ անկողնային ռեժիմի: Գլխացավը, գլխապտույտը, սրտխառնուքը եւ մյուս հիվանդագին երեւույթները շարունակվելու դեպքում ստացիոնար բուժումն ու անկողնային ռեժիմը երկարաձգվում են:

Գլխուղեղային ծանր վնասվածք ստացած մարզիկներին թույլատրվում է վերսկսել մարզումները առնվազն 6 ամիս ընդմիջում եւ բուժում ստանալուց հետո՝ դրանով իսկ հնարավորություն տալով վերականգնելու գլխուղեղի վնասված հատվածի արյան շրջանառությունը:

Գլխուղեղին հասցված հարվածներից հաճախակի առաջացած փակ վնասումները բացասաբար են ազդում նաեւ պատանու դեռեւս լրիվ չկազմավորված կենտրոնական նյարդային համակարգի վրա:

Երեխայի կամ պատանու գլխուղեղի փակ վնասումը կարող է պատճառ դառնալ հոգեկան եւ նյարդային այնպիսի ծանր հիվանդությունների առաջացման համար, ինչպիսիք են հոգեհյուծումը, ուղեղախտը, ընկնավորությունը, հոգեգարությունը, թուլամտությունը, որոնք, ցավոք, շատ դժվար են բուժվում կամ չեն բուժվում ընդհանրապես:

Բռնցքամարտիկների՝ գլխի վնասվածքից հետո զարգացող հիվանդության ախտածագումն ուսումնասիրած Մարտլենդի նկարագրությունը խոսում է ուղեղի խորը հատվածների ախտահարման մասին: Վնասումային հոգեգարությունն ու վնասումային ուղեղախտն ուսումնասիրած մասնագետը դիտարկել է խոսքի խանգարում, շարժումների դժվարացում, ձայնի եւ ձեռքերի ղող, դիմականման դեմք: Իսկ հոգեկան խանգարումներից՝ ուշադրության, երբեմն՝ մտավոր կարողությունների նվազում, տրամաբանական մտածողության բացակայություն, որը հեղինակը կապում է կրկնվող մանր արյունազեղումների, գլխուղեղի խորը հատվածների մեռուկացումների եւ դրանց հետագա սպիացումների հետ:

Ուղեղի այս փոփոխությունները կարող են պատճառ դառնալ կենտրոնական նյարդային համակարգության կողմից ղեկավարվող ներքին օրգանների գործունեության տարաբնույթ խանգարումների:

Սա պետք է լավ գիտակցեն ծնողները, որոնց մեծ մասը, ցավոք, պատկերացում չունի «սպորտային տրավմատիզմ» հասկացության եւ դրանից բխող ծանր, հաճախ՝ ողբերգական հետեւանքների մասին: Մինչեւ երեխայի համար մարզաձեւ ընտրելը, պետք է անպայման հաշվի առնել նրա առողջական վիճակը, մարզական կարողությունները եւ մարզական հնարավոր անհաջողությունները: Չէ՞ որ մարզական աստղը փայլատակում է եզակի անհատների համար: Իսկ ի՞նչ ճակատագիր են ունենում Օլիմպոսի ստորոտում մնացած հազարավոր մարզիկները:

Ինչպես Լաֆարգն է ասում. «Մարմնական ուժը եղել է հոմերոսյան դարաշրջանի նահապետական հերոսների ամենաառաջին առաքինությունը»:

Իսկ մեր փոքրաքանակ ազգին ոչ թե գլադիատորներ, այլ պայծառ գլուխներ են հարկավոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել