Հույս է տալիս աստղաբանը
2011-ը բարդ եւ կտրուկ փոփոխությունների տարի է լինելու հայ հասարակության համար: Երեկվա ասուլիսում ասաց աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը:
Ըստ նրա կանխատեսումների, 2011թ. առաջին երկու ամիսը դժվարությունների շրջան է լինելու. «Բարդությունները պայմանավորված են Սատուրն մոլորակի` Կշեռքի համաստեղությունում գտնվելով: Դա նշանակում է՝ ողջ տարին լինելու է Սատուրն մոլորակի եւ Կշեռքի համաստեղության ազդեցության ներքո»: Աստղաբանը նշեց, որ բոլոր մոլորակներն էլ աչքի են ընկնելու իրենց ազդեցությամբ: Գ. Հովհաննսիյանը նկատեց, որ մոլորակների ակտիվությունը վտանգ չի ներկայացնում. «Մոլորակները երբեք ոչ մի հիվանդություն, դժբախտություն չեն ուղարկում: Այն ամենը, ինչ կատարվում է մարդու կյանքում, մենք ենք անում: Մոլորակների վրա բարդել ամեն բան՝ սխալ է եւ անգրագետ: Օրինակ, Սատուրնի` Կշեռքի համաստեղության մեջ գտնվելը տատանողական մեծ խնդիրներ է ստեղծելու: Սատուրնի շարժումը որոշելով, կարող ենք շատ խնդիրներ կանխատեսել»:
Անդրադառնալով սպասվող փոփոխություններին, աստղաբանն ասաց. «Դրանք հիմնականում լինելու են ֆինանսական եւ բանկային համակարգերում: Փոփոխվելու է ողջ երկրագունդը, մտածողությունը: Օրինակ, հունվարի 20-ից մինչեւ փետրվարի 19-ը անկանխատեսելի ժամանակահատված է քաղաքական գործիչների, ֆինանսական գործունեությամբ զբաղվողների համար»:
Գ. Հովհաննիսյանը զգուշացնում է, որ ամենաբարդը փետրվարն է լինելու. «Փետրվարի 15- 28-ն ընկած ժամանակահատվածը վտանգավոր է իրավաբանական եւ հասարակական կազմակերպությունների, արտադրական ֆիրմաների ու կապի ոլորտի մասնագետների համար: Խորհուրդ եմ տալիս ոլորտի ներկայացուցիչներին՝ ավելի աչալուրջ լինել, որպեսզի սխալներ թույլ չտան»:
Ինչ վերաբերում է մարտ ամսին, մասնագետի հավաստմամբ. «Այս շրջանում կուժեղանան բնական կատակլիզմները: Հարվածի տակ կլինեն բանկերն ու երկաթգծերը: Ապրիլը դատարանների, կրոնական հաստատությունների եւ բուհերի համար տատանողական կլինի»:
Քաղաքական կյանքի «մասով» էլ աստղաբանն ասաց. «Քաղաքական փոփոխությունները նույնպես կարող են շատ կտրուկ լինել, սակայն տարին ընդհանրապես քաղաքական առումով հանդարտ է անցնելու»: Գ. Հովհաննիսյանը հայ քաղաքական գործիչներին խորհուրդ է տալիս օգտվել աստղաբանական գիտելիքներից: Նա ընդգծեց, որ նույնիսկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Կրեմլում 5 աստղաբան է պահում:
«Նման կանխատեսումները միշտ էլ ընդունված են եղել: Ժամանակին աստղաբան Սերգեյ Վրոնսկին էլ աշխատում էր խորհրդային ղեկավարներից Անդրոպովի անմիջական հովանու ներքո»,- նշեց բանախոսը:
Ինչ վերաբերում է հայ ժողովրդին, նրա խոսքով, ներկա պահին ուրախանալու ոչ մի առիթ չկա. «Դրա համար հայ հասարակությանը խորհուրդ եմ տալիս վերադառնալ մեր արմատներին, վերանայել մեր գործողությունները»:
Խոսելով 2012 թ. աշխարհի կործանման լուրերի մասին, աստղաբանը նշեց. «Վախենալու ոչ մի առիթ չկա, ուղղակի Երկիր մոլորակի մագնիսական դաշտը սկսվել է կտրուկ փոխվել: Սա ակնառու երեւում է կենդանիների պահվածքից: Այդ փոփոխությունն ազդում է նաեւ մարդու հոգեբանության վրա եւ կարող է մասսայական հիստերիա առաջացնել… »: