Մարո Մարգարյանի եւ Անահիտ Բայանդուրի հիշատակին
Անձնական ծանոթությունս Մարո Մարգարյանի հետ կայացավ դպրոցն ավարտելուց հետո, երբ համալսարանի բանասիրականը ընդունվելու համար քննություններ էի հանձնում եւ մնում էի «Սեւան» հյուրանոցում: Երջանիկ պատահականությամբ այդ նույն սենյակում տեղավորեցին էստոնացի բանաստեղծուհի, հայագետ, Տարտուի համալսարանի պրոֆեսոր Այրա Կաալին:
Պարզվեց, որ նա ամեն տարի Հայաստան է այցելում, թարգմանություններ կատարում հայ բանաստեղծներից եւ հանգստանում Սեւանի գրողների հանգստյան տանը: Մի օր տիկին Կաալը ինձ հրավիրեց մասնակցելու հայ-էստոնական գրական կապերին նվիրված մի միջոցառման, ուր նա պետք է զեկուցում կարդար: Միասին գնացինք գրողների տուն: Ես հուզված շուրջս էի նայում, իսկ ինձ հրավիրողը՝ մի պահ տարված կարեւոր զրույցով, մոռացել էր Մարգարյանի հետ ծանոթացնելու իր խոստումը եւ մենակ էր ինձ թողել:
Շփոթահար շուրջս էի դիտում, երբ ինձ մոտեցավ ժպտադեմ մի կին եւ հարցրեց.
– Ո՞վ է այս աղջնակը եւ ինչո՞ւ է մենակ մնացել:
Մինչ ես բառեր էի փնտրում պատասխանի համար, արագ մեզ մոտեցավ Այրա Կաալը եւ, տեսնելով կողքիս կանգնած կնոջը, ասաց.
– Մարո ջան, նա իմ հյուրանոցի ընկերուհին է, քո ջերմ երկրպագուն, ծանոթացեք:
Մեր զրույցը անմիջապես կայացավ: Տիկին Մարոն իմացավ, որ ես Մեղրիից եմ, շատ եմ սիրում իր գրածները, ապագա բանասեր եմ եւ շատ եմ վախենում բուհ չընդունվելուց:
– Ամեն ինչ լավ կլինի, վստահ գնա քննությունների, անհաջողություններից մի վախեցիր եւ հիշիր, որ կյանքում կարեւորը լավ գիտելիքներ ունենալն է: Եթե դժվարությունների հանդիպես՝ զանգիր կամ այցելիր ինձ:
Նա տվեց իր հեռախոսահամարները, բայց ես այդպես էլ նրան չհանդիպեցի մինչեւ 1979թ., երբ սկսեցի աշխատել Աբովյան քաղաքի Գրքասերների ընկերությունում եւ շրջանի համարյա բոլոր գյուղերում պարբերաբար հանդիպումներ էի կազմակերպում հանրապետության անվանի գործիչների հետ: Շատ էի ուզում, որ Գառնի գյուղի գրքասերների հանդիպմանը ներկա գտնվեն իմ սիրելի գրողները՝ Համո Սահյանը, Վահագն Դավթյանը եւ Մարո Մարգարյանը: Ցավոք, Սահյանը քաղաքից բացակայում էր, եւ ես անմիջապես գնացի Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտե: Միջանցքում առաջինը հանդիպեցի Մարգարյանին: Մոտեցա, ներկայացա, հիշեցրի մեր առաջին հանդիպման դրվագները: Նա անմիջապես հիշեց, իմացավ գալուս նպատակը եւ ինձ ուղեկցեց Վահագն Դավթյանի մոտ, խնդրելով չմերժել: Դավթյանը ճշտեց օրը, ժամը, իսկ տիկին Մարոն հավելեց.
– Մենք միասին կգանք, Վահագնը կխոսի, իսկ մենք կլսենք, ես խոսել չեմ սիրում:
Ես նաեւ շնորհավորեցի նրան՝ 2 օր առաջ «Գրական թերթում» տպագրված բանաստեղծական շարքի համար եւ ասացի, որ դրանք այնքան նուրբ եւ քնքուշ են, ինչպես մանկությանս տարիներին կարդացածներս: Նա շիկնեց, ժպտաց եւ ասաց.
– Ճիշտ ես, շատերն են զանգել եւ նույնը ասել, բանաստեղծական այսքան գրքերի հեղինակ եմ, բայց երեխայի պես ուրախացել եմ, երբ դեռ մարդիկ հավանում են իմ նոր գրածները:
Հրաժեշտի պահին հանեցի նոթատետրս՝ բանաստեղծուհու նոր հեռախոսահամարը գրելու եւ պայուսակիցս թափվեցին այն նկարները, որոնց հեղինակը՝ Սերգեյ Ռուբինյանը, 16-ամյա մի պատանի, իմ աջակցությամբ այդ օրերին Աբովյանում իր առաջին ցուցահանդեսն էր բացել: Ես թերթի համար հոդված էի գրել եւ բերել էի նրա նկարները, որոնք հետաքրքրեցին բանաստեղծուհուն: Ուշադիր դիտեց նկարները, ընտրեց երեք նկար եւ ասաց.
– Իմ ամուսինը՝ Սարգիս Բայանդուրը, «Սովետական արվեստ» ամսագրի խմբագիրն է: Ես նրան կխնդրեմ, որ այս տաղանդավոր տղայի նկարները տպագրվեն: Եթե բանվորի որդի է՝ օգնել է պետք:
Մեր մտերմությունը Մարո Մարգարյանի հետ շարունակվեց մինչեւ 1999 թ., այն չարաբաստիկ տարին, երբ ես վերադարձել էի Մեղրիից հուսաբեկ եւ վշտահար՝ շատ ծանր տանելով մայրիկիս կորուստը: Հիշեցի, որ ոչ ոք չի կարող ինձ ավելի լավ սփոփել, քան իմ սիրելի բանաստեղծուհին: Պատրաստվում էի կիրակի օրը նրան այցելել, երբ ռադիոյով անսպասելիորեն գուժեցին նրա մահվան լուրը: Նախ ցնցվեցի, ապա հիշեցի, որ դեռեւս տարիներ առաջ, երբ Գրողների միությունը պատրաստվում էր նշել Մարո Մարգարյանի ծննդյան 75-80-ամյակները, հոբելյանների նախօրեին ես միշտ դիմում էի նրան եւ խնդրում պատասխանել գոնե մի քանի հարցի, որ անհրաժեշտ էր հարցազրույցի համար: Նա, ինչպես միշտ, մեղմորեն ժպտում էր, հրաժարվում՝ ասելով.
– Դու գիտես, որ ես խոսել չեմ սիրում բեմերից, ինձ ներկայացնել չգիտեմ, հանդիսություններից խուսափում եմ: Ով սիրում է իմ պոեզիան, թող կարդա իմ գրքերը: Իսկ դու, եթե այդքան շատ ես ուզում գրել իմ մասին, կանես դա մահիցս հետո…
Այս բառերը ավելի քան երկու տասնամյակի վաղեմություն ունեն, բայց միշտ հիշում եմ եւ արդեն երեք հոդված եմ գրել նրա մասին՝ հեռակա հարցազրույցների տեսքով: Այս վերջինը հարգանքի տուրք է՝ նվիրված սիրելի բանաստեղծուհու, բարի, համեստ, շիտակ անհատականության ծննդյան 95-ամյակին, որը լրացավ վերջերս:
Մինչ այս հոդվածը պատրաստվում էր տպագրության, կյանքից անսպասելի հեռացավ սիրված բանաստեղծուհու դուստրը՝ Անահիտ Բայանդուրը: Սովորաբար, իր մայրիկի մասին գրած իմ ցանկացած հոդվածից հետո նա զանգում էր ինձ եւ իր կենսախինդ ձայնով շնորհակալություն հայտնում…