ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պահանջել է ստուգել պետպաշտոնյաների եկամուտների մասին հայտարարագրերը: Նա Հարկային պետական ծառայությանն ու Գլխավոր դատախազությանը հանձնարարել է զբաղվել այդ հարցով: «Երեք ամիս ժամանակ եմ տալիս այս տարվա հայտարարագրային արշավն ավարտելու համար, ու որպեսզի մենք իմանանք՝ ով ինչ է խախտել»,- «Ինտերֆաքսի» մատուցմամբ, ասել է Մեդվեդեւը կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի ժամանակ:
Նա նաեւ շեշտել է, թե սպասում է հայտարարագրում ոչ ճիշտ տվյալների համար պատասխանատվություն սահմանելու առաջարկների՝ հատկապես Մոսկվայի մասով: Մեդվեդեւը կոչ է արել ուժեղացնել հասարակության դերը կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում: Այդպիսի պայքարի արդյունավետության մասին կարծիքներ իմանալու համար Ռուսաստանի առաջնորդը բավարար է համարել «նայել ինտերնետը, որտեղ ամենատարբեր ձեւերով նկարագրվում են տարատեսակ կոռուպցիոն սխեմաներն ու հանցագործությունները: Դա չի նշանակում, որ այնտեղ ամեն ինչ ճիշտ է ներկայացված, բայց գնահատականներ տրվում են»: