Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՋԻԿՍՏԱՆԸ ԻՐ ՏԱՐԱԾՔԻ ՄԻ ՄԱՍԸ ՀԱՆՁՆԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆԻՆ

Հունվար 14,2011 00:00

Տաջիկստանն իր տարածքի 1000 քառակուսի կիլոմետրը հանձնել է Չինաստանին։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն՝ վկայակոչելով «Ասիա պլյուս» լրատվական գործակալությունը: Հունվարի 12-ին երկրի խորհրդարանում բուռն քննարկումներ են ծավալվել Տաջիկստանի եւ Չինաստանի միջեւ սահմանը որոշող (դեմարկացիայի) արձանագրությունը վավերացնելու շուրջ։ Արձանագրությունը օրենսդիրներին է ներկայացրել Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Համրոխոն Զարիֆին: Նա նշել է, որ արձանագրության վավերացումը քաղաքական կարեւոր իրադարձություն է եւ կնպաստի «հզոր հարեւանի» հետ Տաջիկստանի հարաբերությունների հետագա զարգացմանը։

Ներկայացնելով հարցի նախապատմությունը, նա ասել է, որ ցարական Ռուսաստանի, հետո՝ ԽՍՀՄ-ի, ապա՝ անկախ Տաջիկստանի ու Չինաստանի միջեւ տարածքային վեճը սկսվել է դեռ 19-րդ դարի երկրորդ կեսից։

«Վիճելի տարածքները ընդգրկում էին 28,5 հազար քառակուսի կիլոմետր տարածք, որը կազմում է մեր երկրի մոտավորապես 20%-ը։ Ստորագրված արձանագրությամբ այդ վիճարկելի տարածքներից Չինաստանին է անցնում շուրջ 3%-ը՝ մոտավորապես 1000 քառակուսի կիլոմետր տարածք, եւ ես գտնում եմ, որ այս արձանագրության ստորագրումը Տաջիկստանի դիվանագիտության մեծ հաղթանակն է»,- հայտարարել է Համրոխոն Զարիֆին։

Մինչդեռ Տաջիկստանի ընդդիմադիր Իսլամական վերածննդի կուսակցության առաջնորդ Մուխիդին Կաբիրին բոլորովին համաձայն չէր, որ դա մեծ հաղթանակ է։ Նա հայտարարել է, որ այդ արձանագրության վավերացումը հակասում է երկրի Սահմանադրությանը, ուր ամրագրված է, որ պետության տարածքը ամբողջական է ու անբաժան։ «Այս արձանագրությունը վավերացնելուց հետո 1000 քառակուսի կիլոմետրը կանցնի Չինաստանի տնօրինությանը, եւ դա Տաջիկստանի դիվանագիտության պարտությունն է»,- հայտարարել է նա: Տաջիկստանի կոմունիստների առաջնորդ Շոդի Շաբդոլոեւը իր ելույթում ասել է, թե Տաջիկստանի կառավարության հիմնական սխալն այն էր, որ արձանագրության ստորագրումը թափանցիկ գործընթացով տեղի չի ունեցել: «Ոչ մեկը բավարար տեղեկատվություն չուներ, հասարակության մեջ լուրեր էին շրջանառվում, թե Տաջիկստանից հսկայական տարածքներ են անցնում Չինաստանին։ Բայց այսօրվա իր ելույթում Համրոխոն Զարիֆին շատ հարցերի պատասխան տվեց»,- ասել է կոմունիստ պատգամավորը՝ նշելով, որ արձանագրության վավերացումը վերջ կդնի Չինաստանի հետ 130 տարվա վիճաբանությանը։

Նրա ելութից հետո էլ Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատը ձայների մեծամասնությամբ վավերացրել է արձանագրությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել