Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեն խոչընդոտել է երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երկու նախկին ընդդիմախոս թեկնածուների հարազատներին՝ մեկնել Վարշավա՝ մասնակցելու Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Ենթադրաբար հատուկ ծառայություններին պատկանող մեքենաները օրերս հետապնդել են այն մեքենային, որում եղել է «Հանուն՝ ազատության» շարժման ակտիվիստ Յուրաս Գուբարեւիչը, որը փորձել է Լեհաստան ուղեկցել Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Ալեսյա Միխալեւիչի կնոջը՝ Միլանային ու նրանց մեկամյա երեխային: Ընդդիմադիր գործչի կինը մեկնում էր Լեհաստան՝ մասնակցելու այդ երկրի խորհրդարանի նախաձեռնությամբ Բելառուսում ստեղծված իրավիճակի քննարկմանը: Միլանան Լեհաստան մեկնելուց առաջ տարօրինակ զանգ էր ստացել ՊԱԿ-ի մեկուսարանում պահվող իր ամուսնուց, որը նրան տարօրինակ տոնով հրահանգել էր «պահել իրեն ինչպես հարկն է» եւ Եվրոպա չմեկնել: Ընդդիմադիր թեկնածուի կինը Լեհաստան պետք է մեկներ գնացքով, բայց մեկնումից մի քանի ժամ առաջ ՊԱԿ-ի 5 աշխատակիցներ նրա բնակարան էին եկել հերթական անգամ խուզարկություն կատարելու նպատակով եւ առգրավել էին հիմնականում փաստաթղթեր, նոթատետրեր, վկայականներ եւ այլն: Այդ «արարողությունը» Յուրաս Գուբարեւիչի գնահատմամբ արվել էր ժամանակ ձգելու եւ նախագահի թեկնածուի կնոջ մեկնումը Լեհաստան ուշացնելու եւ հետաբար՝ այն անհնարին դարձնելու համար: Այդուհանդերձ, Լեհաստան մեկնելու փորձ արվել էր ավտոմեքենայով, բայց ՊԱԿ-ի աշխատակիցները մեքենան կանգնեցրել էին եւ ցույց տալով իրենց վկայականները՝ նախագահի թեկնածուի կնոջը հրավիրել էին ՊԱԿ՝ զրուցելու համար: Արդյունքում Միլանա Միխալեւիչին արգելվել էր Բելառուսը լքել՝ մինչեւ նրա ամուսնու գործի դատաքննության ավարտը:
Նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Ռիմաշեւսկու նախընտրական շտաբի ղեկավար, կալանքի տակ գտնվող Պավել Սեվերինեցի մորը՝ Տատյանա Սեվերինեցին, ՊԱԿ-ի աշխատակիցները ձերբակալել էին Վարշավա մեկնելուց մեկ ժամ առաջ եւ բերման էին ենթարկել «անհետաձգելի» հարցաքննության պատրվակով: Հարցաքննությունը տեւել էր ավելի քան մեկուկես ժամ: Նրանից վերցրել էին անձնագիրը եւ չէին վերադարձրել:
Բելառուսում նախագահական ընտրություններից հետո տեղի ունցող զարգացումները շարունակում են մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: «Բելառուսի իշխանություններն ընդամենը մի քանի օր ունեն բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար»,- «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, չորեքշաբթի օրը Եվրոպական խորհրդարանում կայացած լսումների ժամանակ հայտարարել է Եվրամիության ընդարձակման գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
«Մեր ուղերձը Մինսկին հստակ է. Բելառուսն անհապաղ պետք է ազատ արձակի բոլոր ազատազրկվածներին եւ վերջ տա ժողովրդավարական ուժերի հալածանքներին: Միայն այդ դեպքում Բելառուսը կկարողանա խուսափել պատժամիջոցներից: Այս քայլի համար սահմանված վերջնաժամկետը ոչ թե շաբաթներով է հաշվարկվում, այլ ժամերով ու օրերով»,- ասել է եվրոպացի պաշտոնյան:
Եվրախորհրդարանում կայացած այս քննարկումներին մասնակցել են նաեւ բելառուսական ընդդիմության ներկայացուցիչները, որոնց համոզմամբ՝ երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյից զիջումներ կորզելու միակ գործուն ձեւը պատժամիջոցներն են: